Հարրիի մտքով երբեք չէր անցնի, որ նա երբևէ կհանդիպի որևէ մեկին, ում Դադլիից ավելի շատ կատի։ Բայց դա Դրաքո Մալֆոյին հանդիպելուց առաջ էր։
Առաջին դասարանցի գրիֆինդորցիները սլիզերինցիների հետ համատեղ միայն հմայադեղերի դասեր ունեին, այնպես որ Մալֆոյի հետ նրանք հազվադեպ էին հանդիպում, առնվազն մինչև այն օրը, երբ առավոտյան ընդհանուր սենյակում պատին փակցված մի հայտարարություն տեսան, ինչից բոլորը հուզված աղմկեցին։ Ցախավելով թռչելու դասերը սկսվելու են այդ շաբաթ չորեբշաբթի օրը, և գրիֆինդորցիների դասերը կլինեն սլիզերինցիների հետ համատեղ։
- Սա էր մնում պակաս, - ասաց Հարրին մռայլ, ― Ամբողջ կյանքումս հենց երազել եմ ցախավելին նստած խեղկատակություն անել Մալֆոյի ու նրա ընկերախմբի առաջ։
Մինչդեռ, ամեն ինչից շատ նա ուզում էր թռչել սովորել։
- Դու դեռ չգիտես, թե քեզ մոտ ինչպես կստացվի, ― ասաց Ռոնը խելամտորեն, - ճիշտ է, Մալֆոյը շատ է գլուխ գովում իր քվիդիչ խաղալու մասին, սակայն ես բացարձակապես համոզված եմ, որ նրա պատմածների մեծ մասը քամի է։
Մալֆոյն իսկապես շատ էր խոսում թռչելու մասին։ Նա ցուցադրաբար բողոքում էր, որ առաջին դասարանցիներին չեն ընդունում մրցկանությունների քվիդիչի թիմերում։ Նա երկար֊բարակ գլուխգովան դեպքեր էր պատմում իր թռիչքային արկածներից, որոնց վերջը գրեթե ճիշտ նույնն էր՝ թե ինչպես ինքը կարողացավ հմտորեն խույս տալ մագլական ուղղաթիռից։ Համենայն դեպս, նա միակը չէր, որ սիրում էր խոսել թռչելու մասին։
Եթե Սիմուս Ֆինիգանին հավատային, ուրեմն նա իր ամբողջ մանկությունն անց էր կացրել ցախավելին նստած շրջակայքի սարերի ու լանջերի վրա սավառնելով։ Նույնիսկ Ռոնը, եթե լսող լիներ, սիրում էր պատմել, թե ինչպես մի անգամ՝ Չարլիի հին ցախավելին նստած, քիչ մնաց ընդհարվեր մի դելտապլանի հետ։
Հրաշագործ ընտանիքներից եկած բոլոր երեխաները անդադար խոսում էին քվիդիչի մրցումների մասին։ Ռոնը ֆուտբոլի շուրջ մեծ վիճաբանության մեջ մտավ Դին Թոմասի հետ, որը Ռոնի ու Հարրիի հետ նույն ննջարանում էր քնում։ Ռոնը չէր կարողանում հասկանալ, թե ինչ հետաքրքիր բան կարող է լինել մի խաղի մեջ, որն ընդամենը մեկ գնդակով են խաղում, այն էլ ոչ ոքի թույլ չի տրվում օդում թռչել։ Մի անգամ Հարրին տեսավ, թե ինչպես էր Ռոնը մատով բոթբթում Դինի ՝ «Վեստ Հեմ» ֆուտբոլային թիմի պլակատում պատկերված ֆուտբոլիստներին ՝ փորձելով նրանց տեղից շարժել լուսանկարի մեջ։
Նեվիլը կյանքում երբեք ցախավել չէր նստել, որովհետև տատը պարզապես ցախավելին մոտ չէր թողել նրան։ Հարրին, անկեղծ ասած, մտածում էր, որ Նեվիլի տատը շատ իմաստուն կին էր, որովհետև Նեվիլին հաջողվում էր նույնիսկ երկու ոտքով գետնին ամուր կանգնած ժամանակ դժբախտ պատահարների ռեկորդ սահմանել։