ՄԱՍ 6

322 15 6
                                    

Ժամը 17։30 էր, երբ արթնացա քթիս կաթացող սառը ջրից։Աչքերս բացեցի և բնականաբար Լիզան կանգնած էր գլխավերևումս՝ ջրի բաժակը ձեռքին։
    -Պարո՛ն Մարտիրոսյան, պադյո՛մ ։
    -Ի՞նչ է պատահել ,- աչքերս տրորելով՝ խոսեցի ես։
    -Ամենաների առաջին հատորը պատրաստ է, սկսեք սրբագրել, իսկ Մոնիկան թող զբաղվի լուսանկարների դասավորման և կազմի ձևավորման աշխատանքներով,-ակնհայտորեն նյարդայնանալով այն փաստից,որ ինքն աշխատում է,իսկ ես քնած եմ՝ պատասխանեց Լիզան։
   -Մի հատ սուրճ կազմակերպիր,երկու րոպեից շարքում կլինեմ,-նստելով բազմոցին՝ ձեռքս քցեցի դեպի աթոռին դրված բլուզս և հագա այն։
  Լիզան, լինելով զինվորականի դուստր, զգաստացավ և պատվի առնելով՝ բղավեց.
   -Լսու՛մ եմ, պարո՛ն սրտակեր, էէէէէ՜, ասում եմ սրտակեր…անունդ սկսել եմ շփոթել, ա՛յ տղա,-իսկ միգուցե Ձեր սիրած CHIVAS REGAL 12 հրամցնե՞նք Ձերդ գերազանցությանը…
   -Լի՛զ, մի ջրիկացի էլի, ախպոր պես,-հոգոց հանելով' ընդհատեցի ես,-էդ չարաբաստիկ CHIVAS-ի թեթև ձեռքով ընկա այդ վայրենու ձեռքը…ճանկը ավելի ճիշտ։
   -Անամո՜թ…գոնե շնորք ունեցիր ու լռիր,- փնթփնթաց չաչանակը և դուրս եկավ հանգստի սենյակից։
  Իմ սիրային ինտրիգները մեր գեղեցկուհուն իրոք ցավ էր պատճառում։Դա անզեն աչքով էլ նկատելի էր, չնայած առանձնապես չէր էլ փորձում թաքցնել,բայց դե, ինչ արած,սրտիդ չես հրամայի։
   Լիզայի պահանջները կատարելուց հետո մոտեցա 《Վահե Մարտիրոսյանի անվան բազմոցին》։ Նորից նստեցի,նորից ոտքերս դրեցի սեղանին,նոթբուքը գիրկս և…բարեբախտաբար պատասխան հաղորդագրությունը ինձ էր սպասում։
    Ռոզա Նաթալի (14։33) Չնայած որ տանել չեմ կարողանում 《ժարգոն》 կոչվածը, այնուամենայնիվ, ավելի հարմար արտահայտություն չեմ գտնում քեզ բնութագրելու համար՝դու դեմք ես։Եվ հետաքրքրի՞ր է,ես իրավունք ունե՞մ Ռոզայի կենսագրությանը ծանոթանալու,թե միայն գիրքը ձեռք բերելուց հետո։
   Էթերիի հաղորդագրությունը կարդալիս ակամայից ժպտացի, ու դա բնականաբար աննկատ չմնաց ընկերներիս կողմից։
   -Հլը դրան նայիր, Լի՛զ,-գլխով իմ կողմը ցույց տալով՝ հեգնեց Առնակը,-գիտե՞ս ինձ թվում է Վահեն ու Ռոզան վաղեմի ծանոթներ են, ու այս պինգվինին բոլորովին չի հետաքրքրում գիրք տպագրելու հարցը։
    《Սրանք հիմա են վրաս ծիծաղում,բա որ իմանան արդեն անունն ու անձնական կյանքից որոշակի տվյալներ եմ պեղել, կյանքս կուտեն》.- մտածեցի ես ու վերջնականապես որոշեեցի իմ ու Էթերիի բանակցությունների մանրամասների մասին ընկերներիս հետ չկիսվել.- 《Երբ Էթերին վերջնական համաձայնությունը կտա գիրքը տպագրելու, ուղղակի կհայտնեմ արդյունքների մասին և վերջ》։
   Վահե Մարտիրոսյան (14։37) Ուրեմն նախ մի քանի ճշտումներ մտցնենք, հետո նոր կծանոթացնեմ ձեզ հայկական Ագաթա Քրիստիի կենսագրությանը։
1)Ձեր երազանքների քաղաքը
2)Տարիքը (գոնե մոտավոր)
3)Ծննդավայրը
Այս երեք հարցերին պատասխանեք խնդրում եմ և ես մեր հանճարեղ արձակագրի կենսագրությունը ներկայացնեմ Ձեր դատին։Այն կենսագրությունը,որը տպագրված է լինելու Ռոզա Նաթալիի անդրանիկ ժողովածուի սկզբնամասում։Հա, ի դեպ շուտով նաև պատրաստ կլինի նրա լուսանկարը,որը Ձեզ կհիշեցնի Ֆաբիան Պերեսի վրձնին պատկանող սևահերին։
