Ծննդյան տոները մոտենում էին։ Մի առավոտ, դեկտեմբերի կեսերին, ամբողջ Հոգվորթսն արթնացավ և տեսավ շրջակայքը մինչև հորիզոն, մի քանի ոտնաչափ ձյունով ծածկված։ Լիճը լրիվ սառցակալել Էր, իսկ Ուիզլի երկվորյակները պատժվել էին հերթական լկտի չարաճճիության համար։ Այս անգամ նրանք չափն արդեն անցել էին։ Մի քանի ձնագնդիկներ էին չարադյութել, որպեսզի դրանք աննկատ պտտվեն Քուիրելի գլխի փաթթոցի շուրջն ու հարվածելով չալման ցած գլորեն խեղճի գլխից։ Մի քանի բվեր, որոնք իրենց տերերին անկաշառ հավատարմությամբ ծառայելով, ձնաբուքի միջով փոստը Հոգվորթս էին հասցրել, այն աստիճան էին ուժասպառ եղել ու ցրտահարվել, որ Հագրիդն իր խրճիթում բվերի վերականգնողական հիվանդանոց էր կազմակերպել՝ խեղճ թռչուններին ուշքի բերելու համար։
Բոլորն անհամբերությամբ սպասում էին արձակուրդներին։ Մինչ Գրիֆինդորի ընդհանուր սենյակի և Մեծ դահլիճի բուխարիներում կրակը ճարճատում էր օրնիբուն, սառը, միջանցիկ քամիները վնգում էին միջանցքներում, իսկ սառնաշունչ բուքը զրնգացնում էր դասասենյակների պատուհանները։ Ամենադաժանը պրոֆեսոր Սառկեկի դասերն էին, որոնք անցնում էին նկուղի զնդաններում։ Աշակերտները գոլորշու թանձր քուլաներ էին արտաշնչում, և բոլորն աշխատում էին հնարավորին չափ մոտ կանգնել իրենց տաք կաթսաներին։
Հմայադեղերի դասերից մեկի ժամանակ Դրաքո Մալֆոյը՝ ցուցադրաբար նայելով Հարրիի կողմը, կեղծ սրտացավ ձայնով բարձրաձայն ելույթ ունեցավ․
- Շա՜տ եմ ցավում բոլոր նրանց համար, ովքեր ստիպված են լինելու Ծննդյան տոները Հոգվորթսում անցկացնել, որովհետև տանը նրանց չեն սպասում։
Քրեբն ու Գոլլը ցածրաձայն քրքջացին։ Հարրին, որն այդ պահին զբաղված էր ծովային պերկեսի փոշիացրած թեփուկներ կշռելով, բանի տեղ չդրեց նրան։ Քվիդիչի խաղից հետո Մալֆոյը նույնիսկ ավելի անտանելի էր դարձել և ավելի լկտի էր պահում իրեն, քան երբևէ։ Սլիզերինի պարտությունից վրդովված ու Հարրիի հաջողության համար նախանձից պայթելով, նա փորձել էր բոլորին ծիծաղեցնել՝ ասելով, որ քվիդիչի հաջորդ խաղին Հարրիի փոխարեն, որպես Որսորդ, կարելի է խաղացնել որևէ լայնաբերան անտառային գորտի։ Սակայն ոչ ոք չէր ծիծաղել, որովհետև բոլորն էլ անչափ տպավորված էին Հարրիի խաղով և չէին կարող առանց հիացմունքի հիշել, թե նա ինչպես կարողացավ վայր չընկնել կատաղած ցախավելից։
Այդպիսով, Մալֆոյը ՝ նախանձից և կատաղությունից խորովվելով, սկսել էր Հարրիին երեսով տալ նրա ընտանեկան կացությունը։
Եվ իսկապես, Ծննդյան տոներին Հարրին չէր պատրաստվում վերադառնալ Բեկտենիների նրբանցքը։ Դրանից մեկ շաբաթ առաջ պրոֆեսոր Մըք Գոնագալը դիմել էր բոլորին՝ խնդրելով ցուցակագրվել, եթե արձակուրդներին մնալու են դպրոցում, և Հարրին անմիջապես իր անունը գրել էր այդ ցուցակում։ Նա ինքն իրեն բոլորովին էլ վատ չէր զգում, ընդհակառակը, նրան սպասում էր իր կյանքում թերևս ամենաերջանիկ Ծննդյան տոների հեռանկարը։ Ռոնը ու նրա եղբայրները նույնպես մնալու էին դպրոցում, որովհետև նրանց ծնողները, տեր և տիկին Ուիզլիները, մեկնելու էին Ռոմանիա՝ իրենց ավագ որդիներից մեկին, Չարլիին, այցելելու համար։