###

3 0 0
                                    

Շեփորահարը տառապում էր անքնությունից, նա նստում էր լուսամուտի առաջ, նայում քաղաքին ու կրակ որոնում, տենդորեն հրդեհ էր որոնում: Արդեն դժվար էր բոլոր լուսամուտները տեսնել, թեպետ նրա տունը բարձր բլրի վրա էր. քաղաքը մեծացել էր, տարածվել, անտառին քշել սարերի գագաթները: Եվ շեփորահարը մի օր դառնությամբ մտածեց, որ եթե այլևս հրդեհ չլինի, կմոռանան իրեն՝ տունը չեն նորոգի, հագուստ չեն տա, շքանշան՝ առավել ևս: Եվ հետո, քաղաքացիները երևի չէին մոռանում, թե ինչպես երկու տարի առաջ, երբ թշնամիները հրով ու սրով լցվեցին քաղաք, ի զարմանս ամենքի, նա հնչեցրեց շեփորը, կարծես ողջունելով հաղթողներին: Ճիշտ է, հետո, երբ քաղաքացիները դուրս շպրտեցին թշնամուն և քաղաք մտան, նորից զիլ հնչեց շեփորը, բայց նա անհանգիստ էր: Բարի մարդիկ հիշաչար չեն, բայց նա գիտեր, որ ամեն ինչ մոռանում են միայն հիմարները: Շեփորահարը տանջվում էր այս մտքերից, իսկ հրդեհներ չկային: Քաղաքի տների մեծ մասը արդեն քարից էր, մարդիկ ավելի զգույշ էին, խելոք:

… Եվ մի գիշեր:

Չար աչքերով, լարված ականջներով նա անցնում էր փողոցից, նայում դռներին, լուսամուտներին: Կեսգիշերը վաղուց էր անցել, բայց շատ տներում լույս կար. մարդիկ կամ ուրախանում էին, կամ խորհում, ճակատները կնճռոտել էին աշխարհի գաղտնիքների վրա կամ տխրություն ունեին: Բայց նրան կրակ էր հարկավոր, կրակ՝ ամեն ինչ լափող, ոչնչացնող, և ամբոխ, որ իրար տրորում էր այդ կրակի ժամանակ և նողկալի ձեռքեր, որ այդ խառնաշփոթության պահին գողանում էին ուրիշի ունեցվածքը, միտքը, պատիվը:

Ոչ մի տեղ հրդեհ չկար:

Նա արդեն իր տան մոտերքում էր, երբ ուղեղի մեջ ասես լուցկի վառեցին: Նա արագ տուն մտավ, վերցրեց նավթով լի ամանը և մոտեցավ հենց առաջին պատահած տանը: Տունը ճոճվում էր մութի և խաղաղության մեջ, ամենքը քնած էին: Տունը փայտից էր, չոր, շատ հին փայտից: Երբ նա ամանի նավթը արդեն թափել էր պատշգամբի փայտերին և լուցկին վառել, նոր միայն հիշեց, թե ում տունն էր: Մի բարի մարդու, որ հաճախ էր կերակրել իրեն, օգնել, սիրել: Ավելի լավ, մտածեց նա, սրանից հետո, երբ հրդեհը հանգնեն, ավելի շատ կօգնի, կսիրի…

Եվ կրակը պատշգամբից սկսեց իր մոլեգին պարը:

Շեփորահարը շտապով տուն վազեց, իր հետ տանելով դատարկ նավթամանը: Բացեց լուսամուտը. այստեղից հրդեհը ավելի լավ էր երևում: Կրակն արդեն մոտենում էր լուսամուտներին, արդեն տանիքն էր բռնկվել, նա լսում էր չոր փայտերի ճարճատյունը:

Եվ փչեց. ուրախ, տագնապալի, բարձր, երևի ինչ-որ եղանակ էլ ստացվեց: Ծերուկ Հոմերոսի օրերից սկսած ոչ ոք այդպես չէր հնչեցրել շեփորը, հաստատ: Բոցի արնագույն լույսը հասնում էր նրա դեմքին, աչքերին, ականջներին, և նա երջանիկ էր:

Քաղաքը զարթնեց, ոչ թե զարթնեց՝ այլ կայծակնահար վեր թռավ:

Հրդեհը, իհարկե, հանգցրին: Բայց տանտիրոջը, նրա երկու աղջիկներին դուրս բերին արդեն այրված ու թաղեցին հաջորդ օրը: Միայն տանտիրուհին ապրեց, թեպետ կուրացել էին աչքերը և միտքը մթագնել էր:

Եվ քաղաքը նորից սկսեց խոսել շեփորահարի մասին, մեծարել նրան, փող տալ: Շտապ նորոգեցին նրա տանիքը, մի նոր շքանշան տվին: Միայն թե փողոցներով սկսեցին շշուկներ սողալ, ահավոր շշուկներ: Բոլորը սկսեցին կասկածել բոլորին, արթուն մնալ գիշերները, դռները երկաթից շինել և սրտերը՝ ավելի երկաթից:

Վ.Պ. Ծերունին,որ մոռացել էր մեռնել...Where stories live. Discover now