   Այս անգամ պատասխանը ակնթարթային էր։Ակնհայտ էր,որ Էթերին նույնչափ տարված է մեր զրույցով, որքան և ես։Նաև նշեմ,որ մի քանի վայրկյան տարբերությամբ նա հավանեց բոլոր 12 լուսանկարներս,ինչը նշանակում էր,որ փորփրում է էջս։
   Ռոզա Նաթալի (14։39) Ա՜յ թե կարողանում ես մարդուն լարված պահել։Սիրով պատասխանեմ՝
1) Չգիտես ինչու պաշտում եմ Մարսել քաղաքը։Տեսել եմ միայն լուսանկարներով և լսել հորաքրոջս հիշողությունները այդ քաղաքի մասին,որտեղ ապրել էր 39 տարի։Սա այն դեպքն է,որ պարտադիր չէ ամենալավը հոգուդ հարազատ լինի,կան միջակություններ, որոնք քոնն են և վերջ։
2) Ծնվել եմ 70-ականների երկրորդ կեսին ( ուրախ բոքոնիկ)
3) Ծնվել եմ մայրաքաղաքում։
Դե չուշացնես իմ ամենասիրելի հեղինակի մասին տեղեկությունները։ Անհամբերությամբ սպասում եմ իմ ու Ռոզայի ծանոթությանը։
Վահե Մարտիրոսյան (14։42) Եվս մի քանի խոսք ,եթե կարելի է և մի քանի րոպե անց կուղարկեմ տեքստը, իսկ ժամեր անց նաև լուսանկարը,որը պատրաստում է մեր համակարգչային մասնագետը՝ Ձեր՝ ավելի ճիշտ Ռոզայի պրոֆիլի գլխավոր նկարի հիման վրա,որը ես վաղուց 《լայքել》 եմ։Վստահ եմ,որ ամբողջ կյանքում կարծել եք , թե Ձեր երջանկություն ստեղծողները պետք է ուրիշները լինեն, մինչ այն պահը, երբ հսկա աղյուսների մի ամբողջ պատ կշինեք ընդեմ բոլոր վախերի ու փորձությունների։ Այդժամ կդառնաք ինքներդ Ձեզ ստեղծողը ու սեփական երջանկության միակ մեղավորը։
   -Վահե՜, ա՜յ Վահե։Արա՛, խու՞լ ես,-բղավեց Առնակը,-մեռա կանչելով։
Այնքան էի տարվել նամակագրությամբ,որ չէի լսել ինձանից երկու մետր հեռու տաք սուրճով լի բաժակները ձեռքին կանգնած ընկերոջս։
   -Ի՞նչ ես գոռում,-բնազդաբար  պատասխանեցի ես,-իհարկե լսում էի,ուղղակի վերջին տողն էլ գրեցի նոր արձագանքեցի։
   -Պա՛հ,պա՛հ,պա՛հ, տեսեք-տեսեք նա լսում էր։ Տո դու որ տեսնեիր քեզ սուրճ եմ բերել, կհարձակվեիր վրաս,- իրավացիորեն հեգնեց Առնակը,-մի բան ստացվու՞մ է։
   Ինչպես և որոշել էի այս հարցին պատասխանեցի հակիրճ և առանց մանրամասների։
   -Ոնց որ թե հա,բայց կեղծանվամբ և մի պայմանով,որ Ռոզան պետք է ոչ մի տեղ չերևա։
     Առնակը ժպտաց.
    -Վերջապես,մեր Վահեն կվերադառնա մեզ մոտ։ Ինչ տիկին Ագաթան հայտնվել է մեր տեսադաշտում, քեզ կորցրել ենք։
   -Մի ջրիկացի…
    -Լա՛վ,լա՛վ, մի՛ ջղայնացի։Իրականում ես էլ եմ համամիտ,որ այդ հեղինակի հետ համագործակցությունը կարող է շատ փոխշահավետ լինել,իսկ այդ կեղծանվան և չերևալու հարցը լուծելը բացարձակ խնդիր չէ։Ինչպես ասում են. 《մի լեգենդ կհորինենք և վերջ》։Վերջ ի վերջո դետեկտիվ ժանրում ստեղծագործողները իրավունք ունեն չբացահայտվելու։ Մի առեղծվածային կերպարի կվերածենք Ռոզա Նաթալիին,որը էլ ավելի կհետաքրքրի ընթերցողների։Կամաց- կամաց սկսե՞մ զբաղվել գովազդային հարցերով։
    Ընկերոջս վերաբերմունքը մեր համատեղ աշխատանքին միշտ հիացրել է ինձ։Այնքան հեշտությամբ է խոսում տիտանական աշխատանքների մասին,որ կողքից լսողները կմտածեն, թե ընդամենը մի բաժակ ջուր խմելու մասին է խոսքը։
   -Դե մտահաղացումները կարելի է մի տեղ նշել,-պատասխանեցի ես,-ես ասել եմ Պավելը այժմ լուսանկար է պատրաստում նրա ֆեյք պրոֆիլի գլխավոր նկարի հիման վրա, ես էլ կենսագրությամբ եմ զբաղվում։

ՏԻԿԻՆԸ ՄԱՐՍԵԼԻՑ (18+)Место, где живут истории. Откройте их для себя