Ամառվա անտանելի շոգերը դեռ նոր էր սկսվում՝ հունիսի 15-ն էր կամ 16-ը։Առնակը և Լուիզան փորփրում էին facebook-ի գրական խմբերը,որոնք օր օրի ավելանում էին, իսկ ես նստել էի բազմոցին և ոտքերս փոքրիկ սեղանին դրած՝ պլանշետով փորձում էի ընտրել երիտասարդ և խոստումնալից արձակագիր Արմո Ղարագյոզյանի՝ որին մենք ընտրել էինք Արմո Դավիթ (Դավիթ նրա հոր անունն էր) կեղծանունը, առաջին պատմվածքների ժողովածուի կազմի դիզայնը։Մեր աշխատակցուհի Ալինան տասնյակից ավելի տարբերակներ էր առաջարկել, և դրանցից ամենագրավիչն ու ակնահաճոն առանձնացնելու չափազանց բարդ պարտականությունը բաժին էր հասել ինձ։Պարբերաբար հայացքս ուղղում էի դեպի ընկերներս։Նույնիսկ երկու անգամ բռնացրեցի Լիզայի 《թաքուն》 հայացքը։ Նման իրավիճակ պատահում էր օրական նվազագույնը չորս-հինգ անգամ, ու թե սկզբնական շրջանում նա կտրուկ շրջում էր գլուխն ու նայում լրիվ այլ ուղղությամբ, հիմա արդեն համառորեն չռում է աչքերը վրաս՝ հույս ունենալով,որ կհասկանամ ներսը կուտակվածը,որը չի հանդգնում խոստովանել։ Ամեն անցնող րոպեի հետ մեր չաչանակը հասկանում էր, որ լինելու բանը վաղուց կլիներ,բայց այնուամենայնիվ, լուռ պայքարը չէր դադարեցնում։ Բազմիցս փորձել էր Առնակի միջոցով ինձ հասկացնել,որ կարող էինք դառնալ լավագույն ընտրությունը միմյանց համար, վերջինս էլ գլխիս մի քանի ժամանոց դասախոսություններ էր կարդացել և առ այսօր շարունակում է գլուխս ցավեցնել 《ավելի լավի՞ն ես գտնելու》 արտահայտությամբ,բայց դե սիրելը խոմ զոռով չէ։ Չէ՛,չէ՛ և նորից չէ՛,Լիզան ինձ համար կարծես քույր լինի,հարազատ քույր և ես նրա հետ սեր-սեր խաղալ չեմ կարող։Չգիտեմ, էլ ոնց բացատրեմ,որ այս երկուսը հասկանան. գրողը տանի չեմ սիրում նրան որպես կողակից, այլ պաշտում եմ որպես հարազատ հոգի։Աստիճանաբար այս ամենը սկսում էր անտանելի դառնալ ։Մի անտեսանելի պատ էր գոյանում իմ և մեր 《խուճուճիկ》-ի միջև։Օր օրի ավելի կաշկանդված էինք դառնում։Նույնիսկ սկսել էի խուսափել Լիզայի հետ միայնակ մնալուց։
Եվ ահա այդ օրը Առնակը մեզ հայտնեց հերթական բացահայտման մասին, որի հետ համագործակցությունը կարող էր մեզ լավ գումարներ բերել, իսկ ընթերցասեր հասարակությանը մի նոր 《մակարդակով》 հեղինակ պարգևեր։ Գլխավոր լուսանկարում Ֆաբիան Պերեսի կտավներից մեկն էր՝ սևահեր գեղեցկուհի՝ գինու գավաթն ու ծխախոտը ձեռքին, իսկ անունը կամ ավելի ճիշտ կեղծանունը՝ Ռոզա Նաթալի էր։Ակնհայտ էր,որ այսպես կոչված 《ֆեյք》 պրոֆիլ էր։Ո՛չ ընկերներ ուներ, ո՛չ այլ լուսանկարներ, միայն ստեղծագործություններ էին և թեմային համահունչ նկարներ,որոնց մեծամասնությունը հենց Պերեսի աշխատանքներն էին։Ի դեպ եթե ծանոթ չեք, անպայման փնտրեք համացանցում և զարմացեք այդ հանճարի գործերով։
-Սպասեք տպենք երեք պատմվածք և ամենքս մեկը կարդանք,-թղթերը տեղադրելով տպիչի մեջ՝ ասաց Լիզան,-բավականին շատ ընթերցողներ ունի։Տեսեք՝ 68 հավանում,42 մեկնաբանություն։Վատ չէ...
