ՄԱՍ 5

371 15 19
                                    

-Էլի՞ ողջ գիշեր քար ես քաշել,-նկատելով կարմրած և ուռած աչքերս՝ հարցրեց Առնակը ու հայացքն ուղղեց Լիզայի կողմ։
   -Հա՛,կոտորվեց խեղճ տղան։Հազիվ է հասցնում բոլորին…ըըը՜...բոլորի հետ շփվել,- չկարողանալով թաքցնել զայրույթը՝ միջամտեց սիրահարված չաչանակը,-իսկ այսօրվա գործերը երևի ես պետք է անեմ։
   -Հանգի՛ստ, ժողովու՛րդ,-մի կումով դատարկելով սուրճի բաժակը՝ դժվարությամբ խոսեցի ես,- կապ չունի, թե գիշերը որտեղ և ում գրկ…և ում հետ եմ եղել։Այժմ աշխատանքային ժամ է, և պետք է շարունակեմ Ագաթային համոզել,որ ճիշտը բաժանվելն է։
   Ինքս էլ զգացի,որ հումորս ստացվեց և միանգամից փոխեց աշխատասենյակում տիրող 《խանդանախանձային》 մթնոլորտը։ Բացեցի նոթբուքն ու հարմարվեցի բազմոցին։
    Վահե Մարտիրոսյան (10։13) Բարի լույս տիկին Ռոզա (չնայած որ Ռոզան չեք)։ Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարեցի. խոստովանեցիք, որ ստեղծագործող մարդու համար սեփական ժողովածուն նույնն է, ինչ զինվորականի համար գեներալի ուսադիրները ( ի դեպ հրաշալի ու դիպուկ համեմատություն էր)։ Գիտե՞ք գուցե չափազանց ինքնահավան և ինչ-որ տեղ անտակտ երևամ,բայց չասել չեմ կարող։Իսկ ի՞նչ պարտադիր է Ձեր ամուսինն իմանա,որ դուք գիրք եք հրատարակում։Չէ՞ որ նրանից թաքուն գրում եք և չեմ կարծում, թե մեղքի զգացումը տանջում է Ձեզ։ Չէ՞ որ ստեղծել եք Ռոզա Նաթալիի կերպարը,որը արդեն առանձին կյանք է ապրում, թեկուզ և վիրտուալ։Հենց նա էլ թող լինի գրքի հեղինակը, իսկ ես և դուք ուղղակի օգնենք ինչով կարող եք։Իհարկե ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Ձեր ամուսնուն,բայց այնուամենայնիվ չեմ կարծում, թե հանցանք կգործեք, եթե արդեն ստեղծած կերպարին բնականոն զարգանալու հնարավորություն տաք։Պատրաստ եմ օգնել թեկուզ սիմվոլիկ տպաքանակով ունենաք Ռոզա Նաթալիի պատմվածքների ժողովածուն։Հիմա երևի մտածում եք, թե կոպիտ ասած 《այս տղան որտե՞ղ է ուզում ինձ քցի》, բայց իրականում իմ առաջնային նպատակը ստեղծագործող մարդկանց բացահայտելն ու աջակցելն է,որի արդյունքում, այո՛, նաև վաստակում եմ։ Ժամանակին հարուստները գումար էին ծախսում և գրքեր գրել տալիս, հետո իրենց անունից տպագրում, իսկ հիմա, գրողը տանի, հակառակն է՝գրում են,բայց չգիտես ինչու փորձում են թաքցնել սեփական տաղանդն ու շնորհը։Մի՛ արգելեք Ռոզային շարունակել ձեզանից առանձին վայելել իր իսկ տաղանդի շնորհիվ ձեռք բերած հաջողությունները,իսկ այդ հաջողությունները այժմ հասել են գրքի տպագրման փուլ։
