-Կարելի՞ է,- թակեցի Ադելինայի պալատի դուռը
-Իհարկե,-աղոտ լսվեց ներսից քնքուշ մի ձայն:
Ես ներս մտա.
-Ինչպե՞ս եք Ձեզ զգում
-Չգիտեմ
-Ցավեր ունե՞ք
-Ոչինչ չեմ զգում: Բթացել են զգացմունքներս
-Ինչ որ բան կցանկանա՞ք, որ բուժքույրը բերի
-Մի բաժակ ջուր, եթե կարելի է
-Լի՜դիա
Լիդիան արագ ներս մտավ:
-Ջուր բեր տիկնոջը
-Հիմա, բժի'շկ:
Ադելինան սպասվածից գունատ էր: Գիշերն ասես կախարդելիորեն փոխել էր նրան: Երեկվա նման չէր լացում, չէր բղավում, ինձ չէր մեղադրում: Աչքերը մշուշոտվել էին, ասես կյանքը կորցրել էր իր իմաստը:
-Ձեր ամուսինը հիվանդանոցի ճանապարհին էր մահացել, իսկ երեխայի կյանքը փրկել անհնար էր,-սկսեցի արդարանալ' չհասկանալով, թե ինչու:
Նա ոչինչ չասաց: Մի հայացք գցեց վրաս, հետո գլուխը թեքեց դեպի լուսամուտը:
-Ձեզ մի հինգ օրից դուրս կգրենք, եթե ցավեր չունենաք:
Նորից լռություն: Չէի հասկանում՝ նա լռում էր, որովհետև չէ՞ր լսում ինձ, թե՞ ես առանձնապես կարևոր բաներ չէի ասում:
Ես պտտվեցի, որ գնամ, երբ նա խոսեց.
-Ամուսինս նոր էր եկել գործուղումից: Երբ ես իմացա, որ հղի եմ, նա երկրում չէր: Շատ ենք հեռախոսով խոսել, բայց չեմ ասել այդ նորության մասին. սպասում էի, որ գար ու անակնկալ անեի: Ես էլ, ամուսինս էլ շատ ենք երազել երեխաների մասին:
Երբ նա գործուղումից եկավ, հղիությունս արդեն 14 շաբաթական էր: Շատ ուրախացավ' իմանալով հղիությանս մասին: Առաջին բանը, որ հարցրեց. երեխայի սեռն էր: Ես ինքս էլ չգիտեի, թե ինչ է սեռը և որոշեցինք միասին գնալ հիվանդանոց: Դեյվն այնքան երջանիկ էր, ասես աշխարհն իրենը լիներ: Ամեն ինչ այնքան լավ էր, որ ավելի լավ էլ չէր կարող լինել: Երբեք չես իմանա, թե երբ կյանքդ կավարտվի: Երբեք չես կարող կանխագուշակել հաջորդ վայրկյանը: Կյանքն ամբողջությամբ անակնկալներով է հյուսված ու դրանք շատ հաճախ հաճելի անակնկալներ չեն լինում:
Նրա հեռախոսը մի պահ զանգեց և երբ Դեյվը փորձում էր պատասխանել զանգին' առջևից մի մեքենա մեծ արագությամբ հայտնվեց:
Ադելինայի ձայնը սկսեց դողալ, իսկ աչքերը մի պահ արցունքոտվեցին: Նա հայացքը մեղմորեն փախցրեց ինձնից, իսկ ես' առանց ինչ-որ մի բան ասելու' հեռացա:
ВЫ ЧИТАЕТЕ
Խաչվող Ուղիներ
Romance...երբ ուղիները խաչվում են, նույնիսկ ճակատագրերն են տանուլ տալիս..