«Բրազիլական բոա կոնստրիկտոր» օձի փախուստի պատճառով Հարրին արժանացավ երբևէ իր կրած ամենաերկար պատիժ֊կալանքին։ Մինչև նրան թույլ տվեցին դուրս գալ իր խորդանոցից, ամառային արձակուրդներն արդեն սկսվել էին, իսկ Դադլին արդեն հասցրել էր փչացնել իր նոր կինոխցիկը, ջարդուփշուր անել հեռաղեկով խաղալիք ինքնաթիռը և առաջին անգամ մարզական հեծանիվի վրա նստելով, վրաերթի ենթարկել ծեր տիկին Ֆիգին, երբ վերջինս իր հենակների օգնությամբ անցնում էր Բեկտենիների նրբանցքով։
Հարրին ուրախ էր, որ դասերը վերջացել էին, սակայն, միևնույն է, Դադլիի ոհմակից պրծում չկար։ Ավազակախումբը գրեթե ամեն օր այցելում էր Դադլիին։ Բոլորն էլ՝ Փիրսը, Դենիսը, Մալբոլմը և Գորդոնը, խոշոր էին ու բթամիտ, բայց քանի որ Դադլին ամենախոշորն ա ամենաբթամիտն էր, հենց նա էլ ոհմակի առաջնորդն էր։ Մյուսները առիթը երբեք բաց չէին թողնում Դադլիի սիրած մարզաձևում ՝ այսինքն «հարրիաորսի» մեջ, իրենց դրսևորելու համար։
Ահա թե ինչու Հարրին աշխատում էր հնարավորին չափ հեռու լինել տանից՝ անգործ թափառելով շրջակայքում և մտածելով արձակուրդների ավարտի մասին, ինչը նրան մի աննշան հայս էր ներշնչում։ Սեպտեմբերին Հարրին պետք է միջնակարգ դպրոց գնար և այդ ժամանակ կյանքում առաջին անգամ, վերջապես, հեռու կլիներ իր մորաքրոջ որդուց։
Դադլին պետք է հաճախեր Սմելթինգզ՝ քեռի Վերնոնի ավարտած մասնավոր դպրոցը տղաների համար։ Փիրս Փոլբիսը նույնպես այնտեղ էր գնալու, իսկ Հարրին պետք Է գնար Սթոունվոլ, տեղական հանրակրթական դպրոցը, ինչը Դադլիի կարծիքով շատ ծիծաղելի Էր։
— Գիտե՞ս, — մի անգամ ասաց նա Հարրիին, — Սթոունվոլամ այսպիսի սովորություն կա․ առաջին օրը նոր եկածների գլուխները զուգարանի ծակն են կոխում։ Ի՞նչ ես ասում, չգնա՞նք վերև, մի քիչ փորձ ձեռք բերենք, հը՞…
— Ոչ, շնորհակալ եմ, — ասաց Հարրին, ― զուգարանակոնքը մեղք է, հազիվ թե երբևէ գլխիցդ ավելի զզվելի բան մտած լինի մեջը։ Խեղճի սիրտը կխառնի։
Հետո նա հապշտապ ծլկեց, բանի դեռ Դադլին գլխի չէր ընկել, թե ինքն ինչ ասաց։
Մի օր հուլիս ամսին մորաքույր Պետունիան Դադլիին տարավ Լոնդոն՝ նրա համար դպրոցական սմելթինգզյան համազգեստ գնելու։ Հարրին մնաց տիկին Ֆիգի մոտ, որն այս անգամ սովորականից ավելի տանելի էր։ Պարզվեց, որ նա ոտքը կոտրել էր իր բազմաթիվ կատուներից մեկի վրա սայթաքելու պատճառով, և նրա համակրանքը կատուների նկատմամբ կարծես բավականին սառել էր։ Տիկին Ֆիգը թույլ տվեց Հարրիին հեռուստացույց նայել և հյուրասիրեց մի կտոր շոկոլադե տորթով, որն այնպիսի համ ուներ, ասես մի քանի տարի մնացել էր թթու դրած կաղամբի պաշարների հետ նույն խորդանոցում։