Երեկոյան Երևանն ամենահեքիաթային տեղն է աշխարհում։ Այնքան սեր կա այդ քաղաքի գիշերներում, այնքան խաղաղություն։ Փողոցը լուսավորող լուսամփոփներն էլ ավելի ճոխ տեսք են տալիս քաղաքին։ Անձրևաջրերում պսպղում էին լույսերն ու Երևանը "լողում էր" լուսե ծովերում։ Իսկ այդ չքնաղ տեսարանն ամբողջանում էր իր անցորդներով, ու ամբողջացնում նրանց ներաշխարհն ու ներկան։
Ուիլյամն ու Մարթան օրոր շորորալով քայլում էին Երևանի գիշերներում, ու վայելում պահի գեղեցկությունը։
-Ուիլ, այնքան կուզեի մի էնպիսի կորած տեղ լիներ, որ գնայինք ու ոչ ոք չլիներ։ Նստեինք ու մեզ ուրիշ մոլորակում պատկերացնեինք։
-Նման պահերի համար միշտ տանիքներ են ընտրում։
-Չէ՜, ես հողին կպած մի բան եմ ուզում, որ քաղաքին հավասար լինեմ։
-Ուրիշ մոլորակ ես ուզում, բայց քաղաքին հավասա՞ր։
-Հա՜, մեր քաղաքն ինքն իրենով ուրիշ մոլորակ է ամբողջ աշխարհից կտրված։
-Թատրոնը քեզ իրոք արվեստագետի է վերածել։
-Թատրոնը շատ բաներ է բացահայտում մարդկանց մեջ։
-Քանի որ թատրոնից ենք խոսում, մի հարց եմ ուզում տալ։ Կա՞ ինչ-որ դրվագ, որ դեմ է քո կարծրատիպերին, ու չես խաղա։
-Իհարկե։ Ես կիսամերկ բեմ չեմ բարձրանա, բաց տեսարաններն առհասարակ ինձ համար չեն։ Ասենք ինչ-որ տղայի հետ, որին միայն թատրոնի պատերից ներս գիտեմ։
-Իսկ համբո՞ւյր։
-Չգիտեմ։ Դա գուցե և։
-Դու կարող ես համբուրել ցանկացածի՞ն։
-Դրա մեջ վատ բան չկա կարծում եմ։
-Բայց ո՞նց կարող ես դիպչել մեկին, ում չես սիրում։ Ասենք դա լինի առաջին համբույր թատրոնի բեմին կանգնած ինչ-որ անծանոթի հետ, ում հանդեպ ոչինչ չես զգում։
-Լավ ասացիր գիտե՞ս, ում հանդեպ ոչինչ չես զգում։ Ցանկացածին համբուրելիս ես չեմ զգա այն, ինչ...,-նա տղային շատ մոտ գնաց, ու շուրթերին նայելով շարունակեց խոսել,-Ինչ քեզ համբուրելիս կզգամ,-նրանց շուրթերն իրար կպան։ Ուիլյամը չէր հասկանում, թե ինչ էր զգում։ Ամեն բան իրար էր խառնվել։ Նա չգիտեր, թե ինչ է կատարվում հենց հիմա, հենց իր հետ, այս աղջկա կողքին, ով չի՛ վախենում խոսել իր զգացմունքների մասին։ Իսկ Մարթան երանության մեջ էր, ու կարծես թե Ուիլյամին բաց թողնելու միտք չուներ։ Բայց ստիպված էր ետ քաշվել, որովհետև իրեն հաստատ վատ կզգար, եթե Ուիլյամն առաջինը դադարեր համբուրել։ Պոկվելով նրա շուրթերից Մարթան Ուիլյամի վիզն ընկավ։ Ուիլյամը չէր գրկել նրան, որովհետև վստահ չէր, որ այս պահն իրական է։
-Ներիր,-տղայի վիզն ընկած ասաց Մարթան։
-Ամեն բան կարգին է, հանգիստ եղիր,-Ուիլյամը աջ ձեռքով մի քանի վայրկյան թփթփացրեց աղջկա մեջքին։ Քիչ անց Մարթան բաց թողեց Ուիլյամի պարանոցն ու շարունակեց խոսել.