-Տարօրինակ է. կինը գրում է ոչ թե սիրո, այլ սպանությունների մասին,-միջամտեցի ես՝ կարդալով մի քանի մեկնաբանություններ,-վատ միտք չէ, հը՞,Առնա՞կ, հայկական Ագաթա Քրիսթի։Կարելի է հենց այս տարբերակով նրան բերել ասպարեզ։
-Վատ միտք չէ,-միանգամից ոգևորվեց Առնակը,- ցավը այն է,որ շատ հեղինակներ մի տեսակ կաշկանդվում են սեփական անունից ստեղծագործել։ Այնպիսի տպավորություն է, կարծես մի վատ բան են անում։Տնաշեննե՛ր, գոնե փորձեք ճանաչվել, դեռ մի բան էլ արհեստականորեն խոչընդոտներ եք ստեղծում ինքներդ ձեզ համար։
Իրականում այդ բարդույթը մեր իրականության մեջ առկա է։Բոլորին թվում է, թե...չգիտեմ ի՞նչ է թվում,բայց փորձում են գաղտնի պահել իրենց ով լինելը։
-Լիզա՛, փորձիր կապ հաստատել նրա հետ և հանդիպում կազմակերպել,-դասավորելով հենց նոր տպված թղթերը՝ ասաց Առնակը։
-Ա՛յ տղա, հո դու տեր վռազը չե՞ս,-զրնգուն ձայնով պատասխանեց Լիզան,-համբերի՛ կարդանք։Միևնույն է, երեկոյան պետք է հավաքվենք Արմոյի գրքի հետ կապված վերջնական հարցերը համաձայնեցնելու,նա ժամը 21։00-ից շուտ չի կարող գալ.հերթապահության է։ Դեռ չորս ու կես ժամ ունենք, կարելի է մեկ պատմվածք կարդալ և նոր որոշել։Միայն այն փաստը,որ համացանցում պահանջված է, չի նշանակում,որ նրա գրքերը գրախանութներում չեն փոշոտվելու։
-Բայց իրոք լավ միտք է գովազդի համար՝ հայկական Ագաթան,-հիանալով ինքս իմ հնարամտությամբ՝ շշնջացի ես և այրեցի հերթական ծխախոտս,որը ինչպես միշտ առաջացրեց երկու օրինակելիների դժգոհությունը ու վերջիններս դուրս եկան պատշգամբ,որը նայում էր Կոմիտասի պողոտային։***
Խորհրդավոր անծանոթուհու պատմվածքը ինձ ավելի շատ հիշեցրեց վերջին ժամանակների ԱՊՀ երկրների ամենաընթերցված հեղինակներից մեկի՝ Դարիա Դոնցովայի դետեկտիվները։Թեթև, կրեատիվ և որ ամենակարևորն է՝ անկանխատեսելի։ Դետեկտիվի այս ճյուղը մենք 《կանացի》 դետեկտիվ էինք կոչում,որտեղ հանցագործության բացահայտմանը զուգահեռ պարտադի սիրո պատմություն էր զարգանում։Ինչևէ, պետք է,որ պահանջարկ լիներ...
-Վե՛րջ,-փորփրելով 《ֆեյք》 արձակագրի էջը' ասացի ես,-մեր հաջորդ հաճախորդը Ռոզա Նաթալի անվամբ հայկական Դոնցովան է կամ Ագաթան։Դա էլ թող Լիզան որոշի ու փորձի կապ հաստատել նրա հետ, իսկ ես շատ շտապ պետք է գնամ։Կարևոր գործով նարգիլե պետք է ծխեմ։
Այս արտահայտությանս վրա Առնակը արդեն վաղուց չէր ծիծաղում,բայց ահա չաչանակը քիչ էր մնում ուշաթափվեր։
-Լսում և հնազանդվում եմ, օ՜ իմ անտակտ,վատ ընկեր,- օրվա վերջին ջրիկությունը մեզ պարգևելով՝ Լիզան մատները հպեց ստեղնաշարին և մոտ 3 րոպեում գրեց մեր նոր բացահայտած հեղինակին ուղղված առաջարկությունը։
Ո՛չ ես, ո՛չ էլ Առնակը չսպասեցինք պատասխանին։
-Լի՛զ, մեքենայո՞վ ես,թե՞ սպասեմ միասին դուրս գանք,- առաջարկեց Առնակը։
Գեղեցկուհին, առանց հայացքը համակարգչի մոնիտորից կտրելու, իսկույն պատասխանեց.
-MARCH-իկը բակում է, դուք հանգիստ գնացեք։Դեռ ուզում եմ ևս մեկ գործ կարդալ Ռոզայից։
Ժամը արդեն 23։10 էր։Գրասենյակում բոլոր հարմարությունները ստեղծված է մինչև ուշ գիշեր աշխատելու համար, և այդ ժամին գործն ավարտելը սովորական երևույթ է։Նույնիսկ շատ հաճախ օրվա անելիքներն ավարտելուց հետո մնում ենք և սկսում բանավիճել այս կամ այն հարցի շուրջ կամ հիշում ենք հին ու բարի օրերը։
ВЫ ЧИТАЕТЕ
ՏԻԿԻՆԸ ՄԱՐՍԵԼԻՑ (18+)
Roman d'amourԵրբեմն կիրքն այնքան հզոր է լինում,որ նրան շփոթում են սիրո հետ։Սե՞ր թե ֆիզիկական տենչանք։Երբ հաշվի չես առնում ոչ տարիքային տարբերություն և ոչ էլ ընտանեկան վիճակ...