Գնացքի երկաթգծերն այս եղանակին այնքան գրավիչ են։ Երկու կողմերից, նույնիսկ մեջտեղի հորիզոնակնների արանքներից շատ֊շատ երիցուկներ կան։ Շա՜տ, անչափ շա՜տ սպիտակ աստղիկներ կան։ Իսկ նա սիրում էր քայլել հենց մեջտեղի հորիզոնականներով՝ սպիտակ կոշիկներով։ Այժմ հագին ամենակաթնագույն զգեստն էր ու ամենաճերմակ գուլպաները։ Կարճ, ուսերին իջնող մազերից մի փունջ հետ էր տարել ու ամրացրել սպիտակ ժապավենով։ Արևը դեռ չէր լքել երկիրը, դեռ մի քանի րոպե էլ ու կվարդագունի երկինքը։ Աղջկա այտերի փոսիկները արևներով էին լցված՝ ջերմություն կար, շա՜տ ջերմություն ժպիտում։ Առանց շտապելու սպիտակ կոշիկներով թխկթխկացնում էր երկաթներին ու քայլում։ Մի պահ կանգնեց, մի քանի երիցուկի պոկեց, ամուր պահեց ձեռքերում, ժպտաց ու առաջ քայլեց։
Այսօր մի աստղիկ էլ կար հազարավորների արանքում։ Քայլերն արագացրեց ու ժպիտով, մի ձեռքով ինչ֊որ մեկին բարևեց՝ երիցուկները ձախով սրտին ավելի մոտ պահելով։ Նա ժպտաց, ժպտացին և իրեն։ Դիմացից քայլում էր մի տղա։ Ամենահասարակ, բայց ամենահամապատասխան շորերով էր՝ կաթնագույն վերնաշապիկը բավական էր համապատասխանելու համար։ Վերնաշապիկի թևքերը մինչև արմունկները ծալված էին։ Ձախով ամուր պահել էր սպիտակ ժապավենով կապված երիցուկների փունջ։ Աչքերը խորն էին՝ անթափանց խորը, խեղդվելու չափ խորը։ Ժպիտը շուրթերի ծայրերին փոսիկներ էր առաջացնում։ Երկու արևի մասնիկ արագացրած քայլերով հասան իրար ու կանգնեցին դեմ֊դիմաց։ Անվերջ ժպիտներով, չկշտացած աչքերով իրար նայեցին։ Աչքերով խոսեցին, ժպիտով գրկեցին։ Արևն այնպիսի լուսավորություն էր ստեղծել, որ կողքից միայն երկուսի ստվերները կտեսնեիր, իսկ իրենք իրար՝ ամբողջովին։
֊Լռելո՞ւ ենք։
֊Ուզո՞ւմ ես փչացնել ամենասիրունիս ուսումնասիրությունները։
Ամաչկոտ ժպտաց, կախեց գլուխն ու վարդագունեց։ Տղան առաջին անգամ հրաշք տեսածի ժպիտով շարունակ ուսումնասիրում էր՝ սիրում էր։ Աղջիկը կտրուկ սկսեց նայել մեկ աչքերին, մեկ ձեռքի մի քանի հատիկ երիցուկին։ Վարդագունած այտերով զգուշորեն տեղավորեց դրանք վերնաշապիկի գրպանում՝ սրտի գրպանում։ Ժպտաց, ձեռքը դրեց գրպանին, սրտի մոտերքում մի տեղ, ու խոսեց.
֊ Ու եթե մի օր մարդիկ քեզանից պահանջեն իմ սերը, կասես որ կորցրել ես։ Կասես, որ շատ փոքր էր, ընկել է սրտիդ գրպանից։ Բայց իրականում ամուր կապերով պահած կլինես գրպանիդ ամենախորը ծալքերի արանքում՝ բոլորից թաքուն, բոլորին անտես։ Ու միայն ես կիմանամ իմ թաքցրած սիրո տեղը, ու միայն ես կունենամ գրպանիդ ձեռք տալու հնարավորություն։ Միայն ինձ կժպտաս, երբ սերս ներսից խուտուտ տա, երբ ժպիտդ չկարողանաս վերահսկել։
Նրբությամբ լցվեց տղայի ներսը։ Զգաց, որ աղջկա ձեռքը զգում է սրտի ցանկացած զարկ։ Ժպտաց սեփական մտքերից։ Հետո մեկնեց երիցուկների փունջը, բռնեց ձեռքն ու ասաց.
֊ Ու եթե մի օր մարդիկ քեզանից պահանջեն իմ սերը, կասես որ դա քոնն է։ Կասես այնքան մեծ էր, որ սրտիդ գրպանում չտեղավորվեց ձեռքերում բռնած ես պահում՝ ժապավենով փաթաթած։ Ու բոլորը կտեսնեն, թե սերն ինչքան կարող է լինել։ Դու դա երբեք ցած չես դնի։ Մի ձեռքումդ սրտիս սերը կլինի, մյուսը՝ սրտիս վրա։
֊Որքա՞ն ես սիրում։
֊Երիցուկների չափ։
֊Նվիրածդ երիցուկների՞։
֊Չէէ՜, աշխարհի բոլոր երիցուկներից շատ՝ սրտիս երիցուկների չափ։
Նորից վարդագունեց։ Սկզբից երիցուկների փունջը սրտին սեղմեց, հետո զգաց, որ իրեն սեղմեցին սրտի երիցուկներին...
ВЫ ЧИТАЕТЕ
Սրտիս երիցուկների...
Teen Fiction֊Նվիրածդ երիցուկների՞։ ֊Չէ՜, աշխարհի բոլոր երիցուկներից շատ՝ սրտիս երիցուկների չափ։