💔

39 4 2
                                    


«Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ առաջին անգամ ինձ գրեցիր։ Դե իհարկե, ես չափազանց ակտիվ էի հետևում քեզ սոցիալական ցանցերում։ Երևի անհանգստացնող, ինչ-որ հիվանդագին էնտուզիազմով։ Ես այդ ժամանակ դա չէի նկատում։ Երևի դա քեզ ստիպել էր լարվել կամ տարակուսել, այլապես այդ անիծյալ հաղորդագրությունը չէիր ուղարկի։ Չեմ մոռանա զգացողություններս այդ պահին, երբ ամբողջ մարմինս այնպես էր դողում, ինչպես ջերմային տենդի ժամանակ, իսկ շնչելու կարողությունս գրեթե կորցրել էի։ Դու ընդամենը տվել էիր շատ ակնհայտ հարց' ինչու՞ է անծանոթուհին այդքան եռանդով հետևում քեզ, իսկ ես այդ պահին ինձ ամենաերջանիկ մարդն էի զգում, բայց միաժամանակ այնքան շփոթված էի, որ չգիտեի' ինչ պատասխանել։ Ի վերջո որոշել էի անոնիմ մնալ, հիշու՞մ ես, որովհետև չէի համարձակվում իրական անունս ասել. ինչպե՞ս էի հետո նայելու աչքերիդ, երբ մի քանի վայրկյան տևող պատահական հանդիպման ժամանակ նույնքան պատահական մեր հայացքները խաչվեին։ Երևի այդ նամակագրությունը քեզ համար ոչինչ չէր նշանակում, ու դու արդեն մոռացել ես մեր զրույցները, բայց իմ ուղեղում հավերժ դաջված կմնա դրանցից յուրաքանչյուրը։ Ինչպես էի փորձում ամեն կերպ շեղվել անընդհատ կրկնվող ինքնությունս բացահայտող հարցերից, ինչպես էի կոկետանալու ծիծաղելի փորձեր անում, իսկ հրաժեշտից օրեր հետո իբրև թե պատահաբար ինչ-որ բան գրեցի' նորից խոսակցություն սկսելու համար։
Իսկ հիշու՞մ ես, որ մենք սիրուց ու սիրահարվածությունից էլ էինք խոսում։ Ես քեզ ասացի, որ չեմ ուզում երբևէ սիրել, եթե պիտի սիրտս կոտրեն, դու էլ պատասխանեցիր, որ գուցե հենց իմ սիրո պատմությունը լինի ֆիլմերի ու սիրավեպերի նման, ու ես կհասկանամ, թե ինչքան հեքիաթային զգացմունք է դա...այդ ժամանակ ես չգիտեի, որ դա իմ սիրո պատմության առաջին գլուխն էր, իսկ սիրտս կոտրողը հենց դու էիր լինելու...
Ես ուղղակի սիրահարված հիմար աղջնակ էի, որն այդ զգացմունքները ոչնչացնել էր ուզում, բայց միաժամանակ ցնծում էր քո հետ ծավալած ամեն զրույցից։ Հիշում եմ' ինչպես ծիծաղեցիր ինձ վրա, երբ, քո մասին երրորդ դեմքով խոսելով, ասացի, որ հիասթափվելու հույսով եմ փորձում նրան լավ ճանաչել։ Իզուր ես քեզ այդ ժամանակ «չլսեցի». հարկավոր էր վերջ տալ այդ զրույցներին, քանի դեռ ուշ չէր...քանի դեռ համակրանքս սիրո չէր վերածվել...
Իսկ հիշու՞մ ես' ինչքան անտաղանդ կերպով մատնեցի ինձ' շատ լավ գիտակցելով, որ այլևս չեմ կարողանա ազատ խոսել։ Եթե իմ փոխարեն ուրիշ մեկը լիներ, ես երևի կծիծաղեի նրա անփութության վրա։ Չգիտեմ' ինչու վստահ էի, որ իմ' ով լինելն իմանալուց հետո դադարեցնելու ես շփումը...Սխալվեցի։ Հավանաբար այդպես ավելի լավ կլիներ. ես կշարունակեի հնազանդ սպասել, թե երբ պատկերդ վերջնական դուրս կգա ուղեղիցս. աշխարհում կան միլիոնավոր համակրելի տղաներ, որոնք կարող էին ինձ դուր գալ։ Բայց դու շարունակում էիր գրել, նորից ու նորից, հետո անցանք նաև կենդանի շփման, ու ես գրեթե ամեն օր մի քանի ժամով աշխարհի ամենաերջանիկ մարդն էի դառնում...
Կուզեի ալտրուիստաբար ասել, որ չեմ մեղադրում քեզ սին հույսեր տալու համար, բայց չեմ ստի։ Դու թևեր տվեցիր ինձ, ստիպեցիր պատրանքներում ապրել, հետո կամա, թե ակամա ինքդ էլ կտրեցիր թևերս։ Իսկ հույսերս ու երազանքներս, բախվելով իրականությանը, պարզապես փշուր-փշուր եղան...
