Ձեզ մոտ եղել է այնպես, որ թվա' ամեն ինչ կարգին է, ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ ու վերջ, բայց հաջորդ վայրկյանին ամեն ինչ տակնուվրա լինի այնպես, կարծես երկինքն ու երկիրը փոխվեն տեղերով, հողն անմիջապես անհետանա ոտքերիդ տակից, և այն ամենը ինչ կառուցել էիր քանդվի մեկ վայրկյանում։ Իմ կյանքում նման երկու դեպք է եղել' երբ մայրս լքեց մեզ, և երբ Իսիլը լսեց ամեն ինչ։ Երևի ես այն ամենը, ինչ կառուցել էի, ստի ու կեղծիքի վրա էր, դրա համար էլ ամեն ինչ այդքան հեշտ կործանվեց' կարծես կամաց-կամաց շատ զգուշությամբ խաղաքարտերով ինչ-որ բան շինես, իսկ հետո մի սխալ քայլ, և ամեն ինչ փուլ գա, հավասարվի հողին, ասես ոչինչ էլ չի եղել։ Մեկ վայրկյանում մենք թարթում ենք մեր աչքերը, սիրտը մեկ վայրկյանում մեկ սեղմում է կատարում' արյունը մղելով մեր օրգաններ' ապրեցնելով մեզ, մեկ վայրկյանում մենք կարող ենք խորը շունչ քաշել, մեկ վայրկյանում կարող ենք ժպտալ, մեկ վայրկյանում կարող ենք այնքան բան զգալ և այնպես ապրել, որ տարիներ արժենա... Այնքա՜ն բան կարող ենք անել ընդամենը մեկ վայրկյանում... Մեկ վայրկյանում փուլ եկա ես այս անգամ։ Չէ...
Ես այն ռոմանտիկներից չեմ, ու այնպես էլ չէ, որ մինչև ականջներիս ծայրը սիրահարվել եմ Իսիլին, ու հիմա անհույս սիրահարվածի պես պիտի ինքնասպան լինեմ կամ օրերով արցունք աչքերիս սենյակիցս դուրս չգամ։ Պարզապես... Պարզապես այդ պահին ներսումս ինչ-որ բան կոտրվեց, որ հիմա ստիպում է ինձ ամենավերջին ստորը զգալ։ Պարզապես այդ պահին ես հիասթափվեցի ինքս ինձնից։ Մեկ վայրկյանում լուսավորվեց գլուխս ու ես մտածեցի' ինչի համար։ Ինչու՞ էի ուզում խաղալ Իսիլի հետ, ինչու՞ խաղացի։ Դառն էր գիտակցելը, որ ոչ մի պատճառ չկար, ես ուղղակի ուզում էի խաղալ, ես պարապ էի ու ինձ զբաղմունք էր պետք ձանձրույթից դուրս գալու համար։ Բայց դա պատճառ չէր տրորել նոր փոքրիկ ծառի բողբոջները, որոնք պտուղ պետք է տային, որոնց արդեն մեկ անգամ տրորել էին, բայց մեկ է, ուզում էին ապրել... Գրողը տանի, ամեն ինչ նոր էր սկսվում։ Ես նոր Իսիլի էի ինձ համար հայտնագործում։ Նա նոր-նոր էր սկսում ինձ թույլ տալ ճանաչել իրեն։ Իսկ ես մի վայրկյանում ամեն ինչ ջուրը գցեցի։ Հիշում եմ նրա հայացքը, նրա աչքերը։ Այդ պահին լեզուս կուլ տվեցի, և հաջորդ բառը խեղդվեց կոկորդումս։ Ես մոռացա' թե որտեղ եմ, ինչ եմ խոսում և ընդհանրապես ովքեր են շուրջս. ես տեսնում էի միայն նրա սևուկ աչքերը, որոնք այլևս չէին փայլում։ Նրանք դարձել էին նախկին Իսիլի աչքերը՝ նորից անտարբեր ու նորից սառցե։ Ես կարողացել էի նրան մի փոքր ազատություն տալ, ժպիտ պարգևել, իսկ այսօր ես իմ ձեռքով ետ վերցրի այն ինչ տվել էի։ Այսօր ես դարձա նրա համար միևնույն։
Մի պահ որոշեցի վազել նրա ետևից, իսկ հաջորդ վայրկյանին ոտքս քարացավ օդում։ Մտքովս անցավ, որ նորից ցավեցնելու եմ իմ բացատրություններով։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ կարող եմ ասել նրան։ Ասե՞մ, որ ամեն ինչ խաղ էր ինձ համար, ուզում էի պարզապես նրա վրայից պատռել այդ գրողի տարած դիմակը, խաղալ նրա զգացմունքների հետ՝ չգիտակցելով, որ իմ խաղն այլևս իմ օրենքներով չի շարժվում, այն դուրս է եկել հունից ու արդեն ինքն է թելադրում իր կանոնները։ Ողջ օրը ես փողոցներով թափառում էի՝ մոռանալով, որ այսօր հայրս պետք է ետ գար գործուղումից, մոռանալով, որ քույրս դեռ մանկապարտեզում է։ Անկախ ինձնից ոտքերս տարան Իսիլի տան դռան դիմաց։ Ինքնաբերաբար սեղմեցի դռան զանգն ու մինչ կհասցնեի ուշքի գալ և որոշել, որ պետք է շտապ հեռանալ այդտեղից, դուռը բացվեց ու ինձ նայեց երեսունն անց մի կին։ Տարիքը չէր հասցրել իր հետքերը թողնել նրա սպիտակ մաշկի վրա։ Նա գեղեցիկ էր իր պարզության մեջ։ Դեմքի նուրբ ժպիտը ինձ ջերմությամբ պարուրեց ու մի պահ ինձ հետաքրքրեց, թե իմ մոր ժպիտն ինչպիսին է, ինչպիսին է նրա դեմքը, արդյոք հասցրել են մանր կնճիռներ հայտնվել նրա դեմքին, որ մոտ էր իդեալականությանը։ Արդյո՞ք, նրա ժպիտն էլ է այսպես քնքուշ ու ջերմացնող։
CZYTASZ
Երկաթե լեդին/ The Iron Lady
FanfictionԵրբ վախը կլանում է քեզ, ողջ մարմինդ ու էությունդ, ամեն ինչ անհնարին է թվում: Իսկ հանգիստ սրտով ապրելը դառնում է երազանք, որի մասին մտածելն անգամ չափից շատ մեծ երջանկություն է թվում: Այլևս չկա ցանկություն պայքարելու, այլևս ուզում ես տրվել ծովի ալիքնե...