-Կապիտա՛ն Սարուխանյան, ինձ մոտ,-ներքին հեռախոսը վերցնելուց հետո լսեց ոստիկանության կապիտանը։
- Լսու՛մ եմ,- պատասխանեց կապիտանը։
Արդեն գնդապետ Վարոսյանի սենյակում կապիտան Սարուխանյանը զեկուցեց իր ներկայանալու մասին։
- Նստիր, Արտա՛կ։
Սարուխանյանը նստեց։ Գնդապետը վառեց ծխախոտը՝ տուփը մեկնելով կապիտանին.
-Հյուրասիրվի՛ր։
Արտակը մի գլանակ վերցրեց, վառեց այն ու ծուխը ներս քաշեց։ Տաս տարուց ավել աշխատելով ոստիկանությունում՝ Սարուխանյանը շատ լավ էր ճանաչում իր անմիջական ղեկավարին՝ Վարոսյանը շատ քիչ էր ծխում ու միայն այն դեպքերում, երբ չափազանց լարված էր։
- Արտակ նորություն ունե՞ս,- հարցը ենթակային ուղղեց գնդապետը։
- Ո՛չ, պարո՛ն գնդապետ։
- Սարուխանյան հինգերորդ կողոպուտն է վերջին տասն օրում, ու մենք ոչի՛նչ չունենք։
- Պարո՛ն գնդապետ, հասկանում եմ ձեզ, բայց իրոք ոչ մի բան չունենք, ո՛չ նորմալ վկա, ո՛չ մատնահետքերի համընկնում, ո՛չ նորմալ ոտնահետքեր, ո՛չ տեսախցիկների գոնե ինչ-որ բան հուշող տեսագրություններ...
- Արտա՛կ, դպրոցում չես ու դասից չես ուշացել, որ արդարանում ես։ Ես ինքս գիտեմ, որ ոչինչ չունենք, բայց այսպես շարունակել չի կարելի։ Դու իմ բաժնի ամենահմուտ քննիչն ես ու իմ ամենառեալ հենարանը։ Հիմա խաղասեղանին մեր բաժնի անունն է դրված ու մեզ շատ լուրջ մարտահրավեր է նետված։ Ելք գտի՛ր։
- Լսում եմ, պարո՛ն գնդապետ։
- Տղա՛ս, դու ես իմ հույսը, քեզ գործողությունների լիակատար ազատություն եմ տալիս, միայն գտի՛ր դրանց։
- Դրա՞նց։
- Չեմ կարծում, որ այնքան միամիտ ես, որ մտածում ես՝ այս ամենը միայնակ մարդու կատարած է։
- Ջանք չեմ խնայի, պարո՛ն գնդապետ։
Դուրս գալով գնդապետի մոտից՝ Սարուխանյանը միջանցքում բախվեց գործընկերոջը՝ կապիտան Իշխանյանին։
- Աչքդ լույս Արտա՛կ, վեցերորդը։
- Լավ էլ աչքալուսանք էր, աչքի լույսով մնաս։
- Ավելի վատ նորություն կա,- շարունակեց Իշխանյանը,- այս անգամ դիակ կա։
- Վարոսյանին ինֆարկտ կխփի,- հոգոց հանեց Սարուխանյանն ու շտապեց իր աշխատասենյակ։
Առաջին կողոպուտը գրանցվեց տաս օր առաջ։ Առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան՝ կողոպուտներ, որոնք նույնիսկ իրար կապելն էլ էր դժվար։ Խոսել նույն ձեռագրի մասին մեղմ ասած անհեթեթ կլիներ՝ չկար ոչ մի հստակ նմանություն կողոպուտների միջև։ Հանցագործությունները կատարվել էին քաղաքի տարբեր ծայրերում։ Երկուսը առանձնատուն էին, երեքը բազմաբնակարան շենքեր։ Վերջինը նույնպես բնակարան էր։ Տուժողների մեջ ինչ֊որ կապ գտնել՝ թերևս անիրական էր (գոնե դեռ անիրական էր)։
