Լիանան ու Արսենը մանկության ընկերներ էին: Իրար վստահում էին, ինչպես քույր ու եղբայր: Շփվում էին զուտ որպես ընկերներ, և նրանց միջև գործում էր փոխադարձ հարգանք: Մի օր Արսենը զանգահարեց Լիանային.
-Բարև Լիան:
-Բարև Արս ջան, ո՞նց ես:
-Լավ, մերսի: Տրամադրութ-յունդ ինչպե՞ս է:
-Շատ լավ...
Մի պահ Արսենը լռեց:
-Ա՞րս, ինչ-որ բանա՞ պատահել: Ինչո՞ւ չես խոսում:
-Լիան, ես քեզ լուրջ բան ունեմ ասելու:
-Ասա, լսում եմ:
-Արդեն երկար ժամանակ է, ինչ զգում եմ, որ քեզ քրոջ պես չեմ ընդունում...
-Այսի՞նքն:
-Լիան, ես քեզ սիրում եմ:
Լիանան անմիջապես անջատեց հեռախոսը: Նա այդ խոսքերին լուրջ չվերաբերվեց: Արսենը նրա համար միայն եղբայր էր. ոչ ավելին...
Անցան օրեր, ամիսներ... Լիանան զգաց, որ նույն զգացմունքը իր մոտ է առաջանում: Նա այդ մասին հայտնեց Արսենին, որն էլ առաջարկեց աղջկան ընկերություն անել: Լիանան համաձայնեց: Նրանք սկսեցին ավելի հաճախ հանդիպել: Շատ էին սիրում իրար: Ամեն ինչ լավ էր, բացի մի բանից. Լիանայի բոլոր ծանոթները հավատացնում էին, որ սխալ մարդու է ընտրել: Նա չորս կողմից միայն վատն էր լսում Արսենի մասին, սակայն իր վերաբերմունքը չէր փոխում սիրած էակի հանդեպ: Նա միայն Արսենին էր տեսնում ու հավատում:
Սակայն մի օր իմացավ, որ ամբողջ ընթացքում Արսենը իր զգացմունքների հետ է խաղացել, որ նա իր ընկերների հետ միասին ծաղրել է իրեն, և խորը հիասթափություն ապրեց: Այդպիսով Լիանան վերջ դրեց իրենց սիրուն:
Նա գրեթե ամեն օր դպրոցում տեսնում էր Արսենին, սակայն արհամարհանքից բացի, ոչինչ չէր տալիս նրան: Արդեն երկար ժամանակ էր անցել նրանց բաժանումից: Մի օր, երբ Լիանան դուրս եկավ դասարանից, տեսավ, որ Արսենը մի գեղեցիկ վարդ ձեռքին մոտենում է իրեն: Աղջիկը տեղում քարացած լուռ նայում էր նրան:
-Լիան, խնդրում եմ, ներիր ինձ: Ես հիմա եմ հասկանում, թե ինչքան թանկ ես ինձ համար...
- Ոչ, Արսեն... Արդեն շա՜տ ուշ է: Քո գնացքը վաղուց անցել է: Եթե ներեմ, կնշանակի, որ քեզ կրկին նույն սխալին եմ դրդում: Ոչ, դու արժանի չես ներման: Գնա՛, հեռացի՛ր իմ կյանքից...'