Բեկտենիների նրբանցբի թիվ 4 տանն ապրող տեր և տիկին Դարզլիները հպարտությամբ էին շեշտում, որ րրենք միանգամայն նորմալ մարդիկ են։ Այո՛, շատ շնորհակալ ենք արտասովոր մարդկանցից։ Ու՜մ ասես կարելի էր պատկերացնել տարօրինակ կամ առեղծվածային իրադարձությունների շրջապտույտում, միայն ո՛չ Դարզլիներին, որովհետև նրանք պարզապես խորշում էին այն ամենից, ինչն իրենց կարծիքով արտասովոր էր, հետևաբար՝ անհեթեթ և այդ իսկ պատճառով արժանի չէր ուշադրության։
Պարոն Դարզլին շաղափներ արտադրող «Գրանինգզ» կոչվող գործարանի տնօրենն էր։ նա մի խոշոր, ցլամարմին մարդ էր, ում նկարագրելիս կարելի էր ասել, որ նա ընդհանրապես պարանոց չուներ, և դրանից նրա բեղերը ավելի երկար ու թավ տեսք էին ստանում։ Տիկին Դարզլին նիհար կին էր, հարդագույն մազերով և սովորականից գրեթե երկու անգամ ավելի երկար պարանոց ուներ, որը նրան շատ էր պետք գալիս ցանկապատերի վրայով օրն ի բուն հարևաններին լրտեսելու համար։ Դարզլիները մի փոքր տղա ունեին, անունը՝ Դադլի և, իրենց կարծիքով, Դադլիից ավելի շնորհալի ու սիրունատես երեխա աշխարհում չկար։
Դարզլիներն ամեն ինչ ունեին, սակայն ունեին նաև մի գաղտնիք և ամենից շատ վախենում էին, որ վաղ թե ուշ որևէ մեկը կբացահայտի իրենց գաղտնիքը։ Նրանք համոզված էին, որ կխայտառակվեն, եթե մեկն ու մեկը հանգարծ իմանա իրենց ազգականներ Փոթթերների մասին։ Տիկին Փոթթերը տիկին Դարզլիի հարազատ քույրն էր, սակայն նրանք մի քանի տարի իրար չէին տեսել։ Ընդհանրապես, տիկին Դարզլին ձևացնում էր, որ ինքը ոչ մի քույր էլ չունի, որովհետև նրա քույրը և քրոջ ապաշնորհ ու ապիկար ամուսինը այնքա՜ն «ապադարզլիական» էին, որքան, թերևս, հնարավոր էր լինել։ Դարզլիները ցնցվում էին այն մտքից, թե ի՞նչ կասեն հարևանները, եթե հանկարծ Փոթթերները հայտնվեն իրենց փողոցում։ Դարզլիները գիտեին, որ Փոթթերները նույնպես մի փոքր տղա ունեն, սակայն երբեք չէին տեսել նրան։ Այս տղան, իր հերթին, ևս մեկ հիմնավոր պատճառ էր Փոթթերներից հեռու մնալու համար, որովհետև նրանք չէին ուզում, որ իրենց սիրասուն Դադլին մի այդպիսի երեխայի հետ շփվի։
Մեր պատմությունը սկսվեց մի տաղտկալի, անձրևոտ և գորշ երեքշաբթի առավոտ, երբ տեր և տիկին Դարզլիներն արթնացան ու սկսեցին իրենց սովորական առօրյան։ Ամպամած երկինքը ոչինչ չէր նախազգուշացնում այն տարօրինակ և առեղծվածային իրադարձությունների մասին, որոնք շուտով կատարվելու էին ամբողջ երկրում։ Պարոն Դարզլին ինչ֊որ բան էր մռմռում քթի տակ՝ ընտրելով իր ամենաանդեմ ու անհետաքրքիր աշխատանքային փողկապը, իսկ տիկին Դարզլին, իր ասած յուրաքանչյար բառն ըմբոշխնելով, ինքնամոռաց պատմում էր հարևանների մասին վերջին բամբասանքները և միևնույն ժամանակ փորձում անհնարին ձայներանգներով ծղրտացող Դադլիին մի կերպ խցկել սեղանի մոտ դրված բարձր աթոռակի մեջ։ Նրանցից ոչ մեկը չնկատեց այն մեծ դարչնագույն անտառային բվին, որը թռավ անցավ պատուհանի մոտով։