Ինչպես և ենթադրում էի՝ Ադրինեի մոլորված ու հուսալքված հայացքը դաջվել էր ուղեղումս։ Այնքան ծանր էր տեսնել, թե մեկ վայրկյանում անհանգստությունը ինչպես վերածվեց անզորության։ Հայացքը իսկույն խամրեց, և մեկը մյուսին հերթ չտալով՝ արցունքի բյուրեղիկները սկսեցին գլորվել նրա ճերմակ այտերն ի վար։ Ադան հազիվ լսելի ձայնով մի կերպ արտաբերեց 《Չի կարող պատահել》-ը և դուրս եկավ սրճարանից։Մինչև ուշքի եկա ու վազեցի նրա հետևից, արդեն նստել էր տաքսին։
Չնայած գլուխ գովալու հետ առանձնապես հաշտ չեմ,բայց քաղաքում իրոք ինձ գրեթե բոլորը ճանաչում էին։Սրճարանում նստած, Malibu-ի երկրորդ բաժակն էի դատարկում և թատերական հանդիսավորությամբ սիգար ծխում: Սեղանը, որի մոտ նստած էի, սրահի կենտրոնական մասում էր ու բոլոր կողմերից տեսանելի, այնպես որ հանդիսատեսի պակաս չունեի:
《Կարոտի գույնը》 անիմաստ վերնագրով սերիալում կանանց սիրելիի ու սրտակերի դերը խաղալուց հետո ուշադրության պակաս չունեի. խանութում, փողոցում կամ շուկայում միշտ էլ գտնվում էին մի քանի տասնյակ կանայք, որոնք սիրալիր ժպտում էին, հիացած ողջունում, զեղչեր անում կամ հուշում, թե 《Կորոտի գույն》-ում ում հետ կյանքը կապի իմ մարմնավորած կերպարը՝Ալեքսը։
Բայց տնային տնտեսուհիների ու շուկայի վաճառողուհիների ուշադրությունը բավարարվածության փոխարեն տհաճություն էր պատճառում: Խանութ կամ շուկա էի գնում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում,օգտվում էի հիմնականում առաքման ծառայություն ունեցող խանութներից :
Ժամանակին բավարարվածության մեծ զգացում էի ունենում, երբ ինչ-որ մեկը ճանաչում էր ինձ , իսկ հիմա, ճիշտ հակառակը, բավականություն պատճառում էր այն հատուկենտ մադկանց հետ շփումը, որոնք իմ մեջ Ալեքսին չէին տեսնում:
Այն ժամանակից, ինչ սկսեցի նկարահանվել այդ անիծյալ Ալեքսի դերում, անձնական կյանքս փլուզվեց: Անվերջանալի նկարահանումներին, իմ գերհոգնած ու ջղագրգիռ վիճակին չդիմանալով՝ հեռացավ ընկերուհիս: Սերիալում ծանրաբեռնվածության պատճառով թատրոնի նոր ներկայացումներում սկսեցին միայն էպիզոդիկ դերեր տալ, այն էլ միայն նրա համար, որ անունս օգտագործեն սերիալներ նայող հանդիսատեսին թատրոն բերելու համար: Իսկ սերիալի գործողությունների զարգացման հետ որքան ավելի սիրելի էր դառնում Ալեքսը, որքան ավելի մեծ հաջողություն էր նա ունենում կանանց շրջանում, այնքան ավելի միայնակ, դատարկ ու ձախողված էր իրեն զգում Ռուբեն Վաղարշյանը՝ այսինքն ես։
Իսկ այս սրճարանում ուրիշ էր,այստեղ ինձ չէին ճանաչում որպես օրական երկու-երեք սերիա նկարահանվող էժանագին սերիալի դերասան։Այստեղ ավելի սիրված էր թատրոնում շատ թե քիչ դերեր ստացած դերասանը, և չնայած որ ինձ ճանաչողները քիչ էին, այնուամենայնիվ, երբ մոտենում էին աշխարհն իմն էր լինում։
Փոքր կումերով խմում էի ռոմը և հետաքրքրությամբ զննում սրահի ծանոթ ու հարազատ հարդարանքը: Հայացքս կանգ առավ կողքի սեղանի մոտ նստած գեղեցկադեմ աղջկա վրա: Խոշոր, սև աչքեր, երկար մազեր, չափավոր, նրբաճաշակ դիմահարդարանք, որը ընդգծում էր դիմագծերի գեղեցկությունը և վերջապես՝ սև զուգագուլպաների մեջ պարփակված սլացիկ ոտքեր: Թվաց նա փորձում էր որսալ իմ հայացքը: Մարմնովս հուզմունքի մի ալիք անցավ: 《Հիմա այդ Ալեքս կոչվածին, այդ ողորմելի խեղկատակին ցույց կտամ, թե ինչի եմ ընդունակ》.-մտածեցի ես: Վերջապես մեր հայացքները հանդիպեցին: Գեղեցկուհին ժպտաց, ես էլ ժպիտով պատասխանեցի: Մինչ մտմտում էի, թե ինչպես մոտենամ , նա, պայուսակը վերցնելով, բարձրացավ նստած տեղից և ժպտալով մոտեցավ իմ սեղանին:
– Բարև Ձեզ, կարելի՞ է Ձեզ հետ նկարվել։
– Իհարկե,- անակնկալի գալով և մի փոքր շփոթվելով՝ պատասխանեցի ես։
Պայուսակից հանեց հեռախոսը և մոտենալով ՝ նա կքանստեց այնքան, մինչև հավասարվեց ինձ ու սելֆի արեց: Օծանելիքի բույրը, մարմնի հպումը իմ մարմնին նորից խլրտոց գցեցին հոգուս մեջ:Առաջարկեցի նստել և ինչ-որ բան խմել միասին: Համաձայնեց: Ձեռքս մեկնեցի.