Երևի դու ինձ շատ էգոիստ կհամարես այս խոսքերիս համար...ես էլ չեմ հերքում դա. երևի, եթե էգոիստ չլինեի, քեզ բաց կթողնեի նույն պահին, երբ իմացա ընկերուհուդ մասին։ Այնուամենայնիվ ես քեզ էլ եմ մեղադրում, ընտրյալ ունենալով, այլ աղջկա այդքան մոտ թողնելու համար։
Երբ իմացա, որ պատրաստվում եք ամուսնանալ, մեռնել էի ուզում...ու սպանել։ Այնուամենայնիվ, հոգեպես լիովին քայքայված լինելով, արտաքուստ անկեղծ ուրախություն արտահայտեցի...
Դու ինձ մի անգամ ասացիր, որ սերը չքնաղ զգացմունք է... այն դեպքում, երբ փոխադարձ է, ու թեև իմ սերն այդպես էլ փոխադարձ չդարձավ, ես այն չքնաղ էի համարում ամեն անգամ, երբ մենք ուղղակի զրուցում էինք...
Անվերջ կարող եմ պատմել մեր խոսակցության ամեն թեմայի ու ամեն հանդիպման մասին, բայց վախենամ' թերթը շատ փոքր կլինի այդքանը տեղավորելու համար։ Միայն ուզում եմ խնդրել, որ մեր շփումը չփորձես վերսկսել. շուտով մեկնելու եմ շատ հեռու, նոր կյանք եմ որոշել սկսել' նոր էջից, լրիվ ուրիշ ժանրով, առանց սիրավեպերի։ Ես էլ անպայման կունենամ իմ «happy end»-ը, միայն թե ոչ «ռոմանտիկա» ժանրում...
Իսկ ձեզ երջանկություն եմ մաղթում։ Մնաս բարով...», - միջին տարիքի տղամարդը փակեց աչքերը, ծանր հոգոց հանեց։ Մի պահ իրեն թույլ տվեց խորասուզվել մտքերի մեջ ու հավանաբար այնքան տարվեց, որ չնկատեց կնոջ ներս մտնելը, մինչև այն պահը, երբ նուրբ ձեռքերը օղակեցին գոտկատեղը, իսկ ծնոտը տեղակայվեց ուսին։
-Էլի այդ նամա՞կն ես կարդում,-ականջին հասավ մտահոգ ձայնը, ու վերջապես դուրս եկավ «տրանսից», - հասկանու՞մ ես, որ անընդհատ նույն բանը կարդալով ու ինքդ քեզ տանջելով ոչինչ չես փոխի։
-Նա ինձ մեղադրում էր, Ջոյ, ես նրան եմ տանջել, ոչ թե ինձ, - ևս մեկ ծանր հոգոցը ստիպում է կնոջն ավելի մտահոգվել։ Չէ, չի խանդում. խանդելու առիթ բնավ չկա։ Միայն թե սիրտն է ցավում ամուսնուն ամեն անգամ այդպես ընկճված տեսնելիս։ - Այսքան տարի է անցել, իսկ նա այդպես էլ չվերադարձավ։ Ինչու՞ ոչ ոք չգիտի' որտեղ է նա։ Եթե գոնե մեկ անգամ նրա հետ խոսելու հնարավորություն ունենայի, եթե կարողանայի ասել' ինչքան եմ զղջում նրան այդքան ցավ պատճառելու համար...
Կանացի ձեռքերը գոտկատեղից բարձրանում են այտերին ու ստիպում տղամարդուն նայել ուղիղ աչքերին,- դու մեղավոր չես, լսու՞մ ես, վստահ եմ, որ հիմա նա էլ է դա հասկացել ու մոռացել ամեն ինչ։ Ժամանակն է, որ դու էլ ազատվես այդ անհիմն մեղքի զգացումից...Ես էլ չեմ կարողանում քեզ այս վիճակում տեսնել։ - Ձայնը սկսում է դողալ, և գլուխը դնում է կրծքին' արցունքները թաքցնելու համար։ Քիչ անց ամուր ձեռքերը գրկում են բարակ իրանը ու ավելի մոտ ձգում, ասես, եթե չսեղմեր իրեն, անպատճառ նա էլ էր հեռանալու։
-Ներիր, - համբուրում է ճակատը, հետո արցունքներից թրջված այտերը, - իրավացի ես. պիտի թողնեմ անցյալի ուրվականներն ու առաջ շարժվեմ։ - Նամակը ծրարով դնում է նույն տեղում, բայց այս անգամ հաստատակամորեն որոշելով այլևս չբացել այն։ Այո, գուցե մեղավոր է, գուցե պետք չէր այդքան մտերմանալ նրա հետ' հատկապես իմանալով նրա զգացմունքների մասին, բայց...չէ՞ որ բոլորն էլ ունեն երկրորդ հնարավորության ու երջանիկ լինելու իրավունք։ Իր երջանկությունը նա վաղուց է գտել, թեև շատ ուշ դա հասկացավ և սրտանց ցանկանում է, որ նա էլ իրենը գտած լինի...որտեղ էլ, որ լինի։

🎉 Вы закончили чтение Նամակը 🎉
ՆամակըМесто, где живут истории. Откройте их для себя