Քո մոռացված ու չստացված ՍԵՐ...

172 7 9
                                    

  Երկինքն արտասվում էր։Արցունքների մի քանի կաթիլներ շտապեցին ներքև։Նրանց հետևեցին մյուսները։Քամուն հանձնված՝ հարվածում էին պատուհանների ապակիներին, ցատկոտում արդեն թրջված թփերի վրա, հետո դիպչում գույնզգույն անձրևանոցներին։ Կայծակի փայլն ու ամպային մի քանի գոռոցներ ստիպեցին պատռվել երկնքի կոպերին, իսկ արցունքներն ուղղակի թափվեցին տեղատարափ։ Երկինքն այրվում էր։ Տարօրինակ չէ։ Մեկը պատուհանից մի քանի կադրեր ստացավ, որոնք վաղը կհայտնվեն համացանցում։ Մյուսը փակեց տան պատուհանն ու հեռացավ տան տաքուկ անկյունները՝ վայելելու անուշաբույր թեյը։ Մեկ այլ երիտասարդ բացեց անձրևանոցը, որը չգիտես ինչու վերցրել էր, և վազեց տուն։ Սովորական պահվածք, որ հատուկ էր այսպիսի անձրևոտ օրերին։ Կյանքն ընթանում էր իր հունով։ Բայց...

    Երկհարկանի տան պատուհանագոգերից մեկին մի աղջիկ կար նստած։ Ձեռքին դեռ տաք շոկոլադի բաժակն էր, որ ամուր սեղմում էր՝ տաքանալու համար։ Ամեն ինչ սովորական կլիներ, եթե աչքը չընկներ չբացված կարմիր ծրարի վրա։ Երբեք չի սիրել այդ գույնը, ու նա դա գիտի։ Կուզեր չտեսնել այդ ծրարը, միայն չկարդար հեղինակի անունը։ Անունը, որ կարծես հատուկ էին մեծ տառերով գրել։ Անունը, որ հիշողությունների ու ափսոսանքների պատճառ է դառնում։ Չդիմացավ և վերցրեց ձեռքը։ Զգուշությամբ հանեց սպիտակ թուղթը։ Վաղուց կարոտած ձեռագիրը ստիպեց մտքերին իրար խառնվել։ Նուրբ մատները դիպչեցին տառերին, և կարծես զգացնել տվեցին նամակի հեղինակի ներկայությունը։ Տառեր, որ խնամքով շարված էին կողք կողքի։ Նա չէր շտապել, այսքան ուղիղ չէր ստացվի։ Ա՛խ այդ համաչափության զգացումը։ Նա միշտ պահում էր դա, եթե կարևոր ինչ-որ բան պիտի գրեր։
 
    <<Բարև՛։ Բարև, որ վաղուց չեմ ասել։ Բարև՛։ Բառ, որ էլ սովորական չէ։ Երևի սպասում ես, որ հարցնեմ՝ ինչպես ես, բայց չէ...Այս անգամ միայն իմ մասին եմ խոսելու, իսկ դու լուռ կլսես։ Ակամայից խոսքերդ հիշեցի։ Ասում էիր.<<Գրկի՛ր ինձ, միասին վայելենք լռությունը։>> Ոչինչ նույնը չէ։ Ես չեմ գրկի քեզ, իսկ լռությունն այսօր կխոսի։ Երկար էի սպասել, որ կխախտես այդ գրողի տարած լռություն կոչվածը և կխոսես։ Երբ խախտեցիր այն, ես փոշմանեցի ցանկություններիս համար։ Լռությունը խախտեցիր գրկումս։ Ասացիր դառն ու սպանիչ ճշմարտությունը։ Չխղճացիր ինձ ու ստիպեցիր, որ ապրեմ առանց քո ժպիտի ու փայլուն աչքերի։ Այդ գարունը վերջինը եղավ։ Վերջինը, և ես էլ քեզ չտեսա գրկումս, չզգացի մազերիդ բույրն ու մոռացա նուրբ շուրթերիդ ամաչկոտ հպումը իմ շուրթերին։ Դու անխղճորեն դանակահարեցիր սիրտս։ Քեզ այդքան սիրելի նոր բացված վարդագույն վարդի փշերով տանջամահ արեցիր հոգիս։ Մի վայրկյանում փշրեցիր այն ապակե երազանքները, որ մաս-մաս միասին հավաքել էինք։
 
