Առաջինը խոսեց Արմինեն.
- Տունը հսկողության տակ է, փորձագետներն ամեն ինչ ավարտել են, նախնական տվյալներով երկու տները բաժանող պարսպի հակադիր կողմերում հայտնաբերվել են լրտեսի ոտնահետքերը։
- Հեռախոսազանգերը վերծանելով պարզեցի, որ Գուրգենի ձերբակալման առավոտյան' նրա հարևանուհին տաքսի է կանչել,- իր աշխատանքի մասին զեկուցեց Իշխանյանը։
- Գուրգենի տան նկատմամբ հսկողություն սահմանողների կատարած նկարահանումներից երևում է, թե ինչպես է լրտեսը դուրս գալիս տնից ու քայլում հարակից մայթով, շուտով նա կորում է տեսադաշտից,- իր հերթին զեկուցեց Սարուխանյանը։
- Հեռախոսահամարով պարզեցինք տաքսու վարորդի ով լինելը, նրա միջոցով էլ ընկերության անունը։ Ընկերությունում մեզ տրամադրեցին մեքենայի երթուղային քարտեզի տվյալները, որից էլ վերծանեցինք մեզ հետաքրքիր երթուղին։ Տանից մոտ հինգ հարյուր մետր հեռու' լրտեսը նստել է տաքսին ու ուղևորվել քաղաքի ամենամեծ հանրախանութը։ Այդտեղ մեր թելը կտրվեց,- հիասթափությունը չթաքցրեց Իշխանյանը։
- Անհապաղ երեքով գնացեք այդ հանրախանութ, մինչև տեղ հասնեք' տեսախցիկների տեսագրությունները ձեզ կսպասեն։ Գտե՛ք նրան։
Գործընկերները կես ժամից արդեն նստած էին հանրախանութի անվտանգության պետի սենյակում ու ուսումնասիրում էին տեսագրությունները։ Համար հինգ մուտքից երևաց ինչպես է քննիչներին հետաքրքրող մարդը մտնում հանրախանութ, այնուհետ նա խառնվում է այցելուների հոծ բազմությանը։ Մի պահ Սարուխանյանը նորից գտավ նրան, բայց հաջորդ պահին նա կրկին անհետացավ բազմության մեջ։
- Սրան գտնել չի լինի, կորավ- եզրակացրեց Իշխանյանը։
Արդեն ժամից ավել երեքն էլ ուշադիր հետևում էին տեսագրություններին, բայց նրան ում փնտրում էին, ոչ մի տեղ չհաջողվեց նկատել։
- Միևնույնն է, նա պիտի ի վերջո դուրս գա շենքից,- կարծես ինքն իր հետ խոսեց Արմինեն։
Կինը չէր հասցրել ավարտել բարձրաձայն մտածելը, երբ լսվեց Սարուխանյանի բացականչությունը.
- Մի րոպե, Կամո՛, ապա հետ տուր կադրը։
Իշխանյանը կատարեց ընկերոջ պահանջը։
- Բավակա՛ն է,- կասեցրեց նրան Արտակը։
Իշխանյանը կատարեց ընկերոջ նաև այս պահանջը։
- Հիմա միացրու տեսագրությունն ու դանդաղացրու կադրը։
Իշխանյանն առանց առարկության կատարեց այն' ինչ պահանջում էր գործընկերը։
Կադրում տասնչորսերորդ մուտքն էր, որտեղից դուրս էր գալիս մի կին՝ երկար զգեստով, ակնոցներով, երկար մազերը ծածկում էին նաև դեմքի վերևի հատվածն այնպես, որ մի անգամ նրան տեսնողը դժվար թե հաջորդ անգամ ճանաչեր նրան։
- Դադար տո՛ւր,- կրկին խոսեց Սարուխանյանը։
Իշխանյանը սեղմեց դադարի կոճակը։
- Լրտեսի տանից դուրս գալու տեսագրությունն է պետք,- մտախոհ շարունակեց Արտակը,- ու շատ արագ։
- Կբացատրե՞ս,- հարցրեց Արմինեն տեսագրությունով կրիչը նրան մեկնելով։
- Կամո՛, գտիր նրա տանից դուրս գալու մասը,- առանց Արմինեին պատասխանելու Իշխանյանին դիմեց Արտակը։
Իշխանյանը գտավ այդ կադրն ու արդեն հասկանալով ինչ է ուզում պարզել գործընկերը' տեսագրությունը դադար տվեց։ Կադրում հավանական լրտեսն էր՝ կարճ մազերով ու սպորտային համազգեստով։
- Արտա՛կ, դու քննիչ ես մեծատառով,- գրիչով երկու կադրերում կնոջ ձեռքի ժամացույցը ցույց տալով բացականչեց Արմինեն։
Իշխանյանը կրկին կռահելով իր անելիքը՝ միացրեց տեսագրությունը։ Կինը դուրս գալով շենքից նստեց նրա դիմաց կայանված տաքսիներից մեկը։
- Կարո՞ղ ենք պարզել տաքսու երթուղին,- հարցրեց Արմինեին Սարուխանյանը։
- Եթե տաքսին պատկանում է ընկերության՝ ապա այո, հիմա կփորձեմ։
Հանրախանութից ստանալով անհրաժեշտ տեղեկություններն ու պարզելով, որ լրտեսը կերպարանափոխման համար զգեստներն ու կեղծամը գնել էր կանխիկ գումարով (այստեղ էլ հետքը կտրվեց) խումբը վերադարձավ վարչություն, ուր նրանց սպասում էին Եփրեմյանն ու Վարոսյանը։
Վերադասին ներկայացնելով ստացված տեղեկությունները, նրանք սպասում էին տաքսու երթուղու մասին տեղեկությունների։ Արմինեին հաջողվել էր պարզել, որ մեքենան պատկանում է ուղևորափոխադրող ընկերություններից մեկին ու ուներ ուղերթները կառավարելու համակարգ։
Խումբը հասկանում էր, որ լրտեսը պատահական չէր ընտրել հանրախանութն ու նպատակն էր խառնվելով ամբոխին կերպարանափոխվելու միջոցով կորցնել հետքն ու շատ հնարավոր է, որ հետագա երթուղին կօգնի իրենց բացահայտել նրա գտնվելու վայրը։ Իսկ եթե չկարողանան հետքին դուրս գալ' ապա դժվար թե էլ երբևէ կարողանան գտնել նրան։
Արմինեի հեռախոսին ստացված զանգը զգաստացրեց բոլորին։ Ամեն ինչ այդ զանգից էր կախված, կամ հիմա, կամ երբեք։
Զանգին պատասխանելու ընթացքում Արմինեի դեմքը գնալով մռայլվեց, աչքերում հայտնվեցին զայրույթի ու հիասթափության ալիքներ։
- Նա իջել է զբոսայգու մոտ ու վարորդի խոսքերով' մտել զբոսայգի,- անջատելով հեռախոսը հակահետախույզը լսածը փոխանցեց հավաքվածներին։
- Վե՛րջ, մենք նրան կորցրեցինք,- կատաղությունը չթաքցրեց Եփրեմյանը։
- Անհրաժեշտ է ստուգել այգին,-հույսը դեռ չկորցրած խոսեց Սարուխանյանը։
- Ապարդյուն է, Արտա՛կ ջան, այնտեղ տեսախցիկներ չկան։
Տիրեց լռություն...ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

ВЫ ЧИТАЕТЕ
ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸ
Mystery / ThrillerԿողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...