Քայլերս ինձ տանում են տուն...
Տուն... դա այն տեղն է,որտեղ կարող ես գտնել ինքդ քեզ։Տեղ,ուր սարսափելի օրվանից հետո անգամ անդորր կա։Տեղ,որտեղ դու նա ես,ով դրսում երբեք չես կարող լինել,այնտեղ դու ձևացնելու կարիք չունես։
Իսկ հիմա հարց,ինչո՞ւ եմ ես բնակարանը որտեղ ապրում եմ տուն անվանում,չէ որ տան ոչ մի հատկանիշ այնտեղ չի գործում ինձ համար։Իմ հոգին այլևս ոչ այդ տանն է,ոչ էլ այս աշխարհում։Մինչև սա հասկանալը ես ինձ պարզապես խաբել եմ։Հաճախ ուզում եմ ետ գնալ,ու նորից լինել այն անտեղյակ ու խաբված Ամանդան։Համենայնդեպս նա չգիտեր ու երջանիկ էր։Իմանալն ինձնից վերցրեց խաղաղությունս։
Մի րոպե,Ամանդա՛,դու հիմարություններ ես մտածում։
Չպետք է ցավը ինչ-որ պահի ծնկի բերի քեզ ու ստիպի մտածել,որ այն ժամանակ ավելի լավ էր,երբ դու խաբված էիր ու բոլորը անարգել կարող էին ծիծաղել վրադ,ինչու չէ նաև իրենց սուտը փաթաթել վզիդ։
Մտքերիս մեջ սուզված չնկատեցի էլ,թե ինչպես հասա բնակարան։Մայրս հյուրասենյակում էր,պատրաստվում էր աշխատանքի գնալ։Փորձեցի աննկատ անցնել,որպեսզի չտեսնի ինձ ու չսկսի հարցեր տալ դեմքիս կապտուկների մասին։Դեռ ինձ հայելու մեջ չեմ նայել,չգիտեմ կապտուկները շատ են,թե ոչ,բայց ցավը հուշում է,որ դրանք հաստատ կան։
Հաջողվեց մայրիկի տեսադաշտում չհայտնվելով սենյակ հասնել։
Առաջին բանը,որ արեցի՝ հագուստս հանելն էր։Այս պահին այն նույնպես ինձ ցավեցնում է։
Մոտեցա հայելուն,ուզում եմ տեսնել,թե ինչ տեսք ունեն ինձ այդքան ցավեցնող երևույթները։Դեմքս այդքան էլ վատ վիճակում չէ, ըստ իս։
Իսկ այ մեջքս,ծիծաղելի է նույնիսկ,իմ կաթնագույն մաշկը վերածվել է կապույտ ու կարմիր հետքերի կույտի։
Ինձ թվում է այս ցավը հաճելի է,քանի որ արդեն մի քանի րոպե ինձ մոռացնել էր տվել այն մյուս,ավելի վատ ցավիս մասին։
Հանկարծ դուռը բացվեց,գրողը տանի,ես մոռացել էի այն փակել ներսից։
-Ամանդա ես գը...,-մորս ձայնն էր,բայց այն անմիջապես դադարեց։
Ես դեռ աչքերով մի բան էի փնտրում,որով կծածկեի մարմինս։
Մայրս մոտեցավ ու գրկեց ինձ։Նրա հպումը ցավեցրեց,բայց հաճելի էր,չեմ հիշում,թե երբ էի վերջին անգամ ինձ այսքան մոտ զգացել նրան։
-Ո՞վ է սա արել,ո՞վ է իմ աղջկա հետ այսպես վարվել,-ասում էր նա գլուխս շոյելով ու լացակումաց ձայնով։
Ես մի փոքր ետ քաշվեցի,նայեցի մորս աչքերին,այնտեղ այնքան ասելիք կար,այնքան ցավ կար ու նա համառորեն դրանք պահում էր կոպերում։Բայց կոպերն այլևս ի զորու չեղան այդ քաոսը պահել իրենց վրա,ու արցունքները դուրս պրծան։
-Մա՜մ,ամեն ինչ լավ է,-ես սրբեցի նրա արցունքոտված այտերը։
Չնկատեցի,թե ինչպես նա ինձ տարավ մահճակալի մոտ ու դրա վրա դրված ծածկոցով փաթաթեց մարմինս։Այն տաք էր ու հաճելի,իմ սառած մարմնի համար՝ դրախտ։
Գլուխս դրեցի մորս ծնկներին,նա շոյում էր մազերս։Վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ ես այսքան խաղաղ եմ։Լուռ վայելում էի այս պահը,բայց մայրս ճեղքեց լռությունը ու ինձ ետ բերեց իրականություն։
-Ասա ինձ,ի՞նչ է պատահել,ո՞ւմ հետ խնդիրներ ունես։
-Գիտե՞ս մամ,ես ինքս էլ չէի ճանաչում նրանց։Փորձեցի պաշտպանել ուրիշին ու հայտնվեցի կռվում։
-Եթե սա երեկ ասեիր,կմտածեի,որ ստում ես ու սովորությանս համաձայն,որը դու տանել չես կարողանում,կգոռայի։
-Իսկ ես չէի պատկերացնում,որ քեզ ճշմարտությունն ասելը այսքան հեշտ կլինի։
Մայրս թեթև ժպտաց ու շարունակեց շոյել գլուխս։