Կողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...
Իշխանյանն ու Սարուխանյանը միասին մեկնեցին դեպքի վայր։ Հերթական կողոպուտը կատարվել էր բազմաբնակարան շենքի վեցերորդ հարկում։ Մինչ քննիչները հասան հանցագործության վայր' այնտեղ արդեն աշխատում էին ոստիկանների ու փորձագետների խմբերը։ Տեսարանը սրտաճմլիկ էր՝ տակնուվրա արված տան հյուրասենյակում սեփական արյան լճի մեջ կիսաբերանքսիվայր ընկած էր միջին տարիքի տղամարդ՝ ծոծրակի մասում հրազենային վնասվածքով։ Տեսարանն ավելի սահմռկեցուցիչ էր դարձնում սպանվածի դեմքի երևացող մասը։ Գնդակը ծոծրակից մտնելով' դուրս էր եկել զոհվածի ձախ աչքից, որի այժմյան բացակայությունն է՛լ ահասարսուռ էր դարձնում առանց այն էլ դաժան տեսարանը։ Տունն ամբողջովին տակնուվրա էր արված, չկար ո՛չ մի դարակ, ո՛չ մի պահարան, ո՛չ մի անկյուն՝ առանց քրքրելու մնացած լիներ։ Գետնին թափված իրերի առատությունը խանգարում էր քննչական գործողություններին ու փորձանմուշների ձեռքբերումներին։ Սարուխանյանը մտախոհ հայացքով զզնում էր շուրջբոլորը փորձելով հասկանալ կատարվածը։ Տանը տիրող խառնաշփոթից դժվար էր կռահել՝ եղե՞լ էր դիմադրություն, որի արդյունքում էլ սպանվել էր տան տերը, թե՞ նա պարզապես հետքերն ու ականատեսին վերացնելու համար էր սպանվել։ - Ի՞նչ ես կարծում, Արտա՛կ, սա էլ կապ ունի՞ մյուս գործերի հետ,- դիմեց Սարուխանյանին Իշխանյանը։ - Չգիտեմ, Կամո՛, արդեն ոչինչ չգիտեմ։ Ի՞նչ է կատարվում, չեմ հասկանում։ Կողոպուտների տրամաբանությունը չեմ հասկանում։ Կարծել, որ բոլորը միանգամից սկսեցին կողոպուտով զբաղվել՝ մոտ կլինի ֆանտաստիկային։ Եթե գործում է հանցավոր խումբ, ապա ըստ վկաների կողոպտիչները եղել են կամ միայնակ, կամ երկուսով ու նրանց նկարագրերն էլ կցկտուր են ու իրար նման չեն։ Եվս մի հանգամանք՝ եթե թալանվեին ունևոր մարդկանց տներ՝ կմտածեի խումբ է գործում, բայց թալանվել է թոշակառույի տուն, որտեղ թալանելու առանձնապես բան էլ չկա։ Մի խոսքով անզորությունից պայթում եմ արդեն։ - Տղանե՛ր, կարծես այս անգամ բռնելու թելեր ունենք,-մոտենալով քննիչներին, խոսեց փորձաքննական խմբի ղեկավարը։ - Այսի՞նքն,- հետաքրքրվեց Իշխանյանը։ - Մատնահետքեր, ոտնահետքեր, արյան հետքեր ենք գտել, որոնք մահացածինը չեն, ծխախոտի մնացորդներ։ Սարուխանյանն ու Իշխանյանը զարմացած միմյանց նայեցին։ Նախորդ բոլոր հինգ կողոպուտներում կողոպտիչները առավելագույնս զգույշ էին գործել ու հետքեր' գրեթե չէին թողել, իսկ այժմ հետքերի նման առատություն։ - Ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից, ու դրա հետևանքով էլ ունենք դիակ, իսկ դիակի առկայությունն էլ առաջ է բերել խառնաշփոթ, որի հետևանքով էլ սկսել են անզգույշ գործել,-կարծիք հայտնեց Իշխանյանը։ Սարուխանյանը մռայլ էր ու չարձագանքեց գործընկերոջը։ Նրան մի միտք էր հուզում' րոպե առաջ գտնել ու ձերբակալել հանցագործներին, քանզի պարզ հասկանում էր, որ այս անգամ նրանք կանցնեն ընդհատակ ու հայտնաբերելը չափազանց դժվար կլինի, թեկուզև ինքնությունները հայտնի լինեն։ Ավարտելով օպերատիվ-քննչական գործողություններն ու սպանվածի մարմինը դիահերձարան տեղափոխելուց հետո, քննիչները վերադարձան բաժին, որտեղ նրանց սպասում էր Վարոսյանը։ Գնդապետի աշխատասենյակում սկսվեց խորհրդակցություն, որի ընթացքում հստակ որոշվեցին անելիքներն ու գործողությունների հետագա պլանը։
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Յուրաքանչյուրին հստակեցվեց իր անելիքներն ու գործողությունների ուղղվածությունը։ - Տղանե՛ր, բարդ իրադրության մեջ ենք, ու ակնկալում եմ յուրաքանչյուրիդ առավելագույն սրտացավությունն ու մասնագիտական ունակությունների կիրառումը,- եզրափակեց խորհրդակցությունը Վարոսյանը,- ո՛չ միայն հասարակության համար վտանգավոր երևույթի հետ գործ ունենք՝ արդեն դիակ ունենք։ Մեր բաժնի անունն ու մեր աշխատանքի հետագա արժևորումը կախված է մեր այս իրադրությունից դուրս գալու կարողությունից։ - Պարո՛ն գնդապետ, հասկանում ենք իրադրության ողջ լրջությունն ու ջանք չենք խնայի այս հանցագործությունները բացահայտելու համար,-որպես օպերատիվ խմբի ավագ իր խոսքը բարձրաձայնեց կապիտան Սարուխանյանը։ - Այժմ ազատ եք, գնացե՛ք, հանգստացեք, վաղը փորձանմուշների արդյունքները պարզ կլինի։ Առավոտյան ամեն մեկդ անցնի իր հանձնարարությունների լիարժեք կատարմանը։ - Լսու՛մ եմ,-միաբերան պատասխանեցին ենթակաները։ Դուրս գալով գնդապետի սենյակից, Սարուխանյանն ու Իշխանյանը փակեցին իրենց աշխատասենյակներն ու ուղղվեցին դեպի ելքը։ Արդեն դրսում կոլեգաները միմյանց հրաժեշտ տվեցին, ու յուրաքանչյուր նստեց իր մեքենան' լի վճռականությամբ վաղը ամբողջ ավյունով զբաղվել այս զազրելի հանցագործության կամ հանցագործությունների բացահայտմամբ։