  Նույնիսկ չէի էլ հասցրել հայացքս կտրել մոնիտորից, երբ նկատեցի,որ հաղորդագրությունս ընթերցված է և դեռ ավելին՝ տիկին Ռոզան հավաքում է պատասխան նամակը ( սրա մասին վկայում էր 《печатает…》 գրառումը)։Եվս կես րոպե և լսվեց բաղձալի ծըլընգը։
    Ռոզա Նաթալի(10։17) Գրողը տանի, կարո՞ղ է համոզես։ Երիտասա՛րդ, ես բավականին համառ կին եմ, չնայած որ… չնայած որ իրավացի ես։Ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս։Ավելի շուտ Ռոզա Նաթալին աստիճանաբար կորցնում է կառավարումը ու դուրս է գալիս Էթերիի դեմ՝քո թեթև ձեռքով…
   Տեսնես միտումնավոր գրեց, թե պահի ազդեցության տակ մատնեց ինքն իրեն։Ինքնագոհ ժպիտս չկարողացա թաքցնել և դա չվրիպեց ընկերներիս աչքից։
   -Պա՛հ քո կատաղած,չլինի Ագաթան մերն է,- տեղից վեր թռավ Առնակը։
   -Մերը չէ, այլ՝ Վահեինը,-բաց չթողնելով ջրիկանալու հնարավորությունը՝ նորից 《կծեց》 Լիզան։
Ուշադրություն չդարձնելով նրանց վրա 'շարունակեցի աշխատանքս,որը այս պարագայում կարծես վերածվել էր սկզբունքային առաջադրանքի։Ինչպե՞ս թե մենք առաջարկենք ու մերժվե՞նք։Գրողը տանի, օրվա ընթացքում տասնյակից ավելի հեղինակների մենք ենք ստիպված լինում մերժել, իսկ հիմա…
   Վահե Մարտիրոսյան(10։19) Ուրախ եմ,ես էլ ինչպես տեսնում եք Վահեն եմ։
  Պատասխանը հաստատեց կասկածներս՝նա մեխանիկորեն էր գրել անունը։
   Ռոզա Նաթալի(10։21) Վահե՛, դուք էքստրասե՞նս եք։ Ինքս էլ չհասկացա, թե ինչպես բացահայտվեցի։ Ինչևէ, ես Էթերին եմ…նույն ինքը՝ Ռոզան։
    Վահե Մարտիրոսյան (10։23) Նույն ինքը հայկական Ագաթա Քրիսթին,որի առաջին ժողովածուն շուտով կկենդանացնի հայկական դետեկտիվի լավագույն ավանդույթները։Հա, ի դեպ, ինձ մոտ արդեն կա Ռոզա Նաթալիի կենսագրությունը և հավատացեք այն ոչ մի ընդհանուր բան չունի Էթերիի կյանքի պատմության հետ։Նույնիսկ լուսանկարը կա,իսկ շնորհանդեսին հեղինակը հարգելի պատճառներով չի մասնակցի… չէ՞ որ նա Հայաստանում չի բնակվում։
   Հաղորդագրությանս վերջում նորից դիմեցի ծիծաղող բոքոնիկի օգնությանը։
   Գրողը տանի ,ինչու՞ եմ սրտի տրոփյունով սպասում պատասխանին։ Էթերիի հետ չափազանց հաճելի էր շփվել։ Կնոջ ինտելեկտը,որից հիմա շատ տղամարդիկ խուսափում են, ինձ վերածում էր ասեղի ,իսկ տվյալ
կնոջը հզոր մագնիսի։Փաստ էր՝չէի տեսել նրան,չէի լսել ձայնը,չգիտեի տարիքը(բայց գիտեի բավական մեծ է ինձանից)գտնվելու վայրն անգամ չգիտեի,… անկեղծ կլինեմ' նույնիսկ գիրք տպագրելն էլ էր ընկել երկրորդ պլան։Ընդամենը ուզում էի շփվել։Ու այս ամենը մի քանի հաղորդագրությունից հետո։ Տարօրինակ էր…
