Երեկոյան Երևանը ինչպես միշտ մարդաշատ էր ու ակտիվ։ Սրճարանների ու խանութների լույսերը, հյուսիսային պողոտայում իրենց տաղանդը ցուցադրող փողոցային երաժիշտները,նրանց առաջ սմարթֆոնները պարզած տեսանկարահանող հանդիսատեսը,բարձր ծիծաղող երիտասարդները, աչքի տակով շուրջը նայող դեռահաս աղջիկները,որոնք նոր էին ընտելանում հակառակ սեռի ուշադրությանը…այս ամենը այդ երեկո չէի նկատում։Գլխումս մի միտք էր պտտվում.《ինչի՞ էդքան խմեցի։Հիմա ժամադրել եմ մի աղջկա,որին օգտագործել ու լքել է ընկերս և որը այդ հանդիպմանը գալու է Արամի մասին հիշեցնող ինչ-որ իրեր իմ միջոցով հետ վերադարձնելու նպատակով։Բա ես ինչպե՞ս ինձ պահեմ։Քննադատե՞մ ընկերոջս ու հասկացնեմ,որ չեմ արդարացնում նրա արարքը》 ։Այս հարցերը այդպես էլ անպատասխան մնացին, ու ժամը ուղիղ 20։30-ին, ինչպես և պայմանավորվել էինք, երևաց Ադրինեն։ Անզեն աչքով էլ երևում էր,որ ջանք ու եռանդ չէր խնայել ,որպեսզի տպավորություն ստեղծի իբր անհոգ և ուրախ է,բայց աչքերի տակ գոյացած պարկերը լրիվ այլ բան էին վկայում։ Նույնիսկ ողջունելուց նրա ժպիտը շինծու էր։ Այտերով հպվեցինք միմյանց և քայլեցինք դեպի իմ սիրած վայրերից մեկը,որը գտնվում էր հանրապետության հրապարակին հարակից շենքերից մեկի տանիքին։Տեսարանը անխոս հրաշալի էր։Սրճարանի բոլոր այցելուները, իրար հերթ չտալով, սելֆի էին անում գիշերային Երևանի ֆոնին, ապա լուսանկարում էին սեղանին դրված մի կտոր խմորեղենն ու ջիջիլ գցում Ֆեյսբուքյան ընկերներին։ Միշտ զարմացել եմ, թե մարդիկ ինչու՞ չեն դադարում ուրիշների համար ապրել։Օրինակ ինչու՞ է սրճարանում իրար հետ շփվելու ժամանակը վատնվում տասը դիրքից իրենց մի կտոր միկադոն նկարելու և հետո ողջ երեկոյի ընթացքում այդ ֆոտոյի լայքերը հաշվելու վրա։Որպես կանոն հավանողների ցուցակից հենց մի քանիսին զարմացնելու համար էլ արվում է այդ հրապարակումը ու վերջիններիս լայքից հետո կարծես հոգու հանգստություն են զգում։Ինչևէ պետք է ժամանակին համընթաց քայլել…եթե մարդիկ այդքան կարևորում են իրենց կերածով մյուսներին զարմացնելու երևույթը, ուրեմն դա է ճիշտը։
Այդ երեկո նույնիսկ չէի նկատում Ալեքսի երկրպագուհիների անտակտ հայացքները։Նայում էին ուղիղ աչքերիս մեջ ու կարծես սպասում էին,որ ողջունեմ իրենց,բայց այդ պահին չէի ուզում սպանել նրանց…ավելի կարևոր բանով էր միտքս զբաղված։
-Մատներդ ջարդոտելու, ոսկորները ճրթճրթացնելու սովորությունից վաղուց էիր հրաժարվել: Էսօր, թվում է, առողջ ոսկոր չթողեցիր արդեն,-պատվիրելով իր սիրած սառը լատեն՝ խոսեց Ադրինեն։
Չգիտեի ինչ դիրք զբաղեցնեմ։Նման էի մի զինվորի,ով առանց հրամանատարի է մնացել ու չի կողմնորոշվում ինչպես վարվի՝թաքնվի խրամատում,կրակի խրամախորշից, թե՞ լսի ներքին ձայնին և…
-Ադա՛,ես չեմ արդարացնում Արամի արարքը…
-Պետք չի Ռուբ,միակ մեղավորը ես եմ։Գրողի տարած հիմար Ադան,որ չխրատվեց նախկին տականքի ստորությունից ու…ու հանդիպեց էլ ավելի տականքի։ Ապշում եմ անուղեղությանս վրա, այդ 《կենդանին》, հա՛,հա՛, հենց կենդանին,որովհետև մենակ կենդանական բնազդը կարող էր ստիպել նրան օգտագործել ինձ։
Ադրինեի ամեն մի խոսքը վերջնականապես կոտրում էր իմ մեջ ընկերոջս հանդեպ դեռ մնացած հարգանքի վերջին բյուրեղները։
