Առավոտյան տղան զարթնեց հերոս դարձած: Ամենքը, իսկ ամենից առաջ փրկվածները, շնորհակալությամբ, սիրով սկսեցին փառաբանել նրան: Հետո քաղաքի մեծահոգի հայրերը որոշեցին տղայի համար տուն կառուցել բարձր բլրի վրա, որտեղից նա կտեսնի քաղաքը՝ ինչպես շախմատի տախտակի վրա: Ինչ իմանաս, հո վերջին հրդեհը չէ՞: Եվ հետո, որոշեցին շեփոր առնել նրա համար, շեփորի ձայնն ավելի զիլ է, բոլորը կլսեն:
- Մեկ է, ես համարյա չեմ քնում,- ասաց տղան,- ձայներ եմ լսում… Իսկ շեփոր ես ինչպե՞ս փչեմ…
- Դա լավ է, որ լսում ես,- ասացին բարի քաղաքացիները,- իսկ փչել կսովորես: Դա դժվար չէ, կսովորես…
Տունը կառուցեցին. Ամենալավ կեչիները կտրեցին անտառից, ներկեցին ամենավառ գույներով, տանիքը ծածկեցին սպիտակ թիթեղով:
- Իմ տան պեսը չկա,- պարծենում էր տղան:
Հաճախ նստում էր լուսամուտի առաջ, փորձում նվագել: Փչում էր ամբողջ ուժով, թոքերը շատ օդ էին տանում, շարժում էր մատները: Բայց եղանակ չէր ստացվում: Բարկանում էր, սև նախանձով նայում անտառի թռչուններին, որ երգում էին առանց երաժշտական կրթություն ունենալու ու որպեսզի նրանց ձայնը չլսվի, փչում էր բարձր, ամբողջ ուժով: Իսկ մի օր մտածեց. «Ասենք, ինչի՞ս է պետք նվագել, կփչեմ և վերջ»:
Երկրորդ հրդեհի զոհը քաղաքապետի տունը եղավ: Վառվեց արշալույսին: Այս անգամ նա զիլ փչեց շեփորը, թեպետ փոքր-ինչ ուշացավ, որովհետև դուր էր գալիս կրակը, որի դեմ պայքարող չկա, որ այրում, մոխիր է դարձնում ամեն ինչ:
Դարձյալ տներից ելավ ամբողջ քաղաքը, հրդեհը հանգցրին: Եվ, որովհետև տունը քաղաքապետինն էր, տղային շքանշան տվին:
Այդ օրվանից նրան կնքեցին շեփորահար անունով, իսկական անունը, որը ոչ ոք չգիտեր, մոռացան:
Անցավ չորս-հինգ տարի, անցան էլի տարիներ:
Շեփորահարն արդեն ջահել չէր, թեպետ դարձյալ սիրում էին նրան, խոնարհվում, երբ նա շքանշանով, շեփորը ձեռքին փողոց էր դուրս գալիս:
Բայց հրդեհներ չկային: