Երկրորդ հանցագործի որոնումների հարցում հետաքննիչները բախվեցին փակուղու՝ նա անհետացել էր։ Ոչ մի հետք, ոչ մի տեղեկություն, ոչինչ չկար, որ քննչական խմբին հուշեր նրա գտնվելու վայրը։ Երկրից դուրս գալը մնում էր առաջնային ուղղություն ու ամբողջ զգոնությամբ հսկվում էին երկրից մուտք ու ելքի թե՛ ցամաքային, ու թե՛ օդային ուղիները։
Սարուխանյանն ու Իշխանյանը ջանք ու եռանդ չէին խնայում այս գործում վերջակետ դնելու համար, բայց արդյունքը անմխիթար էր։ Գերասիմն անհետացել էր այնպիսի վարպետությամբ, որ կարծես նման մարդ երբեք էլ չէր եղել։
Որոնումների մի շաբաթը մոտենում էր իր եզրագծին, ու գնդապետ Վարոսյանի մոտ արդյունքների ամփոփումը շատ կարճ տևեց՝ արդյունք չկար։
Քննիչների հերթական աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, ու որոշել էին երեկոն անցկացնել գարեջուր վայելելով։
Արդեն դուրս էին գալիս շենքից, երբ հնչեց Սարուխանյանի հեռախոսի զանգը։
- Գերասիմին գտել են,- հնչեց հերթապահի ձայնը։
- Տեղն ասա՛, հենց հիմա խումբ եմ ուղարկում։
- Դու ավելի լավ է դիահերձարանի մեքենա ուղարկիր, նրա դիակն են գտել։
- Հասցեն ասա՛։
Լսելով հասցեն Արտակը դիմեց Իշխանյանին.
- Գերասիմի դին են գտել։
- Հասցեն ասա,- արագ նստելով իր մեքենան պատասխանեց Կամոն,- կհանդիպենք այնտեղ։
Սարուխանյանի ստացած հասցեն գտնվում էր քաղաքի ոչ բանուկ մասում, ծայրամաս այդ հատվածը չէիր համարի, բայց աշխուժությամբ էլ աչքի չէր ընկնում։ Այնտեղ հիմնականում տեղակայված էին պահեստներ, կամ փոքրիկ արհեստանոցներ։
Հատուկենտ տները ոչնչով աչքի չէին ընկնում, բացի կիսախարխուլ լինելուց։
Պահեստը, որի հարակից կիսաքանդ շինությունում գտնվել էր դիակը' վաղուց չէր օգտագործվում։ Թաքնվելու համար շատ հարմար վայր էր։ Մոտակայքում աղբանոց կար ու կոյուղագծերի քանդված մնացորդներ, որոնք լիքն էին կեղտաջրով ու անձրևաջրով։ Այս երկու <<բուրումնավետ>> տարածքները շրջակայքը լցնում էին քիմք այրող գարշահոտությամբ, ու հազիվ թե մեկի մոտ ցանկություն առաջանար վայելել այդ հոտը։Բայց փախստականի համար շատ հարմար թաքնվելու վայր էր' իր պաշտպանիչ <<բուրմունքով>>։ Շինությունը, որտեղ գտել էին դիակը' հարմարեցված էր գույությունը քարշ տալու համար։ Մահճակալ հիշեցնող մետաղաջարդոն' ծածկված դոշակի նմանությամբ մի երևույթով, կիսավեր սեղան ու երերուն աթոռ՝ ահա այս <<պալատ>>-ի <<գերճոխ>> կահույքը։
Դիակը գտնվել էր շատ պատահական՝ աղբանոցի <<տերեր>>-ից մեկը փաստորեն այս <<անշարժ գույք>>-ի տիրակալն էր։ Ուժեղ անձրևի ժամանակ չէր հասցրել հեռանալ աղբավայրից ու որոշել էր պատսպարվել իր <<ամառանոցում>>։ Սակայն անակնկալ հյուրը խաթարել էր անդորրը։
- Ե՞րբ է մահացել, Մանուկյա՛ն,- արդեն միջատների կեր դառնալուն հավակնող դիակը զզնելով' հարցրեց Իշխանյանը։