-Ռու՛բ,ես չեմ ասում թե լավն եմ կամ սխալներ չեմ գործել… կամ առավել ևս չեմ կարծում թե լավագույն հարսնացուի թեկնածու եմ,բայց…անկեղծ եմ,կատարյալ անկեղծ, թեկուզ և…թեկուզ և իմ կյանքում մինչև Արամը այլ տղամարդ էր եղել։Հա հետո՞ ինչ,հետո՞ ինչ։Ինչի՞ չեք հասկանում,որ այդ տղամարդը եղել է իմ երկրորդ եսը,ում կյանքիցս շատ եմ սիրել,-այս բառերն ասելիս Ադրինեն ափերով ծածկեց դեմքն ու ողջ մարմնով սկսեց դողալ։
Այնքան լավ էի տեսնում,որ անզորությունից ուզում էր գոռալ, ուզում էր բարձր հեկեկալ առանց մտածելու,որ կողքից կնկատեն իր լացը…
Մի կերպ կարողանալով սթափվել՝ նա անձեռոցիկով սրբեց կարմրած աչքերն ու պայուսակից հանեց մի փոքրիկ կապոց։
-էս կտաս ընկերոջդ։Կտաս ու կասես,որ…ոչինչ չասես։Ուղակի տուր ու ասա ես եմ փոխանցել։
-Լավ,-բառեր չգտնելով՝ պատասխանեցի ես,-Ադա…
-Ասա…
-Ըհը,մեր սուրճը բերեցին…
-Ռու՛բ, ես վախենում եմ…կներես, որ ճնշում եմ քեզ,բայց վախենում եմ։Էս ծայրահեղ վիճակս մի քանի օր կտևի, չեմ ուզում էնպիսի բան անեմ,որ հետո…
Նրա մի փոքր կլորիկ դիմագծերը սրվել էին հոգնածության, տառապանքի և անքնության բեռից։ Նույնիսկ ճերմակ մաշկն էր մի տեսակ խամրել։
Վերջին խոսքերը լսելիս մի անբացատրելի դող անցավ մարմնովս։Մի բան զգացի,որից ինքս ինձանից սկսեցի ամաչել…զգացի,որ Արամի ստորությունը սրտովս է,այո՛, հենց այդպես։
《Նա մենակ է…Ադայի կողակցի հաստիքը այլևս թափուր է։Բայց երբեք այդ 《պաշտոնի》 վրա աչք չեմ ունեցել։Ի՞նչ փոխվեց։Վերջապես գտա սիրո բաղադրատոմսը կամ բազմաթիվ բաղադրատոմսերից մեկը' վերցնում ենք հարգանքը,վրան ավելացնում ենք մի փոքր համակրանք,այդ ամենը լավ խառնում ենք մինչ դառնա միասեռ զանգված, ավելացնում ենք խղճահարություն և օգնության ձեռք մեկնելու մեծ ցանկություն ու եփում ենք վստահության ու արտաքին գեղեցկության վառարանում։Հասկացա,որ ինչ-որ բան եմ սկսել զգալ Ադրինեի հանդեպ։Բայց սե՞ր էր…չէ՛, դժվար թե։Այդպես միանգամից չեն սիրահարվում մի մարդու, ում տարիներ շարունակ ճանաչել են ու շփվել հետը՝ համակրանքից բացի ոչինչ չզգալով։
《Իսկ եթե ես էլ եմ ուզում…օգտվել ստեղծված իրավիճակից։Չէ՛,չի կարող պատահել։Կօգնեմ նրան, ու չեմ սիրի…չեմ էլ օգտվի։Ես 《կենդանի》 չեմ…》։
Միշտ այն մտքին եմ եղել,որ սերը 《որոշում է》։Եթե զգացմունքներիդ որոշում ես ազատություն տալ ,կարող ես սիրել ցանկացածին։Որոշեցի չսիրել Ադային…միայն օգնել։
Անկախ ինձանից պարզեցի ձեռքս և նրա նուրբ մատներն առա ափիս մեջ։ Հայացքս ընկավ կրծած եղունգներին,որոնք անքուն գիշերվա և նյարդային վիճակի արտացոլանքն էր։Ադան նկատեց և արագ ծալեց մատներն այնպես,որ մասամբ վնասված դեղին 《լաք》-ը թաքցնի։
Թեման փոխելու և իրավիճակը մեղմելու համար սկսեցի զրուցել Տարանտինոյի վերջին գլուխգործոցի մասին։Ադրինեն անուղելի կինոման էր։
-Ու՜ֆ, Ռուբ ջան,իմ կյանքը ավելի խճճված ու անհասկանալի է, քան Տարանտինոյի ցանկացած ֆիլմ,- հոգոց հանեց նա։
-Չէ՛,էս մեկը հաստատ ավելի բարդ է՝ 《Մի անգամ հոլիվուդում》։Գնա՞նք նայենք։Համ էլ կցրվես։
Այդ երեկոյի ընթացքում առաջին անգամ մեղմ ժպիտ հայտնվեց Ադրինեի դեմքին։Թաղծոտ հայացք,ժպիտ ու այտերին առաջացած փոքրիկ փոսիկներ …հրաշալի պատկեր էր…
Անհասկանալի էր մի բան…մի՞թե այդքան փորձությունների միջով անցնելուց հետո Ադրինեն չէր դադարում վստահել դիմացիններին։Բա որ ես էլ օգտվեի իր հոգևիճակից…կարող էի։
ВЫ ЧИТАЕТЕ
ԵՐԿՏԵՂԱՆՈՑ ՔԱՐԸ
RomanceԻ՞նչ կկատարվի եթե երիտասարդ տղան սիրահարվի մի աղջկա,ում հետ միայն ժամանակ անցկացնելու համար էր ծանոթացել։Կկարևորի՞ արդյոք շրջապատի կարծիքը,թե աչք կփակի այդ ամենի վրա ու սեփական երջանկությունը ամենից վեր կդասի։