    Կարոտը սկսեց պարուրել կյանքս ու խեղդամահ էր անում։ Չէ, սա քո իմացած կարոտը չի։ Կարոտը հրեշ է։ Սկզբից տանջվում ես, ատում այդ երևույթը, հետո...հետո սովորում ապրել նրա հետ՝ կողք կողքի։ Պատճառը մեկն էր, և դա դու էիր՝ քո խախտած լռության հետ միասին։ Գրողի տարած լռությո՛ւն, հիմա էլ հանգիստ չես թողնում։

     Ես սովորել եմ։ Սովորել եմ ապրել առանց քո ժպիտի։ Գիտես հիմա մի հիմար բան կխնդրեմ։ Չարտասվես կարդալիս։ Ես անխղճորեն ցավեցնում եմ, բայց չփորձես անգամ մի կաթիլ արցունք թափել։ Ատի՛ր ինձ։ Ատի՛ր այն կարմիր գույնի պես, որի մեջ ողողված ուղարկել եմ ծրարը։ Ես նույնիսկ չգիտեմ, երբ կբացես այն։ Մեկ ժամի՞ց, մեկ օրի՞ց, մեկ ամսի՞ց։ Գուցե, նույնիսկ չբացես ու դուրս նետես։ Բայց գրում եմ... Սիրել եմ։ Սիրել եմ կյանքիցս շատ։ Սիրել եմ ու չեմ ափսոսում։ Պահերն անմոռանալի են, իսկ դու մի լուսավոր հիշողություն կմնաս։ Ուղղակի հիշողություն։ Գիտե՞ս, կյանքը մեկն է, հնարավորությունը՝ նույնպես։ Մենք բաց ենք թողել այդ հնարավորությունը։ Չկա այն ռոմանտիկ ֆիլմերի երկրորդ շանսը։

    Երբեմն ուղղակի դժվար էր շնչելը, պատերը խեղդում էին, իսկ հոգիս՝ գոռում ու լացում։ Դու ստիպեցիր զգալ, թե ինչ է դատարկությունը, հոգու դատարկությունը։ Կյանքս փոխվել է։ Գիտե՞ս, անփոխարինելի ոչինչ և ոչ-ոք չկա, իսկ դու բացառություն չես։ Կներես, կոպիտ եմ։ Ես դադարեցի պայքարել մեր սիրո համար, երբ դու շեշտակի վերջակետ դրեցիր մեր պատմությանն ու փակեցիր դեռ անավարտ գիրքը։ Շնորհակալ եմ։ Քո այդ քայլը ստիպեց տեսնել այն մեկին, ով միշտ կողքիս է եղել։ Նա վերադարձրեց թևերս ու ոտքի կանգնեցրեց։
    Վերջում՝ ծրարում նշանադրության հրավիրատոմս կա։ Կարող ես ուղղակի պատռել ու դուրս նետել։ Ես դաժան եմ, էգոիստ։ Դու երազ էիր, որից շատ ուշ արթնացա։ Շնորհակալ եմ։ Երջանիկ եղի՛ր։
Քո մոռացված ու չստացված
                    ՍԵՐ...>>

      Նույնիսկ այն հիմար խնդրանքը չկատարվեց։ Արցունքները, իրենք առանց հարցնելու, դուրս պրծան աչքերից՝ թողնելով այտերին թաց ուղիներ։ Բացվեց պատուհանը։ Դուրս նետվեց ծրարը։ Անձրևը դեռ չէր դադարել։ Անձրևը սրբեց ու տարավ նրանց սիրո վերջին հետքերը...

🎉 Вы закончили чтение Քո մոռացված ու չստացված ՍԵՐ... 🎉
Քո մոռացված ու չստացված  ՍԵՐ...Место, где живут истории. Откройте их для себя