Կողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...
Ավարտելով դեպքի վայրի զննությունը' օպերատիվ խումբը վերադարձավ բաժին։ Փորձագետներն անցան իրենց գործին, իսկ քննիչները ներկայացան Վարոսյանին' հետագա անելիքները հստակեցնելու համար։ -Կարծես թե վերջ, պարո՛ն գնդապետ,- սկսեց Սարուխանյանը,- մեր երկրորդ հարձակվողը ըստ երևույթի հանկարծամահ է եղել, նրա գրպանում հայտնաբերված դեղերից դատելով՝ նա սրտի խնդիր է ունեցել, որի կանգն էլ դարձել է մահվան պատճառ։ Գողոնը նույնպես հայտնաբերվեց՝ այն թաքնված էր այդ կիսաքանդ շինության մեջ ու բավականին խնամքով։ Դատելով թաքստոցից՝ այն այնքան էլ վաղ չէր պատրաստված՝ ըստ երևույթին սպանությունից հետո էին գողոնը տեղափոխել այնտեղ, կամ հանցակցի սպանվելուց հետո Գերասիմը միայնակ էր գողոնը թաքցրել այնտեղ։ - Վատ չէ, բայց քո <<կարծեսը>> ենթատեքստ ունի,- ժպտալով կապիտանին դիմեց գնդապետը։ - Ենթատեքստ չէի ասի, պարո՛ն գնդապետ, պարզապես չեմ հասկանում սրանց կողոպուտների իմաստը։ Կողոպտելուց հետո գոնե նորմալ գողոն տանեին հետները։ - Նման տներն էլ թալանելը դժվար է, Արտա՛կ ջան։ - Չեմ ժխտի, պարո՛ն գնդապետ, բայց այն զգացողությունը, որ սրանք այդքան միամիտ չէին՝ նման ապուշ կերպով իրենց վերջը տալու համար՝ չի լքում ինձ։ - Ինչևէ, անհերքելի փաստերը ապացուցում են այն, որ սրանք էլ իրենց ոճի մեջ էին յուրահատուկ ու անիմաստ կերպարներ։ - Դիահերձման պատասխանն էլ ստանանք ու գործը փակենք,- խոսակցությունը եզրափակեց Իշխանյանը։ Հաջորդ օրը ստացվեց նաև երկրորդ հանցագործի դիահերձման արդյունքները։ Մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կանգը, որը արդյունք էր սրտամկանի հետ ունեցած խնդիրների։ Մահը վրա էր հասել դին գտնելուց երեք օր առաջ, դիակի վրա չկային բռնության հետքեր, ոչ մի վնասվածք, որը կարող էր առաջ բերել մահ։
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Այսպիսով հանցագործության պատկերը պարզ էր։ Առաքելյանն ու Ավագովը գալով հանցավոր համաձայնության' սկսել էին իրականացնել բնակարային կողոպուտներ։ Ընդհանուր առմամբ կատարել էին վեց կողոպուտ ու մեկ կողոպուտի անհաջող փորձ։ Առաջին հինգ կողոպուտները կատարված էր շատ մանրակրկիտ հաշվարկելով ամեն մանրունք, որի հետևանքով ոստիկաններին ոչ մի կառչելու տեղ չէր մնում։ Ահա վեցերորդ կողոպուտի ժամանակ ինչ֊որ բան այլ կերպ էր ընթացել ( թե ինչ՝ պարզել թերևս անհույս էր, քանի որ երեք ներկա գտնվողներն էլ կնքել էին իրենց մահկանացուները) և որպես հետևանք կողոպտիչները վերածվել էին մարդասպանների։ Այնուհետ խուճապի մատնվելով' կորցրել էին զգոնությունն ու բազմաթիվ հետքեր թողել, մինչև իսկ Ավագովը վնասվածք էր ստացել ու արյան հետքեր էլ կային։ Հասկանալով, որ այլևս բացահայտված էին կողոպտիչները' հավանաբար դիմել էին հուսատ քայլի՝ ևս մեկ կողոպուտ կատարել ու գումար ապահովել ընդհատակ անցնելու, կամ գուցեև երկրից փախչելու համար։ Այս անգամ, սակայն ամեն ինչ էլ ավելի վատ էր ընթացել ու ավարտվել էր կողոպտիչներից մեկի մահով (տանտերը դիմելով ինքնապաշտպանության' վերջինիս կյանքի հետ անհամատեղելի վնասվածք էր հասցրել)։ Տեսնելով հանցակցի մահը, երկրորդ հանցագործը դիմել էր փախուստի ու պատսպարվել ամայի վայրում, կիսաքանդ շինությունում։ Ունենալով սրտի հետ խնդիրներ ու վերջին իրադարձություններից այդ խնդիրներն է՛լ ավելի էին սրացել ու Գերասիմի սիրտն այլևս չէր դիմացել։ Հավաքելով ամբողջ փաստահանցանշանային բազան, որով լիովին ապացուցվում էին Առաքելյանի ու Ավագովի մասնակցությունը կողոպուտներին, նրանց կողմից կատարված սպանությունը, քննչական խումբը որոշում կայացրեց դիմել դատախազություն' համապատասխան միջնորդությամբ, որպեսզի գործը փակվի։ Հաշվի առնելով, որ հանցագործություն կատարողներն ակնհայտ էին ու նրանք այլևս ֆիզիկապես գոյություն չունեին' հետևաբար և պատիժ կիրառելն անհնար էր, ինչպես նաև առկա էր գողոնի գերակշիռ մասը, դատախազությունը որոշում կայացրեց փակել գործը։ Վարոսյանն իր ենթակաների հետ հանգիստ շունչ քաշեցին։ Եվս մեկ խոշոր հանցագործության բացահայտում գրանցվեց նրանց օգտին։ Հաջողությունն իհարկե պիտի նշվեր ու ենթակաները Վարոսյանին հրավիրեցին իրենց սիրելի գարեջրատուն' վայելելու այնտեղի հրաշալի գարեջուրը։ Գնդապետը չմերժեց իր ենթականերին ու գոհունակությամբ ընդունեց նրանց հրավերը։ Երեկոն անցավ մտերմիկ զրույցի ու դառնահամ գարեջրի գավաթների ներքո։ Սկսելով մասնագիտական թեմաներից' սեղանակիցները հետզհետե տարածվեցին այլ թեմաների շուրջ ևս։ Բավականին երկար զրուցելուց հետո ոստիկանները որոշեցին գնալ տուն հանգստանալու, երբ նրանց մոտեցան մի կոկիկ հագնված տղամարդ ու մի կին. -Բարև՛ ձեզ, - նստածներին ողջունեց տղամարդը։ Սեղանակիցները զարմացած մեկ֊մեկու նայեցին ու հայացքներից պարզ էր, որ երեքից և ոչ մեկն էլ չէր ճանաչում մոտեցողներին։