ՄԱՍ [1/1]

87 6 3
                                    

(Խորհուրդ կտամ սա կարդալիս լսել BTS - Sea piano ver.֊ը)

Աշխարհն, ինչպես մահվան հրեշտակները, պտտվում էր շուրջս։

Ես վազում էի առանց շունչ քաշելու...

Թիկունքումս՝ երկայնահասակ, գորշ աշտարակներ, որոնք չարագուշակ քրքիջներ էին արձակում։

Ես հետ չէի նայում...

Խեղդող զգացմունքներ, դառնագին հիշողություններ։

Ես չէի զգում...
Ես չէի հիշում...

Սև շղարշով գարշահոտ անցյալս հետևում էր ինձ՝ հրեշային ժպիտը սարսափելի դեմքին։

Ես չէի վախենում...

Ծովային ուժեղ քամին, որ հագեցած էր ավազի ու աղի դուրեկան շնչով, ասես ցանկանում էր ինձ հետ շպրտել, նետել սեփական անցյալիս այրող գիրկը։

Ես կանգ չէի առնում...

Ոտքերս ինձ առաջ էին տանում և մարմնագույն ավազը ներկում բոսորագույն արյամբ։ Կաթնագույն, լաքապատ դաշնամուրն ինձ կանչում էր անդադար։ Կպուտակ ծովի փրփրոտ ալիքները մերթընդմերթ շոյում էին արևի ճառագայթներից թեթև տաքացած ավազը և տխուր ժպտում դալուկ դեմքիս։ Ամենախորը և մուգ երանգներով ներկված երկնքում շողում էին երկու մենակյաց աստղեր՝ իրար շատ մոտ, բայց իրականում գտնվելով հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա։ Նրանք դիտում էին, թե ինչպես ոտքերս կանգ առան կաթնագույն գործիքի դիմաց դրված աթոռակին։ Կաշվե աթոռին զուգահեռ մի բաց գիրք կար։ Դրա թերթերը պարում էին քամու տակ։ Լուսինը լողում էր ծովի մակերեսին։
Շուտով սառը, անհոգի մատներս դիպան սև ու սպիտակ ստեղներին։ Կյանքի եկան առաջին նոտաները։
Անվերջ ավազի կենտրոնում երգում էր երկիրը, երգում էր երկինքը, երգում էին ծառերն ու քամին։
Սիրտս խաղաղ էր, բայց այնտեղ նստել էր մի հին, բութ ցավ։ Ուղեղս վակուումի մեջ էր, ես պարբերաբար լսում էի խու՜լ ձայներ, որոնք ասես շա՜տ հեռվից գային։

Բի՛փ, բի՛փ, բի՛փ...

—Յունգի՜, — լսեցի։ Ձայնը թախծոտ էր, աղերսող։

Աչքերիս առջև մի փոքրիկ, նրբակազմ տղա էր։ Նրա մետաքսե, վարդագույն կարճ վարսերը թափվել ու թաց լինելու պատճառով կպել էին ճակատին։ Բեմբի աչքերը արցունքներով էին լցվել, մի օվկիանոսի չափ, իսկ փոքրիկ, կոճակի նման քթի ծայրն ու այտերը կարմրել էին աչուկներից ընկած մարգարիտների պատճառով։ Նրա շուրթերը դողում էի վախից, վերին և ստորին ծնոտի ճերմակ ատամները շոկից միմյանց էին հարվածում։

—Մի՛ լքիր ինձ, — նորից։

Կրծքավանդակումս թեթև ցավ կար։ Երկինքը մութ էր, կեսգիշեր էր կարծես։ Հանկարծ քիչ առաջվա «բի՛փ֊բի՛փը» դարձավ մի երկա՜ր, ականջ ծակող ձայն, ավելի բարձր քան մնացած ձայները։
Աթոռին զուգահեռ բաց գիրքը բռնկվեց մի բոցով, որին քամին նույնիսկ չհաղթեց։ Ավելին' այն օգնում էր, որ թերթերը ավելի բոցավառվեն։
Վերջին անգամ եկավ նրա ձայնը.
—Ո՛Չ, — մեծ ցասումով գոռաց։
Նրա պատկերն աչքերիս առաջ փոշու նման տարալուծվեց։ Մի պահ խավարը մշուշեց միտքս, իսկ հետո տեսադաշտս բացվեց և միայն...
Ես էի, կրծքումս բացված արյունոտ փոսը, դաշնամուրը, ծովն ու պարզ երկինքը....
* * *
Յունգին ու Չիմինը վթարի էին ենթարկվել, որը ծրագրված էր։ Վթարի արդյունքում ավտոմեքենայի դռնից պոկված մի սուր մետաղ խրվել էր Յունգիի սրտում, իսկ Չիմինը ողջ էր մնացել: Նրանք պատրաստվում էին փախչել, որովհետև ոչ ոք չէր ընդունում իրենց միասին լինելու փաստը: Երբ Յունգին հիվանդանոցում էր, կյանքի ու մահվան միջև, նա սկսում է հիշել իր հետ կատարված պահերը։ Ասում են, երբ մարդը մահանում է, նա իրեն պատկերացնում է այն վայրում, որտեղ միշտ հանգիստ է: Յունգին պատկերացրել էր լողափը, ծովը։

Աշխարհը հենց աշխարհն էր: Աշտարակները այն մարդիկ էին, ովքեր դեմ էին իր ու Չիմինի հարաբերություններին, ինչպես նաև ցանկանում էին թունավորել նրանց կյանքը։ Սև շղարշով անցյալը դա Յունգիի կյանքն է մոր մահվանից հետո, որը իսկական դժոխք էր։ Քամին այն իրավիճակներն էին, որ ստիպում էին տղային հետ գնալ անցյալ, սակայն նա դրա դեմ պայքարում էր: Երբ նա քայլելով թողնում է արյունոտ ոտնահետքեր, այդ պահը խորհրդանշում է նրա անցած դաժան ճանապարհը: Կաթնագույն, լաքապատ դաշնամուրը նրա մանկությունն էր՝ մինչև մոր մահը։ Փրփրոտ ալիքները խորհրդանշում էին Յունգիի անկատար երազանքները, որոնք անդադար մոտենում էին տղային, բայց երբեք չէին հասնում նրան: Զույգ աստղերը դա հենց ինքն ու Չիմինն էին. թվում էր, թե նրանք միասին են, բայց երբեք էլ միասին չեն եղել: Բաց գիրքն ու նրա թերթերը, այն Յունգիի կյանքն էր ու կյանքի էջերը: Այն պահին, երբ դրանք վառվեցին, դա նշանակում էր, որ Յունգին մահացել է: Իսկ այն բութ ցավը, որ հենց ամենասկզբից բուն էր դրել տղայի սրտում, դա իր տանուլ տված կյանքի ու երբեք Չիմինին չհասնելու ծանր գիտակցումն էր։ Տղան դեռ կիսամեռ էր, այդ պատճառով էլ նա կարողանում էր լսել հիվանդանոցի սարքավորումների ձայնը, Չիմինի հեկեկոցները, ու աղոտ տեսադաշտում տղայի պատկերը։

ՎԵՐՋ 🌕

ՄԱՀ || ՅՈՒՆՄԻՆWhere stories live. Discover now