՝
— Դու՜ք, — բացականչեց Հարրին։ Քոփրելը ժպտաց։ Նրա դեմքը բոտրովին չէր ջղաձգվում։
— Ես… — հանգիստ ասաց նա, — Ես էլ մտածում էի, արդյոք, կհանդիպե՛մ քեզ այստեղ, Փոթթեր։
— Բայց ես կարծում էի… Սառկեկը…
— Սեվե՞րուսը… ― Քուիրելը ծիծաղեց, սակայն դա նրա սովորական դողդոջուն, վախվորած ծիծաղը չէր, այլ սառը և սուր քրքիջ։ — Իսկապես, Սիվերուսի ոճը կարելի է յուրահատուկ համարել, նա իրոք հիշեցնում է սև մոգերի տեսակին։ Պարզապես մեծ հաջողություն էր, որ նա անդադար ոտքի տակ էր ընկնում և մարդաչափ չղջիկի վախեցնող կերպարանքով ուշադրությունը ինձնից շեղում իր վրա։ Նման չարադավ տեսքով մեկի կողքին էլ ով կկասկածեր խեղճ պ–պրոֆ֊ֆես֊սոր Քուիրելին։
Հարրին աչքերին չէր հավատամ… Բայց ինչպե՞ս… Մի՞թե դա ճիշտ է… Ուղղակի անհավատալի է։
— Բայց Սառկեկը փորձում էր սպանել ինձ…
— Ո՛չ… Այդ ե՛ս էի փորձում սպանել քեզ։ Քո ընկերուհի օրիորդ Գրեյնջերը պատահաբար ինձ հրեց, վայր գցեց, երբ քվիդիչի խաղի ժամանակ շտապում էր հրդեհել Սառկեկի պարեգոտը։ Նա խախտեց իմ տեսողական կապը քեզ հետ։ Մի քանի վայրկյան էլ ուշանար, և ես քեզ ցախավելից վայր կգցեի։ Իսկ ես վաղուց արդեն վերջդ տված կլինեի, եթե Սառկեկը շարունակ հակաաղոթք կմրթմրթար՝ փորձելով փրկել քեզ։
— Սառկեկը փորձում էր փրկե՛լ ինձ…
— Իհարկե, — անտարբեր ձայնով ասաց Քուիրելը, — Քո կարծիքով այդ ինչու նա հանկարծ որոշեց դատավոր լինել քվիդիչի հաջորդ խաղում։ Նա ուզում էր անձամբ համոզվել, որ ես կրկին նման բան չեմ անի։ Ծիծաղելի չէ՞, արդյոք… Զուր ջանքեր… Միևնույն է, ես ոչինչ էլ չէի կարողանա անել Դամբլդորի ներկայությամբ։ Իսկ մյուս բոլոր ուսուցիչները մտածեցին, որ Սառկեկը նպատակ է դրել, որ Գրիֆինդորին չթողնի հաղթել մրցույթում։ Կան չէ՞ մարդիկ, որ կարողանում են իրենք իրենցից բոբո սարքել բոլորի աչքում… Սակայն ժամանակի ինչպիսի կորուստ… Խեղճ Սառկեկի բոլոր ջանքերն ապարդյուն անցան, որովհետև ես, միևնույն է, կսպանեմ քեզ այսօր, հենց հիմա…
Քուիրելը մատները ճրթացրեց։ Օդից հանկարծ պարաններ հայտնվեցին և պիրկ փաթաթվեցին Հարրիր շուրջը։
— Փոթթեր, դա չափազանց երկար քիթ ունես ապրելու համար։ Բոլոր սրբերի օրը չհասցրեցի նույնիսկ հասկանալ, թե ինչպես կարողացար՝ դպրոցում թոկից փախածների պես վազվզելով, տապալել իմ գերազանց պլանը, մինչդեռ ես երկար էի պատրաստվում տեսնելու, թե ինչն է պաշտպանում Քարը։
— Ուրեմն դո՛ւք էիք տրոլին ներս թողել…
— Անշուշտ, ես հատուկ տաղանդ ունեմ տրոլներին հնազանդեցնելու գործում, չգիտեի՞ր ինչ է… Երևի ուշադրություն դարձրիր, թե ինչ եմ արել այն մեկի հետ, որը պահպանում էր այստեղ գալու ճանապարհը։ Դժբախտաբար, մինչ բոլորը վազվզում էին դպրոցում՝ փնտրելով իմ դանդալոշիկին, Սառկեկը, որն արդեն սկսել էր կասկածել ինձ, ուղիղ գնաց երրորդ հարկի միջանցքը՝ կտրելով իմ ճանապարհը, և ոչ միայն տրոլին չհաջողվեց ձեզ ճխլտել, այդ եռագլուխ գազանը նույնիսկ չկարողացավ մի կարգին կծել֊պոկել Սառկեկի ոտքը… Իսկ հիմա ձայնդ կտրի՛ր… էլ չխոսե՛ս ու տեղիցդ չշարժվե՛ս… Ինձ պետք է կենտրոնանալ այս հետաքրքիր հայելու վրա…