-Դու գիտես, որ ես երկար ժամանակ է անտարբեր չեմ քո հանդեպ Ուիլ, ու ես չեմ վախենում խոսել այն մասին, որ սիրում եմ։ Ես խիզախ աղջիկ եմ, աշխարհում բոլորից խիզախ։ Ես կարող եմ օձերով լիքը տարայի մեջ մտնել, ու չեմ վախենա, բայց հիմա այս խաղաղ պահին, քաղաքում, գիշերվա անդորրի մեջ ես վախենում եմ քո պատասխանից, որովհետև վստահ եմ՝ բացասական է։
-Լսիր Մարթա։ Ես քեզ խաբել չեմ ուզում, ախր դու այնքա՜ն լավն ես, բայց ես չեմ կարող։ Հիմա չեմ կարող։
-Պատմիր ինձ։
-Ի՞նչ պատմեմ։
-Այն աղջկա մասին, ում սիրել ես։
-Ի՞նչ աղջիկ։
-Ում պատճառով սիրել չես կարողանում։ Պարզից էլ պարզ է, որ քեզ կոտրել են։
-Չէ՜ ինձ չեն կոտրել, երևի ավելի շատ ես եմ կոտրել։ Ես նրա հավատն եմ կոտրել, վստահությունն եմ կորցրել։
-Ուզո՞ւմ ես խոսել։
-Եթե հետաքրքրում է, կասեմ։
-Իհարկե։
-Մենք նույն կուրսից էինք, բայց նա շատ փոքրիկ էր,-ժպտաց, սառեց մի կետի ու շարունակեց խոսել, իսկ Մարթան նայում ու կարծես թե խանդում էր այն հիացմունքին, որով տղան խոսում էր այդ գնացած, բայց մնացած աղջկա մասին,-Նա ամենափոքրիկն էր։ Նա ինձ համար աշխարհում բոլոր երեխաներից էլ փոքր էր, որովհետև նա ասես իմ աղջիկը լիներ, իր փոքրիկ մարմնով ու բարակ մատներով, որոնք անդադար գիրքն էին թերթում։ Նա տասնչորս տարեկան էր, երբ ծանոթացանք։ Այնքան խելացի էր, որ մի քանի տարի շուտ էր ավարտել դպրոցն ու համալսարան տեղափոխվել։ Պատկերացնո՞ւմ ես, նա դասախոսներից շատ բան գիտեր, բայց ի զարմանս ինձ, բոլորի, ու անգամ նրա, նա խելքը չէր գցել սովորելուց։ Տասնչորս տարեկան այդ աղջիկը բոլորիցս հասուն էր մտածում, բոլորիցս արդար ու ճիշտ էր։ Նա ընկերներ չուներ, երբեք չէր ունեցել։ Վախենում էր, որ մարդիկ կոտրեն, ու չէր վստահում ոչ ոքի։ Բայց ինձ բախտ վիճակվեց երկու տարի նրա լավագույնն ու անբաժանը լինել։ Մենք անգամ ընտանիքներով մտերմացանք, առիթներին բոլորով էինք հավաքվում։ Բոլորը գիտեին, որ սիրում եմ նրան, բացի նրանից։ Իսկ երբ նա իմացավ, այդ օրը եղավ վերջինը...
Նա չներեց ինձ, որ խաբել ու ասել եմ, թե մեր մեջ ոչինչ չկա, բայց թաքուն սիրել ու հետագա պլաններ եմ կազմել։
Նա երկար ժամանակ կորած էր, չկար, դասի չէր գալիս։ Վախենում էի իրենց տուն գնալ, ամաչում էի։ Իսկ հետո իմացա, որ ընդունելով համալսարանի առաջարկը, մեկնել է Անգլիա սովորելու։ Չորս տարի շարունակ ես չեմ խոսել նրա ընտանիքի անդամների հետ, ես չեմ տեսել նրանց։ Գուցե մեր ծնողները կապը պահում էին, բայց ես ոչ մի կապ չունեի։ Ինձ թուլամորթ եմ զգում, ու կարծում եմ, որ անհարգալից եմ վարվել նրա ընտանիքի հետ։ Վերջերս հանդիպեցի նրա փոքր քրոջը։ Աստված իմ այնքան էր մեծացել, որ չէի ճանաչել։ Հետո նորից հանդիպեցինք, ու իմացա, որ վերադարձել է Անգլիայից։ Երդվում եմ՝ սարսափեցի։ Սարսափեցի, որովհետև մի օր նրան էլ կարող եմ այդքան հանկարծակի տեսնել։ Վախենում եմ, որ չեմ ճանաչի։ Նա արդեն քսան տարեկան է։ Երևի բարձրակրունկներ է հագնում, շպարվում է։ Չորս տարի է անցել, բայց ինձ համար արդեն սովորական է դարձել այն փաստը, որ չի անցել ինձնից, ու չի անցնի երբե՛ք։
-Սերն էլ ժամկետ ունի։ Չորս տարի ասում են։ Քո չորս տարին անցել է, ու դու մի օր կարթնանաս ու կհասկանաս, որ էլ ոչինչ չես զգում նրա հանդեպ։
-Դա չի՛ պատահի ինձ հետ։ Ես չեմ կարող ամբողջ գիշեր նրա մասին մտածել, ու առավոտյան արթնանալ այնպես, ասես նա չի էլ եղել։ Ես գուցե սիրահարվեմ, ընտանիք կազմեմ, երեխաներ ունենամ, բայց երևի միշտ կհիշեմ նրան։ Գուցե այլևս չսիրեմ, բայց հաստատ կհիշեմ, որպես առաջին սեր։
-Ասում են, որ առաջին սերը չի մոռացվում։
-Էդպես էլ կա։
-Գիտեմ։
-Սիրե՞լ ես։
-Ա՜հ, մի հիշեցրու,-սկսեց ծիծաղել։
-Ինչո՞ւ, պատմիր։
-Դե մենք հանդիպեցինք ընկերուհուս ծնունդի ժամանակ։ Նրա բարեկամներից էր, կարծեմ մորաքրոջ տղան էր։ Քսան տարեկան էր, ես էլ տասնութ։ Պարի հրավիրեց, չմերժեցի։ Ես ինձ ֆիլմի հերոսուհի էի պատկերացնում այն պահին, երբ աչքերիս էր նայում։ Հետո ինձ տուն ճանապարհեց, ու ճանապարհին հասցրինք ավելի մոտիկից ծանոթանալ։ Փոխանակվեցինք համարներով, սոց կայքերով, ու սկսեցինք առավոտից երեկո խոսել։ Ես ուժգին սիրահարվել էի նրան։ Դա դա դադա՜մ, հասավ համալսարանի պահը, նա իմացավ իմ որոշման մասին, որ ուզում եմ Հայաստան գալ ու դառնալ դերասանուհի, և հո՛փ, "Դու չե՛ս կարող դերասանուհի դառնալ, ես դա թույլ չեմ տա, կամ ես կամ քո գրողի տարած թատրոնը'', իսկ ես բնականաբար ընտրեցի իմ գրողի տարած թատրոնը, ու թքած թե ինչ եղավ նրա հետ։ Ես գուցե իսկապես սիրում էի նրան, բայց եթե նա էլ ինձ նույնկերպ սիրեր, չէ՛ր ցանկանա կտրել ինձ իմ երազանքից։ Ու, եթե նա այնքան ստոր է, որ կարող է իմ երազանքների ու իր մեջ ընտրության նժար դնել, ապա իմ երազանքներն ավելի ծանր են։ Նա չընդունեց ինձ այնպիսին, ինչպիսինը որ կայի, ուրեմն երբեք էլ չի ընդունի իմ տեսակը։ Եթե ես անգամ թատրոնը թողնեի հանուն նրա, ապա նա մի ուրիշ պատճառ կգտներ, որ նորից փոխեր ինձ, իսկ ես խամաճիկ չե՛մ, որ անեմ այն, ինչ կհրամայեն։ Ես մարդ եմ, որ ունի սեփական ուղեղ, ցանկություններ, զգացմունքներ ու կյանք։ Կյանք, որը կարծում եմ իրավունք ունեմ ի՛նքս տնօրինել։
-Հա համաձայն եմ։ Բայց ներիր, ես ինքս էլ չեմ ցանկանա, որ կինս համբուրվի այլոց հետ։
-Դե երբ ամուսնության առաջարկություն կանես, թող մատանու ներսում գրված լինի "համբուրիր միայն ինձ",-Ուիլյամը ծիծաղում էր,-Կարևորը, որ չստիպես պոկվել երազանքից, ոչի՛նչ, թող մի բան էլ արգելված լինի։ Հաստատ մեծ կորուստ չէ սրան նրան չհամբուրելը։
-Հասկացանք իրար։ Բայց շատ ուղիղն ես է։
-Հաստատ դա ավելի լավ է, քան սարեր ձորերի ետևից ձայն տալը։
-Հաստա՜տ։
-Գնա՞նք արդեն տուն, ուշ է։
-Գնանք։
VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Acción> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