11)Քվիդիչ

33 2 0
                                    


Եկավ նոյեմբեր ամիսը։ Եղանակը ցրտեց։ Դպրոցը շրջապատող սարալանջերը սառցային երկնագույն դարձան, իսկ ամրոցի լիճը պատվեց պողպատի պես կարծր սառույցով։ Ամեն առավոտ գետինը ծածկվում էր եղյամի հաստ շերտով։ Ամեն օր վերևի հարկերի պատուհաններից քվիդիչի մարզադաշտում կարելի էր տեսնել Հագրիդին՝ զգեստավորված ձմեռային հանդերձանքով․ խլուրդի մորթուց կարված երկար մուշտակով, ձեռքերին՝ ճագարի մորթիով երիզված ձեռնոցներ, իսկ ոտքերին՝ կուղբի մորթիով ջերմացված հսկայական երկարաճիտ կոշիկներ։ Ամեն առավոտ ծեգին նա մարզադաշտում սառցազերծում էր քվիդիչի ցախավելները։

Քվիդիչի խաղաշրջանը սկսվել էր։ Շաբաթ օրը, գրեթե երկու ամիս ջանասիրաբար մարզվելուց հետո, Հարրին պետք է առաջին անգամ մասնակցեր Գրիֆինդորն ընդդեմ Սլիզերինի Քվիդիչի գավաթի քառորդ եզրափակիչ խաղին։ Եթե Գրիֆինդորը հաղթի այդ խաղում, ապա Միաբանությունների գավաթի մրցույթում նրանք կբարձրանան երկրորդ տեղը։

Գրեթե ոչ ոք Հարրիին քվիդիչ խաղալուց դեռ չէր տեսել, որովհետեև Վուդը որոշել էր Հարրիի շնորհքն ու տաղանդը, որպես գաղտնի զենք, մինչև վերջին պահը չբացահայտել։ Սակայն այն լուրը, որ Հարրին քվիդիչի մրցումներում Որսորդ է խաղալու, այդուհանդերձ, ինչ֊որ կերպ տարածվել էր դպրոցում, և Հարրիի համար դժվար էր ասել, թե ի՞նչն էր ավելի վատ՝ երբ մարդիկ իրեն հորդորում էին չանհանգստանալ, որովհետև իրենք համոզված են, որ նա գերազանց է խաղալու, թե՝ երբ ասում էին, որ չանհանգստանա, որովհետև իրենք կազմ ու պատրաստ կանգնած են լինելու դաշտում ու, եթե հանկարծ ցախավելից վայր ընկնի, նրա տակ փափուկ բարձ կդնեն։

Հարրիի համար իսկապես մեծ հաջողություն էր Հերմիոնայի հետ ընկերանալը։ Նա արդեն չէր պատկերացնում, թե ինչպես էր գլուխ հանելու բոլոր տնային աշխատանքներից՝ առանց Հերմիոնայի օգնության, մանավանդ, որ վերջին օրերին Վուդը պարզապես խելագար չափերի էր հասցրել լրացուցիչ մարզումների թիվը։

Հերմիոնան Հարրիին տվել էր «Քվիդիչի հազարամյա պատմությունը» գիրքը, որը, պարզվեց, բավականին հետաքրքիր ընթերցանյութ էր։ Այդ գրքից Հարրին իմացավ, որ քվիդիչի խաղի ժամանակ կարելի է յոթ հարյուր քառասուն վեց տեսակի խախտում կատարել, և որ այդ բոլոր յոթ հարյուր քառասուն վեց տեսակի խախտումները թույլ են տրվել 1473թ․ Աշխարհի գավաթի մրցույթի կիսաեզրափակիչ խաղերից մեկի ժամանակ։ Այդ գրքից նա իմացավ, որ Որսորդները թիմերի ամենափոքր և ամենաարագաշարժ խաղացողներն են, և որ քվիդիչի խաղերի ժամանակ ամենալուրջ պատահարներն ու վնասվածքները հենց Որսորդների հետ են պատահում, որ, թեև քվիդիչի պատմության մեջ խաղի ժամանակ մարդկային զոհեր շատ հազվադեպ են եղել, սակայն դեպքեր են եղել, երբ դատավորները խաղի ընթացքում հանկարծ անհետացել են և հայտնաբերվել միայն մի քանի ամիս անց, ինչ֊որ տեղ, Սահարայի անապատում։

Հարրի Փոթթերը եւ փիլիսոփայական քարըМесто, где живут истории. Откройте их для себя