Մանկապարտեզի շենքը գտնվում էր անմիջապես այգու հարևանությամբ։ Երկհարկանի բավականին մեծ մասնաշենքն արտաքինից ամբողջապես զարդարված էր մանկական նկարներով։
Շենքը մայթից բաժանում էր ճաղապատ պարիսպը, որի մայթի կողմում տեղադրված էին նստարաններ' նախատեսված ծնողների համար, ովքեր սպասում էին իրենց երեխաներին։ Աշխատանքային օրվա ավարտն էր ու նստարանները լրիվ զբաղված էին իրենց մանչուկներին սպասող տատիկ-պապիկներով, հայրիկ-մայրիկներով, հորաքույր-մորաքույրներով, հորեղբայր-քեռիներով։ Այդ պատկերը կրկնվում էր գրեթե ամեն օր' բացի հանգստյան օրերից։
Մեկ շաբաթ է արդեն Սարուխանյանն ու Մնացականյանն ամեն օր փոխելով կերպարները հետևում էին այդ պրոցեսին։ Նրանք մանկապարտեզի մոտ էին հայտնվում նաև առավոտյան ժամերին՝ երիտասարդի կամ տարեց մարդկանց տեսքով, մերթ որպես զույգ, մերթ միմյանցից առանձին։ Նպատակն էր հետևել այն փոքրիկ աղջնակին, որը մեծ հավանականությամբ որոնվող լրտեսուհու աղջիկն էր։ Դրան գումարած մանկապարտեզի վրա սահմանված էր շուրջօրյա հսկողություն։
Քննչական խմբին հաջողվել էր պարզել նաև դայակի ինքնությունն ու այն տունը, որտեղ բնակվում էր փոքրիկը։ Դայակը հիսունն անց միայնակ կին էր, նախկին մանկավարժ էր, որն առողջական խնդիրների պատճառով դուրս էր մնացել աշխատանքից ու ծնված օրից խնամում էր փոքրիկին։ Տունը որտեղ բնակվում էր փոքրիկը' մանկապարտեզից մեկ կանգառ էր հեռու ու դայակն ամեն առավոտ ու օրվա վերջում ոտքով երեխային տանում էր մանկապարտեզ ու հետ բերում։ Տան նկատմամբ նույնպես շուրջօրյա հսկողություն էր սահմանված։
Օրերն անցնում էին, սակայն ոչ մի փոփոխություն չկար ու օրեցօր այս փոքրիկ թելն էլ կարծես կտրվում էր։
Հսկողության տասներորդ օրն էր։ Կրկին օրվա ավարտին Սարուխանյանն ու Մնացականյանը մոտեցան մանկապարտեզին։ Այս անգամ Սարուխանյանը մորուսով ու կլոր գլխարկով արվեստագետ հիշեցնող պապիկ էր, որ դանդաղ մոտեցավ նստարաններից մեկին ու նստեց։ Արմինեն ջինսե տաբատով, սպորտային կոշիկներով ու սպորտային վերնաշապիկով դեռահաս էր, ով ըստ երևույթին' եկել էր քրոջ կամ եղբոր հետևից։
Թռվռուն աղջնակն իր տարիքի երիտասարդների նման կլանված ինչ-որ բան էր գրում, կամ կարդում հեռախոսով ու կողքից այն տպավորությունն էր, որ նա դժվար թե նկատի էլ, որ երեխան դուրս էր եկել մանկապարտեզից։ Բայց իրականում նա ոչ մեկին ու ոչ մի դրվագ բաց չէր թողնում նրանից' ինչ կատարվում էր շուրջը։
Սովորականի պես իր սովորական ժամին դայակը մոտեցավ պարտեզին, մտավ ներս։ Տաս րոպեից նա դուրս եկավ արդեն աղջնակի ձեռքը բռնած։ Սարուխանյանն ու Մնացականյանն ուշադիր հետևում էին թե՛ դայակին, ու թե՛ շրջապատում կատարվող իրադարձություններին։ Դայակը փոքրիկի գլուխը գորովալից շոյելով' զրուցելով փոքրիկի հետ անցավ հեռախոսի մեջ խորացած <<դեռահաս>>-ի կողքով ու ուղղվեց ոչ թե տան ուղղությամբ, այլ զբոսայգու։ Այդ փաստը չվրիպեց Արմինեի աչքից, իսկ այն փաստը, որ դայակն ի տարբերություն նախորդ օրերի' առավել քան քնքշորեն էր վերաբերվում փոքրիկին' ստիպեց նրան զգաստանալ ու նշան տալ <<պապիկ>>-ին, որ ինչ-որ բան այն չէ։ Պապիկը դժվարությամբ բարձրացավ տեղից ու ձեռքերը մեջքին ծալելով քայլեց դայակի ու երեխայի ուղղությամբ։ Զբոսայգու մուտքի մոտ պաղպաղակ վաճառող մարդուն հասնելով դայակը երեխային պաղպաղակ գնեց ու նրանք մտան զբոսայգի։
- Սառան է,- օձիքի մեջ ամրացված միկրոֆոնից Սարուխանյանին հայտնեց Արմինեն։
- Տիկինիկը զբոսայգում է, բաց չթողնեք նրան,- մնացած դիտակետերին հայտնեց Սարուխանյանը։
Արմինեն հասավ պաղպաղակ վաճառողին ու նրանից մի պաղպաղակ ուզեց.
- Նկարը,- փողը վաճառողին մեկնելով հարցրեց հակահետախուզը։
Վաճառողը պաղպաղակի սառնարանի վրա դրեց հեռախոսը, որի էկրանին երեխայի ու դայակի նկարն էր' արված սառնարանի հովանոցի ձողին ամրացված տեսախցիկով (վաճառողը նույնպես գործակալ էր)։ Լրտեսուհին կրկին դիմել էր կերպարանափոխվելու օգնությանն ու ներկայացել էր դայակի փոխարեն, բայց ի տարբերություն դայակի' նրա մոտ աչքի էր ընկնում կարոտի զգացումը, որը մայրը չէր կարող թաքցնել։
- Սառան է,- կրկին Սարուխանյանին հայտնեց կինը։
<<Պապիկ>>- մտավ զբոսայգի, իսկ նրա հետևից նաև <<դեռահասն>> ու տարբեր ուղղություններով շարունակեցին քայլել լրտեսուհու հետևից։
- Երեխայի մոտ նրան վերցնելը դաժան կլինի,- Սարուխանյանի ականջակալում կրկին հնչեց Արմինեի ձայնը։
- Ուրիշ առաջարկ ունե՞ս Մայր Թերեզա- պատասխանեց Սարուխանյանը։
֊Ես չկամ, ինքներդ արեք ամեն ինչ, ինձ միայն երեխան է հետաքրքիր։
- Խաղաղությա՛ն Աղավնի, ես էլ քարից չեմ, բայց այլ տարբերակ չկա։
- Թող գնան գրողի ծոցը բոլոր տարբերակները, երեխան մեղավոր չի։
- Սթափվիր Արմինե՛,ու մաքրի՛ր արցունքներդ, ինքս էլ չեմ ուզում, բայց հաջորդ անգամ չի լինի էլ։
- Երեխայի գլխից մազ չպակասի, նրան կթողնեք ինձ։
- Անցա՛նք գործի,- եզրափակեց Սարուխանյանը։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ВЫ ЧИТАЕТЕ
ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸ
Misteri / ThrillerԿողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...
