8)Հմայադեղերի վարպետը

61 1 0
                                    


- Էն կողմը նայի՛ր... Հրե՛ն...

- Ո՛ր մեկը...

- Էն բարձրահասակ կարմրահեր տղայի կողքին կանգնածը...

- Էն ակնոցավո՞րը...

- Դեմքը տեսա՞ր։

- Իսկ սպին, ճակատի սպին դու տեսա՜ր։

Հաջորդ առավոտյան՝ սկսած այն պահից, երբ Հարրին դուրս եկավ տղաների ննջասենյակից, շշուկները կրնկակոխ հետապնդում էին նրան։ Աշակերտները խմբվում էին դասարանների դռների մոտ ու Հարրիին տեսնելու համար իրար հրմշտելով, ձգվում, կանգնում ոտքերի թաթերին կամ ևս մեկ անգամ նրա վրա նայելու համար՝ միջանցքներում իրենց ճանապարհը փոխելով, կրկին ու կրկին անցնում էին նրա կողքով։ Հարրին անչափ շփոթվում էր դրանից։ Առանց այն էլ գլուխը պտտվում էր միջանցքների լաբիրինթոսից, որովհետև ամբողջ առավոտ նյարդայնացած փորձում էր կենտրոնանալ իր դասարանը տանող ճանապարհը գտնելու վրա։

Հոգվորթսում հարյուր քառասուներկու սանդուղք կար՝ լայն ու երկար, նեղ ու ոլոր֊մոլոր, կային այնպիսի սանդուղքներ, որ ուրբաթ օրերին դեպի ուրիշ տեղ էին տանում, կային այնպիսիք, որոնց մեջտեղում ինչ֊որ տեղ աստիճաններից մեկ֊երկուսն անհետանալու սովորության ունեին, և պետք էր լավ հիշել դրանց տեղը՝ ժամանակին ցատկելու և գլուխկոնծի չտալու համար։

Իսկ դռնե՜րը... դռները մի ուրիշ գլխացավանք էին։ Ուրեմն, կային այնպիսի դռներ, որոնք չէին բացվում, եթե դրանց շատ սիրալիր չխնդրեիր կամ եթե մատներով փաղաքշական խուտուտ չտայիր որոշակի ճիշտ տեղում։ Կային այնպիսի դռներ, որ բոլորովին էլ դուռ չէին, այլ իրենց դուռ ձևացնող դատարկ պատեր, որոնք մերթ ընդ մերթ դռան խաբուսիկ շրջանակի տեսք էին ստանում։ Ասես այդ ամենը քիչ էր, դեռ ավելացրած, որ անտանելի դժվար էր մտապահելը, թե ինչը որտեղ էր գտնվում, որովհետև բոլոր պատերը, դռները, անցումներն ու սանդուղքները, կարծես իրենց ինքնուրույն, անկախ կյանքով էին ապրում և երբ խելքներին փչեր, կարող էին հանկարծ ուրիշ տեղերում հայտնվել։ Պատերին փակցված դիմանկարներում պատկերված մարդիկ սովորություն ունեին այցելության գնալ մեկը մյուսին, և Հարրին համոզված էր, որ ասպետական զինազգեստները և պատերին կախված զենք ու զրահները կարող էին ինքնուրույն շարժվել միջանցքներով։

Ուրվականներն իրենց հերթին էին բարդացնում կյանքը։ Ամեն անգամ Հարրիի ողնաշարով մի զարհուրելի սարսուռ էր անցնում, երբ որևէ դուռ բացելիս կամ միջանցք թեքվելիս, քիթ֊քթի հանդիպում կամ քսվամ էր ամրոցի մշտաբնակ ուրվականներից մեկն ու մեկին։ Գրիֆինդորի աշտարակի մշտաբնակ ուրվական Լորդ Նիքոլաս դե Միմսի Փորփինգթոնը, նույն ինքը՝ Գրեթե Անգլուխ Նիքը, շատ սիրալիր էր և հաճույքով ճանապարհը ցույց էր տալիս նորեկ գրիֆինդորցիներին, սակայն փոլթերգեյսթ Փիվզը երկու փակ դուռ ու մի խորամանկ սանդուղք արժեր, եթե բախտդ չբերեր ու պատահաբար հանդիպեիր նրան միջանցքներում, հատկապես՝ դասերից ուշանալիս։ Նա կամ թղթի աղբադույլերն էր շուռ տալիս մարդկանց գլխին, կամ գորգերը քաշում ոտքերի տակից, կավիճ էր փշրում աշակերտների մեջքին, կամ ետևից անտեսանելի մոտենալով, հանկարծ բռնում էր քթից ու կոկորդաձայն աղաղակում ՝ ԷՍ ՈԻ՞Մ ՔԹԻՑ ԲՌՆԵՑԻ։

Հարրի Փոթթերը եւ փիլիսոփայական քարըМесто, где живут истории. Откройте их для себя