-Ռուբեն։
Նրբորեն բռնեց ձեռքս.
-Ինգա։
Ծիծաղեցի՝ հուսալով, որ կատակում է, քանի որ այդպես էր այդ չարաբաստիկ սերիալում իմ կերտած կերպարի սիրած աղջկա անունը։Ցավոք շուտով հասկացա, որ Ինգան սելֆի է արել ոչ թե իմ, այլ Ալեքսի հետ: Ինգայի Ֆեյսբուքի էջում հավանաբար քիչ հետո կհայտնվի մեր լուսանկարը «Ինգան և Ալեքսը» տափակ մեկնաբանությամբ ու ժպտացող բոքոնիկներով կամ ոսկեղենիկ հայերենով ասած՝ 《սմայլիկներով》: Պետք էր խլել Ինգային Ալեքսից, պետք էր ցույց տալ, թե ինչ ոչնչություն է Ալեքս կոչվածը Ռուբենի համեմատ:
Ինգան ասաց, որ ոչ մի սերիա բաց չի թողնում 《Կարոտի գույնը》 սերիալից և որ այն նայում է միմիայն Ալեքսի, այսինքն՝ իմ խաղի համար: Ասացի, որ
իրականում ամաչում եմ այդ սերիալում խաղալու, Ալեքսին մարմնավորելու համար: Սկսեցի ծաղրել սերիալի սցենարը, դերասանական խաղը, ռեժիսորական աշխատանքը: Բայց հանկարծ նկատեցի, որ սերիալի ու Ալեքսի հասցեին հնչած ամեն քննադատության հետ Ինգան ավելի է լրջանում, և նրա դեմքին հիասթափության նշաններ են հայտնվում:
Անհրաժեշտ էր փոխել խոսակցության թեման, մոռացության մատնել այդ 《անթերի》կերպարին: Թատրոնում իմ խաղը տեսե՞լ է Ինգան: Ո՞չ: Ուրեմն ես կհրավիրեմ հաջորդ իսկ երեկոյան Շեքսպիրի «Մակբեթը» նայելու, որտեղ Մակբեթի դերն էի խաղում:Երկար բարակ բացատրեցի,որ սերիալում նկարահանվելը անհրաժեշտություն է, իսկ թատրոնում խաղալը կյանքի նպատակ և պատկերացրեք, թե ինչ զգացի, երբ մոտ 15 րոպե նրան 《Կարոտի գույն》-ի անիմաստությունն ու անմակարդակությունը բացատրելուց հետո լսեցի հետևյալ արտահայտությունը.
– Դուք այնքա՜ն նման եք Ձեր մարմնավորած հերոսին: Հավանաբար դրանից է, որ այդքան հարուստ ու վառ կերպար եք կերտել: Ալեքսը միաժամանակ այդքան արտիստիկ է և այդքան բնական:
Հուսահատ մի կատաղություն սկսեց խմորվել մեջս: Հազիվ զսպեցի ինձ, որ ամենահետին բառերով չհայհոյեի Ինգային: Ռոմիցս մի մեծ կում արեցի: Ինգան ներողություն խնդրեց և, տեղից բարձրանալով՝ քայլեց դեպի կանացի սենյակի դուռը: Հայացքով հետևեցի նրան: Ետևից նույնքան գեղեցիկ ու գայթակղիչ էր: 《Ռուբո, եթե երջանիկ լինելու համար պետք ա Ալեքս դառնաս, ուրեմն, ա՛յ ապուշ, դարձի՛ր》,- մտածեցի ես։Իսկ Ալեքսի կյանքի նպատակն էր հնարավորինս շատ գեղեցկուհիների ստիպի խելագարվեն իր համար և վայելի նրանց հավատարմությունն ու կիրքը։Երկրորդը շատ ավելի էր արժեվորվում այդ 《Դոն Ժուան》-ի կողմից։
Մի խոսքով այդ օրը վերջնականապես որոշեցի դուրս գալ զուսպ և հավասարակշռված երիտասարդի կերպարից և միաժամանակ ինձ տալ վայելքներին։Չէ՞ որ ամենանպաստավոր պայմաններն ունեի ուզածիս պես զվարճանալու համար։
《Արամի ու Ադայի բաժանումը,վերջինիս հուսահատված հայացքն ու Ալեքս կոչվածը պետք է դադարեն ինձ խանգարելուց》։
-Միշտ փորձում ես ինչ-որ լավ բան տեսնել ընկած և կյանքի մեջ խճճված մարդկանց մեջ,որի համար դու պարգևատրվում ես 《անառակների ու լքված կանանց լավագույն փաստաբան》 մրցանակով,-մշտապես հեգնում էր Արամը։
Ինչևէ որոշեցի մի քիչ Ալեքսանալ։
ВЫ ЧИТАЕТЕ
ԵՐԿՏԵՂԱՆՈՑ ՔԱՐԸ
RomanceԻ՞նչ կկատարվի եթե երիտասարդ տղան սիրահարվի մի աղջկա,ում հետ միայն ժամանակ անցկացնելու համար էր ծանոթացել։Կկարևորի՞ արդյոք շրջապատի կարծիքը,թե աչք կփակի այդ ամենի վրա ու սեփական երջանկությունը ամենից վեր կդասի։