Առաջին տուժողը մասնավոր ֆիրմայի աշխատող էր՝ ոչնչով աչքի չընկած ու չընկնող նորաստեղծ ընտանիք։ Երկրորդը՝ դպրոցի տնօրեն էր' քաղաքի մյուս ծայրում գտնվող շենքի չորրորդ հարկում բնակվող (հայր, մայր ու երկու երեխա)։ Հաջորդ գողությունը գրանցվեց քաղաքի կենտրոնում, տուժողն անհատ ձեռներեց էր, ով զբաղվում էր առևտրով ու խանութ ուներ։ Ֆինանսական առումով բավականին հաջողակ էր ու գողոնը անհամեմատ մեծ էր։ Դեռ չէր ավարտվել խանութպանի տան զննումը, երբ ոստիկանության հերթապահ մասի վահանակի վրա կանչ գրանցվեց՝ թալանվել էր առանձնատուն։ Այս անգամ կողոպուտի վայրը ուշագրավ էր, գլխավոր դատախազության հարևանությամբ ու ամենաուշագրավը' դատախազության քննիչի տուն էր։
Հանդուգն կողոպուտը լցրեց ոստիկանության աշխատողների համբերության բաժակը։ Ոտքի հանվեց ամբողջ օպերատիվ-հետախուզական մեխանիզմը։ Բայց ինչպես ասում են' <<շաբաթը ուրբաթից շուտ եկավ>>։ Գրանցվեց հինգերորդ կողոպուտն՝ այս անգամ թալանվել էր թոշակառու զույգի բնակարանը։
Քննիչները շատ բան չունեին՝ կային մատնահետքեր, բայց նրանք ոչ մի բազայում համընկնում չգտան։ Որոշ առարկայական հանցանշաններ նույնպես կային։ Խանութպանի տանը գտնվեց ծխախոտի մնացորդ (ոչ մի օգուտ)։ Տնօրենի տանը մի ոտնահետք կար' բավականին վատ պահպանված (ո՛չ մի տեղ, ո՛չ մի համընկնում)։ Դատախազության քննիչի տան տեսախցիկներից մեկը արձանագրել էր մի սիլուետ (նրանից ինչ֊որ բանի եզրահանգել անհնար էր)։ Կային նաև տուժողների վկայությունները։ Առաջին դեպքում կողոպտիչը միայնակ էր եղել, նա ատրճանակի սպառնալիքով կորզել էր տան եղած զարդերի տեղը, ապա մեկական հարվածով ուշաթափ արել տանտերերին ու ավարտել իր գործը։
Տնօրենի տան կողոպուտի ժամանակ տանը ոչ ոք չէր եղել։ Տուն վերադարձին ընտանիքն իրենց օջախը հայտնաբերել էր տակնուվրա արված ու թալանված։
Խանութպանի տան կողոպուտը կատարել էին կրկին երկու հոգի։ Գիշերով մտել էին տուն ու զենքի սպառնալիքի տակ տանեցիներին կապկպել ու փակել մի սենյակում։ Տանտիրոջը ծեծի ենթարկելով գտել էին փողի ու զարդերի տեղը, այնուհետ նրան նույնպես փակել սենյակում։
Առավոտյան' հարևանների ահազանգով ժամանած փրկարարները բացել էին դուռը (հարևանները անհանգստացել էին տանը շարժ չնկատելով ու անպատասխան զանգերից) ու հայտնաբերել կապկպված ընտանիքին ու տակնուվրա արված տունը։ Քննիչի տունը նույնպես կողոպտվել էր տանեցիների բացակայության ժամանակ։ Քարուքանդ անելով յուրաքանչյուր անկյուն ու հնարավոր թաքստոց' կողոպտիչները ավարով հեռացել էին։
Թոշակառուների տան կողոպուտը առանձնապես ջանք չէր պահանջել։ Գողը մուտք էր գործել շենքի առաջին հարկում գտնվող տունը լուսամուտից։ Տարեց մարդկանց զենքի պոչի հարվածով ուշագնաց արել ու տարել այն' ինչ հնարավոր էր, տունն ամբողջապես տակնուվրա անելով ։ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

ВЫ ЧИТАЕТЕ
ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸ
Mystery / ThrillerԿողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...