   Առնակը հարկայինի թղթերն էր կարգավորում, իսկ Լիզան զբաղված մեր նոր նախաձեռնությամբ՝ 《Հայաստանում կատարված 100 ամենաառեղծվածային սպանությունները》 աշխատության էլեկտրոնային տարբերակի ընթերցմամբ։ Իդեպ մեր խուճուճիկի մտահաղացումն էր նման շարք ստեղծել,որի ռուսական տարբերակը վաղուց վաճառքում կար։ Այն կոչվելու էր 《Հայաստանի 100 ամենա…》։Աշխատելու էինք չափազանց տաղանդավոր և պատրաստված լրագրող Հայկազ Հակոբյանի հետ,ով ամենատարբեր տեղերից տեղեկություններ պեղելու մեծ վարպետ էր։ Մի խոսքով, նկատեցի,որ ընկերներիս ուշքն ու միտքը լրիվ այլ տեղ է և որոշեցի չշեղվել և համատեղել օգտակարը հաճելիի հետ՝հաճելի շփում,որ կարող էր բերել շահավետ համագործակցության։
    Զգում էի,որ մտքերս ճիշտ շարադրելու կարողությունս նկատվել էր զրուցակցիս կողմից, և նա նույնպես հաճույքով էր շփվում ինձ հետ։ Գլխավոր նկարս նույնպես արժանացել էր Էթերիի ուշադրությանը։ Ավելնորդ համեստություն չանեմ և ասեմ,որ
քաղաքի ամենաթեժ բացօթյա երեկույթներից մեկի ժամանակ արված լուսանկարը,որը հետագայում իր տեղը գտավ YEREVAN EVENTS ամսագրում, իրականում միշտ նկատվում էր հակառակ սեռի կողմից և զրուցակցիս կողմից այն հավանելը կամ ինչպես ասում են 《լայքելը》 չզարմացրեց ինձ։
    Գիտե՞ք երբեմն շրջապատումս զարմանում էին,որ գրքամոլ եմ ,իսկ Առնակն ու Լիզան չէին պատկերացնում ,թե ինչպես կարող է Վահեն ազատ ժամանակ նման վայելքների տրվել։Մի խոսքով ես նույնպես երկակի կյանք էի վարում. մեկում՝ Առնակի ու Լիզայի հետ զբաղվում էի չափազանց սիրված աշխատանքով,իսկ մյուսում՝ փորձում էի ամեն օրս այնպես ապրել, կարծես այն կյանքիս վերջին օրն է (եթե չեմ սխալվում իմ կողմից պաշտելի Վիկտոր Ցոյի խոսքերն են)։
    Ինչևէ, եկավ ընդմիջման ժամը։Որոշեցի հանգստի սենյակում մի ժամ աչք կպցնել և մերժեցի ընկերներիս հրավերը՝գնալ աջարական խաչապուրի ուտելու։
    -Վրան հալ չկա, ողջ գիշեր աջարական է կերել,- կրկին միջամտեց Լիզան՝ հետո հասկանալով,որ ինձ խանդելու կամ առավել ևս խանդի տեսարաններ սարքելու ոչ մի բարոյական իրավունք չունի,  լռեց։
   Մեկ-մեկ ինձ թվում է,թե ճիշտ կլինի նրա հետ զրուցել և մեկընդմիշտ փակել այս թեման,բայց վախենում էի ավելորդ կաշկանդվածություն մտցնել մեր հարաբերություններում, մանավանդ,որ համոզված էի՝հերքելու էր ինձ սիրահարված լինելու փաստը և հակահարձակման անցնելու։
   《Ինչպե՞ս ես համարձակվել նման բան մտածել,ես ինչպե՞ս կարող եմ քեզ…"》,-սա էր լինելու չաչանակի դիրքորոշումը։Հավատացե՛ք, ես նրան շատ լավ եմ ճանաչում։
    Մեգիի հետ անցկացրած 《ծանր》 գիշերը լրիվ ուժասպառ էր արել ինձ։Տնաքանդը կարծես ամիսներով տղամարդ տեսած չլիներ…երկու օր վերականգնվելը իմ պլանների մեջ չէր մտնում։
    Գլուխս բարձին դնելն ու աչքս կպնելը մեկ եղավ։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

ՏԻԿԻՆԸ ՄԱՐՍԵԼԻՑ (18+)Место, где живут истории. Откройте их для себя