- Նախնական՝ երեք օր առաջ, ավելի կոնկրետ' դիահերձումից հետո կասեմ,-պատասխանեց Մանուկյանը։
- Իսկ նախնական՝ մահվան պատճառն ի՞նչ է,- հարցրեց Սարուխանյանը։
- Բռնության հետքեր չկան, Արտա՛կ ջան, հրազենային կամ ծակող-կտրող գործիքի վնասվածքներ՝ նույնպես չկան։
Տեսարանը ինքնին տհաճ էր, իսկ դիակի նեխման պրոցեսի սկսվելն ավելի էր զարհուրելի դարձնում այն։ Մարմնի կրծոտված մասերը պատված էին որդերով ու մանր թռչող միջատներով։ Դիակն ընկած էր <<մահճակալ>>-ից մի կես մետր հեռու, աջ ուսի վրա, ձախ ձեռքը սեղմած կրծքին։ Դեմքի ջղաձգված տեսքից կարելի էր դատել, որ ցավի զգացողություն է ունեցել մահվան մահճում։ Առաջին հայացքից ավերակի ներսում պայքարի հետքեր չկային, դրսում ոտնահետքերի առկայության մասին փափագելը լրիվ միամտություն էր' հորդառատ անձրևը իսպառ վերացրել էր ամեն ինչ, չնայած ներսում էլ միայն մահացածի ու դիակը գտնողի ոտնահետքերն էին։ Դատելով երկրորդի ոտնահետքերից, նա իրոք մեկ, կամ երկու ժամ առաջ էր եղել այնտեղ' ոտնահետքերը ցեխոտ էին ու թարմ, իսկ չոր ոտնահետքեր միայն մահացածինն էր։ Ըստ այդմ էլ մտածել, որ դին գտնողն էր սպանել մահացածին' անհիմն կլիներ, քանի որ դին մոտ երեք օրվա վաղեմություն ուներ։ Առանց այդ էլ շրջակայքի գարշահոտությունով ներծծված օդն է՛լ ավելի հեղձուկ էր դառնում դիակի արձակած նեխահոտից։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ճիգերի գերլարմամբ էին կարողանում շարունակել քննչական անհետաձգելի գործողությունները։
Նկատելով Մանուկյանի կավճագույն դեմքը' Արտակը մոտեցավ նրան.
-Մանուկյա՛ն, հենց հիմա հեռանում ես այստեղից, դու մեզ առողջ ես պետք։
- Արտա՛կ, սա իմ գործն է։
- Մանուկյա՛ն, գործը քո կյանքից թանկ չէ,- իրենը պնդեց կապիտանը։
- Իմից թանկ չէ, հետևաբար և հասարակության մյուս անդամների կյանքերից էլ թանկ չէ, ես իմ գործը պիտի պատշաճ կերպով կատարեմ, որ բացահայտվեն հանցագործությունները...
-Մանուկյա՛ն,- ընդհատեց նրան Իսախանյանը,- չենք քննարկում այլևս, մնացածը տղաները կանեն, իսկ հիմա ես կասեմ քեզ տուն ուղեկցեն։
- Ո՜նց եմ զզվում, երբ ինձ հաշմանդամի պես են վերաբերվում։
- Նախ հաշմանդամը մեզ հավասար մարդ է,- ոչ մի կերպ իր ասածից հետ չկանգնեց քննիչը,- երկրորդն էլ դու պիտի քեզ խնայես, որպեսզի քո ասածով շարունակես օգնել, բացահայտել հանցագործությունները։
Մանուկյանը ներքուստ զգալով գործընկերոջ իրավացի լինելը՝ այլևս չհակաճառեց նրան ու նստելով իրեն ուղեկցելու պատրաստակամ երիտասարդ սերժանտի մեքենան' լքեց տարածքը։ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ВЫ ЧИТАЕТЕ
ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸ
Misterio / SuspensoԿողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...