Իրավիճակը գնալով վատթարանում էր։
Ֆիլչը նրանց տարավ պրոֆեսոր Մըք Գոնագալի աշխատասենյակը, որը գտնվում էր առաջին հարկում, որտեղ և նրանք սուս ու փուս նստեցին ու առանց մի խոսք իսկ փոխանակելու, սկսեցին սպասել։ Հերմիոնան դողում էր։
Հարրիի ուղեղով իրար ետևից անցնում էին պատրվակների, ալիբիների, հնարավոր և ամենաանհավանական պատմությունների տարբերակները, մեկը մյուսից ավելի հուսահատ ու ոչ արժանահավատ։ Նա չէր պատկերացնում, թե այս անգամ ինչ հրաշքով պիտի փրկվեին փորձանքից։ Նահանջելու կամ փախչելու ճանապարհ չկար։ Երկու ոտքով ծուղակն էին ընկել։ Ինչպե՞ս կարող էին այդպես հիմարաբար թիկնոցը մոռանալ տանիքում։ Անհնար էր երևակայել անգամ որևէ հիմնավոր պատճառ կամ պատրվակ, որ պրոֆեսոր Մըք Գոնագալն ընդուներ՝ որպես ամրոցում կեսգիշերից հետո, աստղադիտարանի ամենաբարձր աշտարակում, որտեղ առանց այն էլ դասերից դուրս մուտքն արգելված էր, նրանց թափառելու փաստն արդարացնող հիմնավոր բացատրության։ Իսկ եթե այդ փաստին հանկարծ միանային Նորբերթն ու անտեսանելիության թիկնոցը, ապա անկասկած կարելի էր համոզված լինել, որ նրանց մնում էր ընդամենը հավաքել իրենց ունեցած֊չունեցածն ու պատրաստվել անփառունակ և ամոթալի վերադարձին՝ դեպի տուն։
Հարրիի մտքով անցավ, որ սրանից էլ վատ բան չի կարող լինել, սակայն հաջորդ վայրկյանին նա՝ կանխազգալով իրադարձությունները, մտածեց, որ լավ կանի չշտապի եզրակացություններով, որպեսզի իր վաղաժամ գնահատականով, թեկուզ և մտովին, վատից էլ վատ հետևանքներ չոգեկոչի։ Եվ, իսկապես, ևս մեկ վայրկյան անց նա հասկացավ, որ դժբախտաբար, իրենց վիճակն իրականում նույնիսկ ավելի անմխիթար էր, քան ինքը ենթադրում էր։
Հայտնվեց պրոֆեսոր Մըք Գոնագալը... Նեվիլի հետ միասին։
- Հա՛րրի, - երկու դժբախտ ձերբակալվածներին տեսնելով, հուզախառն բացականչեց Նեվիլը, ― ես փորձում էի գտնել ձեզ, որպեսզի զգուշացնեմ... Ես պատահաբար լսեցի, թե ինչպես էր Մալֆոյը գլուխ գովում, որ այս գիշեր պետք է գլխիդ դատաստան բերի։ Նա ասաց, որ դու վիշ...
Հարրին՝ աչքերը չռելով Նեվիլի վրա, գլուխն օրորեց, որ նա ձայնը կտրի, բայց պրոֆեսոր Մըք Գոնագալը տեսավ... Նա այնպիսի տեսք ընդունեց, ասես հրես֊հրես Նորբերթի պես քթանցքներով բոց ու կրակ կարտաշնչի և, թևերը սպառնալից կանթելով, ճակատագրի անհողդողդ ստվերի պես խոյացավ եռյակի գլխին։
- Ձեզնից և ոչ մեկից նման նենգություն երբեք չէի սպասի։ Պարոն Ֆիլչն ասաց, որ դուք բարձրացել էիք աստղադիտարանի աշտարակը։ Գիշերվա ժամը մեկն է։ Ես բացատրություն եմ պահանջում։
Երևի թե առաջին անգամն էր, որ Հերմիոնան չկարողացավ պատասխանել ուսուցչի տված հարցին։ Նա արձանի պես անշարժ կանգնած, հայացքը գամել էր իր հողաթափիկներին։