Հաջորդ առավոտյան Հարրին վաղ արթնացավ։ Թեև կոպերի տակից արդեն զգում էր, որ արևը ծագել էր, սակայն չէր համարձակվում աչքերը բացել։«Դա երազ էր», - մտքում համոզված պնդում էր նա ինքն իրեն։ «Ես երազում տեսա Հագրիդ անունով մի հսկայի։ Այդ հսկան եկել էր ինձ ասելու, որ ես հրաշագործների դպրոց եմ գնալու։ Հենց աչքերս բացեմ, դարձյալ կլինեմ տանը՝ խորդանոցիս մեջ»։
Հանկարծ ուժեղ թխկթխկոց լսվեց։
«Ահա, խնդրեմ, մորաքույր Պետունիան արդեն խորդանոցիս դուռն Է թակում», - մտածեց Հարրին՝ զգալով, թե սիրտն ինչպես է կծկվում, սակայն միևնույն է, չհամարձակվեց աչքերը բացել։ Այնքա՜ն լավ երազ էր։ Թըխկ֊թըխկ, թըխկ֊թըխկ...
- Լավ, լավ, - մի կերպ արտաբերեց Հարրին, - հիմա վեր եմ կենում։ Նա նստեց տեղում, և Հագրիդի ծանր վերարկուն դանդաղ ցած սահեց նրա ուսերից։ Խրճիթը ողողված էր արևի լույսով։ Փոթորիկը վերջացել էր։ Հագրիդը քնած էր փլված բազմոցի վրա։ Մի բու, կտուցի մեջ լրագիր բռնած, ճանկով թմբկահարում էր պատուհանը։
Հարրին ոտքի ցատկեց ուրախության այնպիսի բուռն զգացումով, ասես մի մեծ փուչիկ օդով էր լցվում իր մեջ։ Նա վազեց պատուհանի մոտ և թափով բացեց մի փեղկը։ Բուն ներս սլացավ և լրագիրը գցեց Հագրիդի վրա, որը դեռ չէր արթնացել։ Հետո բուն վայրէջք կատարեց հատակին և, թփրտալով ու հատակը ճանկռտելով, սկսեց կատաղի հարձակումներ գործել Հագրիդի վերարկուի վրա։
- Մի՛ արա, ― Հարրին փորձեց բվին մի կողմ քշել, սակայն բուն կտուցով դժգոհ կտկտացրեց Հարրիի ուղղությամբ և շարունակեց անողոքաբար քրքրել Հագրիդի վերարկուն։
- Հա՛գրիդ, ― բղավեց Հարրին, ― այստեղ մի բու կա։
- Փող տուր դրան... ― գռմռաց Հագրիդը բազմոցի միջից։
- Ի՞նչ։
- Ուզում Է, որ վճարես լրագիրը բերելու համար։ Գրպաններիս մեջ նայիր։
Հագրիդի վերարկուն, կարծես, միայն գրպաններից էր կարված, որոնք լցված էին բանալիների կապոցներով, ինչ֊որ ապակյա գնդիկներով, մետաղյա լարերի կծիկներով, ծամոնի տուփիկներով, ծծովի կոնֆետներով, թեյի տոպրակներով... Վերջապես, գրպաններից մեկից Հարրին իրեն անծանոթ մի բուռ մետաղադրամներ հանեց։
- Հինգ նաթ տուր դրան, ― ասաց Հագրիդը քնաթաթախ։
- Նա՞թ։
- Փոքր բրոնզե մետաղադրամներ են։
Հարրին հաշվեց հինգ փոքր բրոնզե մետաղադրամ, իսկ բուն իր ոտիկը բարձրացրեց, որ Հարրին փողը լցնի նրա ոտիկին կապված կաշվե պստլիկ քսակի մեջ։ Հետո թռչունը բավարարված դուրս թռավ բաց պատուհանից։ Հագրիդը բարձրաձայն հորանջեց, տեղում նստեց և քաղցր ճմլկոտեց։