Կուլ տալով արդեն երրորդ բաժակ ռոմ մալիբուն է հայացքով կանչեցի մատուցողուհուն.
-Ինչպես միշտ։
-Մենթոլ ու խնձո՞ր,- ժպտալով ասաց շիկահեր 《դատարկությունը》։
-Այ տես,որ ուզում ես միանգամից գլխի ես ընկնում։ Էն կարճ,կարմիր մազերով կատաղած ընկերուհուդ չկարողացա հասկացնել 《ինչպես միշտը》 որն է։Շաբաթը երեք օր ձեզ մոտ եմ,բայց ամեն ագամ նույն ոգևորությամբ բլոկնոտի մեջ գրում է նարգիլեիս համը ու հեռանում։Չափազանց 《ընդունակ》 աղջիկ է…
Շիկահերը ինքնագոհ ժպտաց ,կարծես հենց նոր գերազանցության դիպլոմ ստացած լիներ ինձանից։ Սա էլ էր շուրթերն այնքան փքել,որ հազիվ էր առաջը տեսնում,իսկ ծոծրակին անհասկանալի պատճառով թռչունների երամ էր դաջած։Մի սարսափելի երևույթ էր,ում համար մատուցողուհի աշխատելը մեծագույն ձեռքբերում էր։Ամեն անգամ հաշիվը փակելուց մեկ կամ երկու հազար թեյավճար էի թողնում ու վերջինս համոզված էր,որ դա անում եմ իր հանդեպ հատուկ վերաբերմունքից դրդված,որը վաստակել է իր 《հմայիչ》 ժպիտով ու իբր սիրալիր վերաբերմունքով։
Ժամը արդեն 22։50 էր,բայց ես դեռ չէի կարողանում ինքս ինձ համոզել լքել այս բարը և վերջապես գնալ տուն։Պաշտում էի այստեղի երաժշտությունը, մթնոլորտը,նարգիլեն։Այն եզակի տեղերից էր,որտեղ կարելի էր մտածել, իսկ ես այդ օրը շատ մտածելու բան ունեի։Ուզում էի ինքս ինձ հասկանալ,ուզում էի գտնել հետս կատարվելիքի անվանումը։Շատ էի լսել 《վիրտուալ սեր》 կոչվածի մասին,որը չնայած ոչ մի լուրջ բան իրենից չէր ներկայացնում, այնուամենայնիվ, խանգարում էր իրական աշխարհում սեփական կյանքը դասավորելուն։ Այնպիսի տպավորություն էր,որ իրականությունը աստիճանաբար մղվում է երկրորդ պլան՝ իր տեղը զիջելով հաղորդագրություններին։ Միգուցե Էթերիի հետ վիրտուալ շփմամբ տարվելու պատճառը ռեալ կյանքում առկա խնդիրներն ու բազմատեսակ սթրեսային իրավիճակներն են։Միշտ կարծում էի,որ այս տեսակի շփման են ձգտում այն մարդիկ,ովքեր իրականում ինքնաարտահայտվելու խնդիր ունեն,հակառակ սեռի հետ շփան բարդույթներ, որևէ արատ կամ ուղղակի ինքնահաստատման կարիք։ Վստահաբար կարելի էր ասել ,որ ո՛չ ես, ո՛չ էլ Էթերին վերը նշված մարդկային տեսակին չէինք դասվում։ Ինչևէ չէի կարող ինքս ինձ չխոստովանել,որ ուշք ու միտքս Էթերին է՝կին, ում ո՛չ տեսել եմ,ո՛չ էլ լսել,ընդամենը կարդացել եմ նրա հաղորդագրությունները, որոնք ով ասես կարող էր գրել գեղեցիկ կնոջ փոխարեն։Այնուամենայնիվ մեր վիրտուալ շփումը հաջորդ օրը երեկոյան 18։30-ին տեղափոխվելու էր իրականություն։ Պայմանավորվել էինք Դրամատիկական թատրոնին կից մի շատ հաճելի վայրում,որտեղ սիրում էի վայելել ջազի անզուգական կատարումներ։Իմիջայլոց հանդիպման վայրի ընտրությունը նույնպես նրանն էր։Եվս մեկ ապացույց,որ այդ կնոջը երկար էի փնտրել…բայց ուշացել էի մոտ տասը տարի հետո ծնվելով։
《Վահե՛, ցնորվե՞լ ես։Նա արձակագիր է, դու գրական գործակալ, և վերջ։Այդ կինը ամուսնացած է, չափահաս որդի ունի ու, վերջապես, նույնիսկ չես էլ տեսել նրան》.- համոզում էի ինքս ինձ,բայց ապարդյուն։
Հանդիպումից առաջ այնպես էի լարվել և հուզվել կարծես կյանքումս առաջին անգամ ժամադրության գնալիս լինեի, այնինչ ընդամենը գործնական քննարկում էր լինելու ու վերջ։ Նա նույնիսկ մերժեց ինձ որևէ բացօթյա սրճարանում հանդիպել՝ խուսափելով կողմնակի աչքերից։Ակնհայտ էր,որ Էթերին ինքն իր հետ կռիվ էր տալիս, ավելի ճիշտ Էթերին և Ռոզան պատերազմում էին միմյանց դեմ և դրա դրդապատճառը մեկն էր՝ անառողջ մթնոլորտը ընտանիքում։Երբ փորձում եմ ինձ պատկերացնել նրա ամուսնու փոխարեն, կարծում եմ,որ միմիայն ուրախ կլինեի կնոջս նման նախասիրության մասին իմանալով ու միանշանակ կդառնայի նրա առաջին ընթերցողը,գրաքննադատը և խորհրդատուն։
《Է՜հ, բախտի տերը թաղեմ,իսկ ինձ միայն այդ բադի դեմքով ու քառակուսի մտածելակերպով խրթվիլակներն են փորձում իրենցով անել…հա մեկ էլ՝ Լիզան》։
ВЫ ЧИТАЕТЕ
ՏԻԿԻՆԸ ՄԱՐՍԵԼԻՑ (18+)
RomansԵրբեմն կիրքն այնքան հզոր է լինում,որ նրան շփոթում են սիրո հետ։Սե՞ր թե ֆիզիկական տենչանք։Երբ հաշվի չես առնում ոչ տարիքային տարբերություն և ոչ էլ ընտանեկան վիճակ...