Դամբլդորին հաջողվեց համոզել Հարրիին այլևս չփնտրել «Իրենքնազարե» հայելին, և ձմեռային արձակուրդների հաջորդ օրերին Անտեսանելիության թիկնոցը ծալված դրված էր Հարրիի պահարանում։ Հարրին շատ կուզենար նույնպիսի հեշտությամբ մոռանալ նաև հայեւու մեջ իր տեսածները, սակայն դա բնավ հեշտ չէր։ Նա կրկին ամեն գիշեր մղձավանջներ էր տեսնում։ Նույն սարսափազդու երազն էր։ Կրկին ու կրկին ծնողներն անհետանում էին կանաչ լույսի բռնկումի մեջ, և մի զարհուրելի սատանայական ձայն կաղկանձում էր լկտի հռհռոցով։- Տեսնու՞մ ես, Դամբլդորը ճիշտ էր, որ այդ հայելին կարող է մարդ խելագարացնել, - ասաց Ռոնը, երբ Հարրին պատմեց նրան իր երազների մասին։
Հերմիոնան, որն արձակուրդներից վերադարձել էր երկրորդ կիսամյակի սկզբից մեկ օր առաջ, այլ կարծիք ուներ իրավիճակի մասին։ Մի կողմից նրան անչափ սարսափեցրեց այն լուրը, որ Հարրին երեք գիշեր շարունակ թափառել էր դպրոցում (իսկ եթե Ֆիլչը նրան բռնե՞ր), բայց մյուս կողմից նա բավականին հիասթափված էր, որ Հարրիին չէր հաջողվել իմանալ, թե Ո՞Վ է Նիքողայոս Ֆլամերը։
Նրանք արդեն հույսները կտրել էին Նիքողայոս Ֆլամերի անունը գրադարանային որևէ գրքում գտնելուց, թեև Հարրին շարունակում էր պնդել, որ ինքն այդ անունը ինչ֊որ տեղ կարդացել էր։ Դասերն սկսվելուց հետո, դասամիջոցներին և հատուկենտ ագատ ժամերին, նրանք, այնուամենայնիվ, շարունակում էին վազել գրադարան։ Հարրին նույնիսկ ավելի քիչ ժամանակ ուներ՝ համեմատած մյուս երկուսի հետ, որովհետև դասերի հետ միասին վերսկսվել էին նաև քվիդիչի մարզումները։
Վուդը թիմին չէր խնայում։ Ձյանը փոխարինած անդադար մաղող անձրևը, կարծես ավելի էր բորբոքում նրա եռանդը։ Նույնիսկ Ուիզլիներն էին սկսել բողոքել, որ Վուդը ֆանատիկոս է դարձել, բայց Հարրին Վուդի կողմից էր։ Եթե իրենք կարողանային հաղթել Գրիֆինդորն ընդդեմ Հաֆըլփաֆի կիսաեզրափակիչ խաղում, ապա վերջին վեց տարիների անընդմեջ պարտություններից հետո Գրիֆինդորը, վերջապես, առաջ կանցներ Սլիզերինից՝ Միաբանաթյանների գավաթի մրցույթում։ Հաղթելու անսահման ցանկությունից բացի, Հարրին հայտնաբերեց նաև, որ անխնա մարզումներից հոգնելով, ինքն ավելի քիչ մղձավանջներ է տեսնում։
Սակայն թաց ու ցեխոտ մարզումներից մեկի ժամանակ, Վուդն իսկապես մի տհաճ նորության հայտնեց թիմին։ Ըստ երևույթին, նա չէր ուզում նախապես հայտնել այդ լուրը, որ պատասխանատու խաղից առաջ բոլորի տրամադրությունը չփչացնի, բայց Ուիզլիները նրան անչափ բարկացրին, երբ ոչ մի հրահանգի չենթարկվելով, ցախավելներին նստած, թոկից փախած խելառների պես չարաճճիություն էին անում՝ վեր ու վար հետապնդելով իրար երկնքում, և ձևացնում, որ հրես֊հրես վայր կընկնեն ցախավելից։