14)Նորվեգական եղջրաբաշ Նորբերթը

22 1 0
                                    

Քուիրելը, սակայն, ամենայն հավանականությամբ ավելի դիմացկուն էր, քան նրանք կարծում էին։ Հաջորդ շաբաթների ընթացքում նա հետզհետե ավելի էր գունատվում ու նիհարում, սակայն, կարծես, դեռ շարունակում էր դիմադրել Սառկեկին։

Ամեն անգամ՝ երրորդ հարկի միջանցքով անցնելիս, Հարրին, Ռոնը և Հերմիոնան ականջները մի պահ հպում էին արգելված միջանցքի դռանը ՝ ստուգելու, արդյոք Խավիկը դեռ գռմռո՞ւմ է ներսում, թե՝ ոչ։ Սառկեկը ֆռֆռում էր իր սովորական դժգոհ տրամադրությամբ, ինչն անշուշտ նշանակում էր, որ քարը դեռ ապահով իր տեղում է։ Ամեն անգամ Քուիրելի կողքով անցնելիս Հարրին քաջալերիչ ժպտում էր նրան, իսկ Ռոնը սկսել էր հանդիմանել բոլոր նրանց, ովքեր ծիծաղում էին Քուիրելի կակազելու վրա։

Հերմիոնան, սակայն, մտահոգվելու շատ ավելի կարևոր խնդիր ուներ, քան փիլիսոփայական քարն էր։ Նա սկսել էր կրկնությունների ժամկետացանկ մշակել և տարբեր գույներով համապատասխանաբար գունավորում ու համակարգում էր իր բոլոր գրառումների ու կոնսպեկտների վերնագրերը։

Հարրին ու Ռոնը, անշուշտ, առարկելու ոչ մի հիմք չէին ունենա (ի վերջո, ու՛մ է խանգարում, թող զբաղվի), եթե միայն Հերմիոնան անդադար չխոսեր նրանց վրա ու չհորդորեր, որ նրանք էլ նույն բանն անեն։

- Հերմիո՛նա, բայց ախր մինչև քննաթյունները դեռ ինչքա՜ն ժամանակ կա...

- Տասը շաբաթ, - կարճ կտրեց աղջիկը, - դա այնքան էլ երկար ժամանակ չէ, իսկ Նիքողայոս Ֆլամերի համար ընդամենը մեկ վայրկյան է։

- Սակայն մենք էլ հո վեց հարյուր տարեկան չե՞նք, ― հիշեցրեց նրան Ռոնը, - ինչևէ, ես նույնիսկ չեմ էլ հասկանում, թե ինչու ես կրկնում անցած դասերը, միևնույն է ամեն ինչ առանց այն էլ գերազանց գիտես։

- Ինչո՞ւ եմ կրկնում... ԻՆՉՈ՞ւ ԵՄ ԿՐԿՆՈԻՄ։ Չէ, դուք հաստատ խելքներդ թռցրել եք։ Մի՞թե չեք հասկանում, որ մենք պետք է հանձնենք այս քննությունները երկրորդ դասարան փոխադրվելու համար։ Սրանք ամենակարևոր քննություններն են։ Ես պետք է դեռ մեկ ամիս առաջ արդեն սկսած լինեի անցած դասերի կրկնությունը։ Մի՞թե պարզ չէ, որ պետք է պատրաստվել քննություններին։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչի՞ մասին էի մտածում մինչև այսօր։

Դժբախտաբար բոլոր ուսուցիչները նույնպես ճիշտ Հերմիոնայի պես էին մտածում։ Նրանք աշակերտներին այնքան տնային աշխատանք էին հանձնարարում, որ Զատիկի տոների արձակուրդներին նույնիսկ զվարճանալու տրամադրություն չէր մնացել։ Ի՜նչ համեմատություն Ծննդյան տոների արձակուրդների հետ։ Անհնար էր հանգստանալ կամ մոռանալ դասերի մասին, երբ Հերմիոնան հերիք չէ ականջի տակ անդադար արտասանում էր վիշապի արյան օգտագործման տասներկու եղանակները կամ գլուխ պտտեցնելու աստիճան կրկնում կախարդական փայտիկի տարբեր շարժումների վարժությունները, դեռ հասցնում էր դաստիարակել տղաներին իր նյարդասղոց խրատներով։ Տնքալով ու հորանջելով, Հարրին ու Ռոնը իրենց ժամանակի մեծ մասն անց էին կացնում գրադարանում ՝ փորձելով լրացուցիչ տնային աշխատանքների կատարման գործում ետ չմնալ Հերմիոնայից։

Հարրի Փոթթերը եւ փիլիսոփայական քարըМесто, где живут истории. Откройте их для себя